Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԳՎ-Ն ՀԱՅԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է

Օգոստոս 02,2006 00:00

Ըստ
վարչապետի վերահսկողական ծառայության, այն իրականացվել է մի շարք խախտումներով Արդեն
մի քանի տարի է՝ կառավարությունը գյումրեցի անօթեւաններից գլուխն ազատելու համար
իրականացնում է «Բնակարանային գնման վկայագիր» ծրագիրը, որը հարուցել է թե՛ կուսակցությունների,
թե հ/կ-ների եւ թե՛ անօթեւանների դժգոհությունը: Որոշ կուսակցությունների ներկայացուցիչների
գնահատականով՝ ավելի վատ հայաթափության ծրագիր չէր կարող լինել, իսկ հ/կ-ների ներկայացուցիչների
հաշվարկներով՝ «ԲԳՎ»-ով անօթեւանների հարց լուծելու համար առնվազն 60 տարի կպահանջվի,
մանավանդ որ՝ Գյումրիում այսօր վաճառքի ենթակա բնակարան այլեւս չի մնացել: Այժմ
մեր ձեռքի տակ է մի փաստաթուղթ, որը հաստատում է, թե «ԲԳՎ»-ն իր բուն նպատակին չի
ծառայում, քանի որ շահառուները կարող են ձեւականորեն գնել հարազատների բնակարանները
եւ դրա համար գումար ստանալ: Այս մասին արձանագրված է ՀՀ վարչապետի վերահսկողության
ծառայության՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ուղղված զեկուցագրում: Զեկուցագիրն անցյալ
տարի տարբեր մարզերում «ԲԳՎ»- ի իրականացման արդյունքների մասին է: Այդ զեկուցագրում
վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը Ա. Մարգարյանին հայտնում
է. «Շիրակի մարզում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ առկա են դեպքեր,
երբ բնակարանների գնման վկայականներ են տրամադրվել հասանելիքից ավելի սենյակների
հաշվարկով (796,0 հազար դրամ) եւ երբ տրամադրված վկայագրերով բնակարաններ են ձեռք
բերվել հարազատներից, որտեղ իրենք փաստացի բնակվել են: Մ. Բիզգային «ԲԳՎ» է տրամադրվել
2 սենյակի համար, 3 անձով, 2189 հազար դրամով, որով ձեռք է բերել ամուսնու բնակարանը,
որտեղ էլ ամուսնանալուց հետո բնակվել է եւ ծնվել են երեխաները: Հարկ է նշել, որ Մ.
Բիզգան երկրաշարժի ժամանակ կորցրել է մեկ հանրակացարանային սենյակ եւ ամուսնացած
չի եղել: Նմանօրինակ դեպքերը Շիրակի մարզում բազմաթիվ են»: Զեկուցագրում խոսելով
նաեւ այլ խախտումների, մասնավորապես՝ տարբեր մարզերում հանրապետությունից բացակայողներին
ԲԳՎ հատկացնելու, առանց սեփականությունը ճշտելու՝ վարելահող, տնամերձ հողամաս, բնակարան
ունեցողներին ցուցակներում ընդգրկելու մասին, վարչապետի վերահսկողության ծառայությունը
պետական բյուջեից հատկացված գումարները նպատակին չծառայեցնելու հարցում որպես մեղավոր
ճանաչում է ՀՀ մարզպետների կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբերին եւ ՀՀ քաղաքաշինության
նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովին, որի նախագահը փոխնախարար Կարլեն Գեւորգյանն
է: «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Կարլեն Գեւորգյանը «ԲԳՎ»
ծրագրի համար տրամադրվող գումարը շահառուի կողմից ոչ նպատակային օգտագործելուն, պաշտոնյան
Շիրակի մարզպետարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց. «Գիտե՞ք ինչ,
եթե կան խախտումներ, եթե կան ձեր ասած կոռուպցիոն երեւույթները, որ կարող են գումարները
կանխիկացնել ու այլ նպատակներով օգտագործել, դրա համար կան իրավապահ մարմիններ: Նախարարության
խնդիրն է մարզպետարանի ու քաղաքապետարանի հետ համատեղ ստուգել հաշվառված անօթեւանների
բոլոր փաստաթղթերը. ունե՞ն սեփականություն, թե՞ չունեն, հաշվառվա՞ծ են այստեղ, ո՞րերորդ
կարգով են անօթեւան եւ այլն: Իսկ եթե հարազատների տներն են ձեռք բերում՝ շատ կներեք,
ո՞նց արգելենք, կա՞ ինչ-որ ֆիքսված օրենք, որի համաձայն արգելենք եղբոր տունը ձեռք
բերել: Թեեւ ասեմ՝ անցած տարի, որպես սկզբնական գումար, տալիս էինք 80 տոկոսը, տնակը
ազատելուց հետո վճարում էինք 20 տոկոսը, բայց հիմա տալիս ենք 60 տոկոսը, 40-ը կտանք
հետո: Բացի այդ, ծրագրի բուն նպատակը, աջակցություն տրամադրելուց զատ, կորսված հասցեն
վերջնականապես մարելն է, այսինքն՝ սա մենք համարում ենք որպես հատուցված հասցե ու
այդ հասցեի վերաբերյալ անձնագրային վարչությունը այլեւս ոչ մի տեղեկատվություն չի
տա, փակելով նախկին կորսված հասցեները՝ գնում ենք առաջ»: Փաստորեն, փոխնախարարն իր
կամքից անկախ հաստատեց գյումրեցի կուսակցականների այն քննադատությունները, թե տվյալ
դեպքում հայրենի կառավարության խնդիրը ոչ թե անօթեւանին բնակարանով ապահովելն է,
այլ պարզապես անօթեւանության երկար-բարակ ցուցակից ազատվելը: ՆՈՒՆԵ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել