Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ, ԲԱՅՑ…

Օգոստոս 03,2006 00:00

«Հայաստանում
որոշակի ուժեր, իրոք, սպառնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարությանը, եթե նա համաձայնի
առաջարկվող «փուլային» տարբերակին»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Էլդար
Նամազովը: Այն, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների
առաջարկություններն այլեւս փոխադարձաբար ընդունելի են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի
ղեկավարության կողմից՝ վկայում են երկու երկրների պաշտոնական շրջանակների հայտարարությունները:
Վերապահումներ այդ առաջարկների վերաբերյալ, իհարկե, երկուստեք կան, ու թեեւ դրանք
վերաբերում են գրեթե նույն հարցադրումներին՝ տարածքների վերադարձ ու հանրաքվեի անցկացում,
այդուհանդերձ, կողմերի փաստարկներն այդ առնչությամբ միանգամայն տարբեր են: Օրինակ,
Հայաստանում ոմանք, այդ թվում՝ իշխանական ճամբարում, օրինակ՝ ՀՅԴ-ն, եւ ընդդիմադիր
կուսակցություններից ու հասարակական կազմակերպություններից որոշները դեմ են տարածքների
հանձնմանը՝ առանց ԼՂ կարգավիճակի որոշակիացման, նաեւ՝ հանրաքվեի գաղափարին, համարելով,
որ մի անգամ ԼՂ-ում արդեն նման՝ ինքնորոշման ու Ադրբեջանից անկախացման, հանրաքվե
անց է կացվել: Թե ի՞նչ են մտածում այդ առաջարկների առնչությամբ Ադրբեջանում՝
հարկ է, թերեւս, ներկայացնել երեկ ադրբեջանական «Day.az»-ում հրապարակված մի հարցազրույց,
որտեղ այս ամենի առնչությամբ իր տեսակետն է ձեւակերպել ադրբեջանցի քաղաքագետ Էլդար
Նամազովը: Ի դեպ, այդ տեսակետները համահունչ են նաեւ օրերս ադրբեջանցի քաղաքական
ու հասարակական մի շարք գործիչների ու մտավորականների ընդունած հայտարարությանը:
Այսպես, Է. Նամազովը պատասխանելով այն հարցին, թե որո՞նք են ԵԱՀԿ ՄԽ առաջարկների
առավելությունները նախորդների համեմատ, որոնք պաշտոնական Բաքվում արդեն գնահատվել
են որպես բավականին հավասարակշռված եւ ընդունելի՝ ասել է. «Պետք է ընդգծել, որ մենք
ի սկզբանե ճշտումներ ենք արել ու սեփական տեսանկյունից ենք մեկնաբանել այդ առաջարկների
տեքստը հիմնականում երկու սկզբունքների վերաբերյալ, որոնց հետ համաձայն չէինք՝ Քելբաջարի
ու Լաչինի ազատման «հատուկ վերաբերմունքի» եւ հանրաքվեի վերաբերյալ: Քանի որ համանախագահներն
իրենց առաջարկներում օգտագործել են արտահայտություններ, որոնք կարող են երկիմաստ
մեկնաբանվել, ուստի մենք դրանք մեկնաբանել ենք յուրովի՝ համաձայն մեր ազգային շահերի:
Այն է՝ Քելբաջարն ու Լաչինը պետք է ազատվեն՝ ինչպես մյուս գրավյալ տարածքները, իսկ
«հատուկ վերաբերմունքը» կարող է վերաբերել, ասենք՝ այդ տարածքներով անցնող հաղորդակցական
ուղիներին, բայց ոչ այդ շրջանների տարածքային պատկանելությանը: Միայն մեր մեկնաբանությունը
հաշվի առնելու դեպքում է, որ մեզ համար այդ սկզբունքն ընդունելի կլինի»: Անդրադառնալով
ԼՂ-ում հանրաքվեի անցկացմանը, որի վերաբերյալ ձեւակերպումներ կան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների
առաջարկներում, ապա՝ Է. Նամազովի փոխանցմամբ, իրենց վերապահումները վերաբերում են
նաեւ այդ կետին, որոնց վերաբերյալ ադրբեջանցի քաղաքական ու հասարակական գործիչները
վերաբերմունք են հայտնել օրերս հրապարակված իրենց հայտարարությունում: Քաղաքագետի
ասելով, այդ կետի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը բավականին
լղոզված է: «Պետք է ընդգծել, որ ընդհանրապես հանրաքվեի դեմ հանդես գալ չարժե այն
պարզ պատճառով, որ ցանկացած խաղաղ համաձայնություն, այդ թվում՝ մեր առաջարկած պայմաններով,
նախատեսում է հանրաքվեի մեխանիզմի կիրառում: Օրինակ, եթե հայկական կողմը համաձայնի
ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակին, ապա այդ ինքնավարությունը
նրանց անհնարին է տալ Ադրբեջանի նախագահի կամ նախարարների կաբինետի հրամանագրով:
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե եւ համապատասխան փոփոխություններ կատարել Ադրբեջանի
Սահմանադրության մեջ: Ուստի մենք հանրաքվեին՝ ընդհանրապես, դեմ չենք, այլ դեմ ենք
այն բանին, որ այդ հանրաքվեն անցնի միմիայն ԼՂ-ում ու գրավյալ ադրբեջանական տարածքներում:
Ամենաճիշտ ճանապարհը՝ տարածքների ազատագրումից, փախստականների վերադարձից հետո, այն
է, որ բանակցություններ լինեն ԼՂ կարգավիճակի շուրջ: Երբ այդ բանակցությունները կոնկրետ
արդյունք տան՝ համաձայնեցված կարգավիճակի մոդելը կարելի է նաեւ համազգային հանրաքվեի
դնել: Այլ տարբերակներ, որոնց միջոցով հայկական կողմն ուզում է ձեւականորեն օգտագործել
ժողովրդավարական կանոնակարգերը՝ ԼՂ-ն անեքսիայի ենթարկելու համար, երբեք Ադրբեջանի
կողմից ընդունելի չեն լինի»: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այդ պայմաններին
հայկական կողմը կհամաձայնի, քաղաքագետ Նամազովն ասել է, թե՝ «Ռամբույեում եւ Բուխարեստում
նրանք այդ առաջարկները չէին ընդունել: Վերջին օրերին Հայաստանի որոշ չինովնիկներ
հայտարարել են, որ այդ սկզբունքներն ընդունելի են: Շատերը դրան դեմ են հանդես գալիս,
բայց Ռ. Քոչարյանն առայժմ լռում է»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել