Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՍՏԵՂ ԴԺՎԱՐ Է ԱՊՐԵԼԸ»

Օգոստոս 02,2006 00:00

Ճամբարակ
քաղաքը նույն խնդիրներն ունի, ինչ շրջակա բոլոր գյուղերը Մարդիկ դժգոհում
են ինֆորմացիայի պակասից, ասում են՝ թերթի կրպակներ չկան, իսկ 1-2 օրինակի համար
«Հայփոստը» բաժանորդագրություն չի կազմակերպում: «Էստեղ շատ դժվար է ապրելը: Հեռուստատեսությամբ
խեղաթյուրված ինֆորմացիա ենք լսում, այնպիսի թվեր են ասում տնտեսական աճի մասին,
որ զարմանում ենք՝ կարո՞ղ է շատ լավ ենք ապրում, գլխի չենք ընկել»,- ասացին տեղացիները,
ավելացնելով, որ աշխատունակ բնակչության 40%-ը վաղուց հեռացել է: Ճամբարակցի երիտասարդները
Երեւանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո գերադասում են մայրաքաղաքում վաճառող
կամ մատուցող աշխատել, քան ծննդավայրում՝ ուսուցիչ: Մյուս կողմից, այստեղ, այսպես
թե այնպես, աշխատատեղեր չկան: Տեղացի կանայք էլ դժգոհ են հատկապես ցերեկվա ժամերին
հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող էրոտիկ ֆիլմերից: «Թերթում գրեք, որ իմանան՝
մեզ սեքս պետք չէ, մեզ սեքսը չի հետաքրքրում»,- բողոքեց մի ուսուցչուհի: Մեկն էլ
ասաց, թե Ճամբարակը Գեղարքունիքի մարզի միակ քաղաքն է, որ Սեւանա լճին մոտ լինելով
հանդերձ, լճից չի օգտվում՝ տրանսպորտի բացակայության պատճառով: Փոխքաղաքապետ Ազատ
Թորոսյանն էլ փաստեց, որ 2005-ի նոյեմբերից 74 մլն դրամի պարտք են ժառանգել նախորդ
քաղաքապետից, մինչդեռ «այդ գումարով կարելի էր մշակույթի ու սպորտի օջախներ աշխատեցնել»:
Ճամբարակում չկա գործող եկեղեցի, չկան հայորդաց տներ, երբեմն հարկ եղած դեպքում
հրավիրում են տեղի զորամասի քահանային: Ճամբարակի թիվ 2 դպրոցի ուսուցիչներն էլ նշեցին,
որ ուզում են մասսայական մկրտություններ կազմակերպել՝ մոլեգնող աղանդավորության ճիրաններից
աշակերտներին փրկելու համար: Դիտարկմանը, թե վեհափառն արգելել է մասսայական մկրտությունները,
որովհետեւ բազմաթիվ մարդիկ չեն կարող 1 քավոր ունենալ (քավորի խորհուրդը իր սանիկի
հոգեւոր դաստիարակությամբ զբավելն է-Գ. Հ.), մի ուսուցչուհի պատասխանեց. «Քավորն
էլ պետք է կնքված լինի, սակայն այդքան մկրտված քավոր մեր քաղաքում որտեղի՞ց գտնենք»:
Ճամբարակի թիվ 2 դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Նվարդ Ստեփանյանը
եւս մտահոգված է, որ տարածքում չկա գործող եկեղեցի: Մի անգամ այդ հարցով դիմել են
Գեղարքունիքի թեմին, այնտեղից խորհուրդ են տվել բնակիչների հանգանակություններով
կառուցել: «70 տարի եկեղեցի չենք ունեցել ու աթեիստական պրոպագանդա է տարվել, այստեղ
ոչ բոլորն են հակված նվիրատվություններ կատարելու»,- նկատեց տիկ. Ստեփանյանը: «Ուսուցիչների
աշխատանքները դժվարանում են նրանով, որ աղանդավորների երեխաներ կան դպրոցում… Նույնիսկ
մի անգամ աղանդավոր ծնողներից մեկը ցանկություն հայտնեց մասնակցել մեր դասերին, հավանաբար
բանավեճ ծավալելու նպատակով, դրա համար էլ արգելեցի: Մոլի աղանդավոր էր, ոչ թե ինքը
դարձի կգար, այլ մյուսներին իր հետեւից կտաներ»,- պատմում է հայոց եկեղեցու պատմության
ուսուցչուհին: Ըստ նրա, երեխաներն իր դասերին շատ հարցեր են տալիս, երբեմն այնպիսի,
որ դժվար է պատասխանել. «Դրանց միայն հոգեւորականը կարող է պատասխանել»: Քրիստոնեական
տոներից Ճամբարակում, ավելի շուտ տեղի դպրոցներում, նշվում են Տյառնընդառաջը, Զատիկը,
Քրիստոսի ծննդյան ավետման տոնը: Ամուսնանալիս հոգեւորականի կարիք չեն զգում, բայց
կան այնպիսի ճամբարակցիներ, որ երազում են գոնե իրենց թոռներին եկեղեցով պսակել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել