Ըստ գյուղացիների, կառավարության առաջարկած էժան պարարտանյութերից օգտվում են միայն հարուստ հողատերերը:
Շուկայում վաճառվող վատորակ եւ կասկածելի պարարտանյութերի պատճառով վերջին տարիներին գյուղացիները բերքի բավականին մեծ կորուստներ ունեցան: Մեր կառավարությունն էլ գյուղացուն ձեռք մեկնելու համար որոշեց մասնագետների կողմից փորձված պարարտանյութեր ներկրել ու շուկայական արժեքից ավելի մատչելի գներով վաճառել նրանց: Տեսականորեն՝ կառավարության այդ քայլը գյուղացու համար պարզապես փրկություն էր, սակայն գործնականում դրանից օգտվեցին միայն հարուստ, մեծ հողատարածքներ ունեցողները, որոնք գործարանատերերի հետ պայմանագրեր ունեն, հեշտությամբ իրենց արտադրանքը մթերում են, եւ պետության աջակցության կարիքն այնքան էլ չեն զգում: Բանն այն է, որ, ըստ գյուղացիների, կառավարության առաջարկած պարարտանյութը սահմանափակ քանակությամբ է, եւ այն վաճառվում է միայն «նաղդ» փողով: Իսկ աղքատ գյուղացու ձեռքը փող ընկնում է միայն աշնանը՝ բերքահավաքից հետո, ուստի արդյունքում՝ ով փող ունի, շտապ պարարտանյութերը գնում է, մյուսները նորից մնում են շուկայի թանկ պարարտանյութի հույսին:
Արարատի մարզի բնակիչների հաշվարկներով՝ իրենք, չօգտվելով կառավարության առաջարկած պարարտանյութից, 15-16 հազար դրամի վնաս են կրում. «Պետության ծախած պարարտանյութի 1 պարկը 3700 դրամ է, շուկայից առածը՝ 5800-6000 դրամ: 1 հեկտարը պարարտացնելու համար ծախսում ենք 30-36 հազար դրամ, իսկ պետության պարարտանյութը գնելու դեպքում՝ ընդամենը 20-22 հազար դրամ»,- դժգոհեցին արարատցիները: Մարզի բնակիչների ներկայացմամբ՝ առանց պարարտանյութի էլ, իրենք հազարումի խնդիրներ ու ծախսեր ունեն. «1 հա հողը վարելու համար ծախսում ենք 20 հազար դրամ, հարթեցումն արժե 20-21 հազար դրամ, սերմացուն՝ 36-38 հազար դրամ, ցանքը՝ 18-20. էս բոլոր թվերը գումարեք ու պատկերացրեք՝ ինչքան է մեզ վրա նստում մի բուռ ցորենը, 1 կգ պոմիդորը, եթե պարարտանյութն էլ վատն է լինում, մեր ամբողջ աշխատանքը, ծախսը ջուրն է լցվում»:
Այս առնչությամբ գյուղնախարարության բուսաբուծության բաժնի պետ Գառնիկ Պետրոսյանը մեր հարցին, թե հնարավոր չէ՞ պարարտանյութը վաճառել նաեւ «նիսյա»՝ պատասխանեց. «Նիսյա հասկացությունը շուկայական հարաբերությունների ներկայիս պայմաններում պետք է չօգտագործվի: Մարդը կարո՞ղ է շուկայից որեւէ ապրանք ձեռք բերել նիսյայով: Եվ հետո, ի՞նչ երաշխիք կա, որ հետագայում բոլոր գումարները գյուղացիներից հնարավոր կլինի հավաքագրել»: Ըստ պարոն Պետրոսյանի, կառավարության առաջարկած մատչելի գներով պարարտանյութի քանակը քիչ չէ՝ 20 հազար տոննա, որից Արարատի մարզին բաժին է ընկնում 3200 տոննան:
Մեր հարցին, թե կբավականացնի՞ այն մարզի բոլոր հողատերերին, պարոն Պետրոսյանն ասաց, որ ոչ, բայց գարնանացանի համար կբավականացնի. «Մենք պարարտանյութերի վաճառքը հնարավորինս թափանցիկ, պարզ դարձնելու համար ամեն ինչ արել ենք, մեկ հողատիրոջ համար մինչեւ 500 կգ վաճառելու սահմանափակում ենք դրել, որ դրանից կարողանան օգտվել բոլորը, ոչ թե մեկը գա՝ ամբողջ պարարտանյութը գնի»: Նախարարության մասնագետն այս հարցի լուծման համար այլ առաջարկ արեց. «Գյուղացիները պետք է հնարավորություն ունենան վարկ վերցնել, խնդիրը հենց այդտեղ է՝ մեր վարկային համակարգում տոկոսադրույքները բավական բարձր են՝ 16-24 տոկոս, իսկ գյուղացին հնարավորություն ունի՞ այդքան բարձր տոկոսով վարկ վերցնի»:
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ