ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ Է Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը իսրայելյան
օդուժի կողմից Լիբանանի հյուսիսում գտնվող Քանա գյուղի ռմբակոծության արդյունքում
այդ գյուղում զոհվել է ավելի քան 50 մարդ, որոնցից շատերը կանայք եւ երեխաներ էին:
«Միջազգային ճնշման տակ Իսրայելը ստիպված էր եղել 48 ժամով դադարեցնել օդային
ռմբակոծումները: Երեկ առավոտյան գյուղի ճանապարհներին գտնվել եւ տեղափոխվել են անտեր
մնացած 50 դիակներ: Երեկվանից սկսված Իսրայելի օդուժի ռմբակոծությունների արդյունքում
փակվել է Լիբանան-Սիրիա կապող ճանապարհը, որով Սիրիայից օգնություն էր հասցվում լիբանանցիներին»,-
պատմում է Սիրիայում մեր թղթակից Նազարեթ Էլմաջյանը: Ըստ նրա, ռմբահարման հետեւանքով
շարքից դուրս են եկել ոչ միայն այդ երկու երկրները կապող կամուրջները, այլեւ հեռախոսակապն
ու էլեկտրասյուները, փակվել են մի քանի նավահանգիստներ: «Լիբանանն, ըստ էության,
հումանիտար աղետի գոտի է դարձել: Լիբանանում սննդամթերքի պահեստները սկսվում են դատարկվել:
Ռմբակոծվում են նաեւ Սիրիայից Լիբանան ուղեւորվող բեռնատարները՝ այն պատճառաբանությամբ,
թե այնտեղ սննդամթերքի փոխարեն կարող են զենք ու զինամթերք լինել: Երկու օր առաջ
ռմբակոծվել էին նաեւ Արաբական Էմիրություններից Լիբանան ուղարկվող հացով բեռնված
բեռնատարները: Երեկ Լիբանանի հարավի բնակչությունն ամբողջովին տարհանվել է: Նրանց
մի մասը տեղափոխվում է Սիրիա»: Այսօրվա դրությամբ Լիբանանում կա 1 մլն տեղահանված,
որոնցից 200 հազարը, ըստ մեր աղբյուրի, տեղափոխվել է Սիրիա: «Սիրիայի նախագահ Բաշար
Ասադը հրամայել է սիրիական բանակը բերել բարձր պատրաստականության, նաեւ պատկան մարմիններին
հանձնարարել է նավթի պաշարների հաշվին վառելիք հասցնել Լիբանան: Երեկվա դրությամբ
Իսրայելի գործողությունների արդյունքում զոհվել է «Հըզբոլլահի» 35 մարտիկ, իսկ խաղաղ
բնակչության շրջանում զոհերի թիվն անցել է 800-ը»,- փոխանցում է Ն. Էլմաջյանը: Նրա
մատուցմամբ, երեկ Իսրայելի բանակը պատրաստվում էր ցամաքային լայնամասշտաբ հարձակման:
Լիբանան են ուղարկվում իսրայելական հատուկ ջոկատներ՝ «Գոլանի» անվամբ: «Սպասվում
է, որ թեժ մարտեր կլինեն, թեեւ «Հըզբոլլահը» պատրաստ է դիմագրավել նրանց»,- տեղեկացնում
է մեր աղբյուրը: