ԶՈՒԳԱՐԱՆ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԾ Է Հանձնաժողովն անզոր է վերահսկել «բնական
պահանջները» Ֆիզիկա առարկայից մինչ օրս արձանագրված արդյունքներն այնքան
էլ չեն գոհացնում մասնագետներին: Այս առարկայի գծով 18-20 միավորները կազմում են
հանձնողների 13 տոկոսը: Ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Ռոլանդ Ավագյանի
դիտարկմամբ, անցյալ տարվա այս օրերի համեմատ, 20-ները մի քիչ պակասել են, բայց խտացումը,
ըստ նրա, գնացել է դեպի 18-19 միավորները: Այս տարի մինչ օրս գրանցված արդյունքներով,
լինում են մինչեւ 30 տոկոս անբավարար գնահատականներ. «Օր է եղել՝ մոտ 30 տոկոսը կտրվել
է, օր է եղել, որ 15-20 տոկոսը՝ ես չէի սպասում: Դրանց մեջ կան 3-ի, 4-ի, 5-ի միավորներ,
շատ թույլ աշխատանքներ էին, փաստորեն լրիվ անգրագետ են: Գոնե մի փոքր պարապած երեխան
կարողանում է 8 միավոր հավաքել, իսկ երբեմն զարմանում ես՝ դպրոց գնացե՞լ է, թե՝ չէ»,-
ամենատարրական սխալներից զարմացած՝ ասում է պրն Ավագյանը: Նա ասում է, որ երբեմն
նույնիսկ լրիվ դատարկ տետրեր են հանձնում: Հանձնաժողովի նախագահը բացառում
է, որ կարող է սուբյեկտիվություն ցուցաբերվել տարբեր եղանակներով լուծումներ ունեցող
խնդիրների դեպքում: «Հարցաթերթերն արդեն երկար ժամանակ փորձարկված են, 2 ձեւով խնդիրը
լուծելու դեպքում երբեք տարբերություն չենք դնում, նույնիսկ եղել է, որ խնդիրը շատ
երկար ճանապարհով են լուծել, բայց քանի որ գործողությունները ճիշտ են եղել, առավելագույն
գնահատական է դրվել: Այլ բան է, որ ճանապարհին սխալված լինեն՝ գնահատականը փոխվի:
Երբ խնդիրը երկար ճանապարհով է լուծվում, ցանկալի է, որ տառային պատասխան ստանան,
վերջում տեղադրեն թվերը, իսկ հենց սկզբից թվերով աշխատելու դեպքում կարող են սխալվել»,-
խորհուրդ է տալիս պրն Ավագյանը: Հանձնաժողովների անդամները, Ռ. Ավագյանի տվյալներով,
մի քանի գրավորի դեպքում մասնագիտական կամ թվաբանական բացթողում են ունեցել, եւ բողոքարկման
արդյունքում կես կամ 0.3 միավորով գնահատականը բարձրացվել է: Իջեցում ընդհանրապես
չի եղել, իսկ բողոքարկումների թիվը, ընդհանուր առմամբ, 10 տոկոսից էլ քիչ է: Հանձնաժողովի
նախագահին փոխանցեցինք շատ դիմորդների եւ նրանց ծնողների մտահոգությունը, թե որոշ
երեխաների հանձնաժողովի անդամները բացահայտ հուշում են: Մեր հարցը պրն Ավագյանը զգույշ
շրջանցեց. «Երբեմն դահլիճում մի քանի հոգի նույն հարցն են տալիս, զգացվում է, որ
խնդիրը լավ չեն հասկացել, ընդ որում՝ ոչ թե նրա համար լավ չեն հասկացել, որ լավ չի
ձեւակերպված, այլ պարզապես հայերեն լավ չեն հասկանում: Այդ դեպքում ես բարձրաձայն
այդ տարբերակը բացատրում եմ: Նաեւ տեխնիկական հարցեր են տալիս, զգուշացնում ենք,
որ հերթականությունը կարեւոր չէ, հարցնում են՝ կարելի՞ է կնիքի վրա գրել՝ հիմար հարցեր
են երբեմն լինում»: Այնուհետեւ հանձնաժողովի նախագահը միամտորեն անկեղծացավ,
թե որոշ դիմորդների դեպքում գիտեն, թե ով ուր է դիմում. «Կան երեխաներ, ովքեր գիտենք՝
ընդունվում են այնպիսի տեղեր, որտեղ մեծ մրցույթ չկա, ու նրանք շատ թույլ են լինում…
ես կարծում եմ, որ եթե կես միավորը կփրկի 8-ի համար՝ հուշելը հանցագործություն չէ»:
«Իսկ զանգեր, խնդրանքներ լինո՞ւմ են» հարցին պրն Ավագյանը պատասխանեց. «Լինում
են զանգեր՝ իհարկե: Ես հայտնի մարդկանց ծանոթ չեմ, դեպուտատ ծանոթ չունեմ, կոլեգաներն
են խնդրում: Եթե ասեմ, որ չեմ ընդառաջում, ոչ ոք չի հավատա, եթե ասեմ ընդառաջում
եմ՝ կասեն ինչ է կատարվում, ի՞նչ պատասխան տամ. ոչինչ էլ չենք անում»: Իսկ տեսականորեն
հնարավո՞ր է որեւէ ձեւով (նշումներով, գրառումներով) ճանաչել «անհրաժեշտ» գրավորը.
«Տեսականորեն հնարավոր է գուցե, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, երեւի բազմաթիվ
ձեւեր կան…»: Ի դեպ, նկատեցինք, որ այս քննության ընթացքում զուգարան գնացողների
թիվը բավական մեծ է, միանգամից մի քանի դիմորդներ նույնիսկ առաջին նստարանների վրա
իրենց հերթին էին սպասում: Փաստը հաստատեց նաեւ հանձնաժողովի նախագահը. «Դուրս եկողներն
են շատ, դժվար է իմանալ՝ զուգարա՞ն են ուզում, թե՞ ուզում են գնալ ծածկագիրը նայել»:
Իսկ ծածկագիր զուգարանում արդեն գտնվել է: Պրն Ավագյանն ասաց, որ ինչ-որ դասագրքից
պատճենահանված թղթեր են գտել, սակայն մեղավորներին գտնելն այս հարցում անհնար է:
Իսկ նախապես դիմորդներին խուզարկելու իրավունք հանձնաժողովի անդա մները չունեն: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ