Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ

Օգոստոս 02,2006 00:00

ԼՂՀ
նախագահ Արկադի Ղուկասյանի հետ նրանց հանդիպումն անցել է ջերմ, հումորի ու գործնական
մթնոլորտում: Օրերս Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի իրավապաշտպանների, ոչ
կառավարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ 4-օրյա այցով գտնվում
էին Լեռնային Ղարաբաղում, որտեղ վերջիններիս հուլիսի 29-ին ընդունել էր նաեւ ԼՂՀ
նախագահ Արկադի Ղուկասյանը: Ադրբեջանական 4 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում
էր եղել նաեւ «Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեի» նախագահ,
իրավապաշտպան Արզու Աբդուլաեւան: Այդ այցելությունից հետո Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման
կազմակերպության» առաջնորդ Ակիֆ Նագին հայտարարել է, թե Ա. Աբդուլաեւան եւ ԼՂ այցելած
մյուս ադրբեջանցիները «ծառայում են հայկական քաղաքականության շահերին, եւ հասարակայնության
շրջանում կապիտուլացման գաղափարախոսություն քարոզողները իրավունք չունեն ապրել մեր
երկրում, եւ պետք է նրանք վտարվեն Ադրբեջանից»,- հայտարարել է Ա. Նագին: «Ա.
Աբդուլաեւայի համար դա նորություն չէ: Չեմ կարծում, թե դա կարող է ինչ-որ բան փոխել
նրա դիրքորոշման մեջ: Դրանք հիվանդագին դրսեւորումներ են, որ լինում են»,- այսպես
արձագանքեց ադրբեջանցի ազգայնականի պահանջին Ա. Աբդուլաեւայի հայ գործընկերը՝ «Հելսինկյան
քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի ազգային կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Անահիտ
Բայանդուրը: Հենց նա էլ մեզ պատմեց Ստեփանակերտ կատարած այդ այցի մասին: Ա.
Բայանդուրի փոխանցմամբ, հայ, վրացի եւ ադրբեջանցի իրավապաշտպանները Ղարաբաղ էին այցելել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ղարաբաղի ազգային կոմիտեի՝ «Հելսինկյան նախաձեռնություններ-92»
կազմակերպության նախագահ Կարեն Օհանջանյանի հրավերով: «Մեր կազմակերպությունները
Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Ղարաբաղում վաղուց են արդյունավետորեն համագործակցում,
մասնավորապես՝ նաեւ անհայտ կորածների խնդիրների շուրջ: Երեւի ժամանակն էր, որ նման
այցելություն կազմակերպվեր նաեւ Ղարաբաղ»,- նկատեց տիկին Բայանդուրը: Խոսելով
ղարաբաղյան այցելության տպավորությունների մասին՝ նա հատկապես շեշտեց ԼՂՀ նախագահ
Արկադի Ղուկասյանի հետ տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում, անշուշտ, խոսվել
է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, հպանցիկ անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ
ՄԽ համանախագահների առաջարկներին: Ա. Աբդուլաեւայի ցանկությամբ պատվիրակներն այցելել
էին նաեւ Շուշիի բանտ՝ համոզվելու համար, որ, հակառակ ադրբեջանական կողմի որոշ պնդումների,
այնտեղ գերեվարված ադրբեջանցիներ չկան: Ա. Բայանդուրի ասելով, մասնավորապես
նաեւ ադրբեջանցիները գոհ ու տպավորված էին ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից, որը, նրա
գնահատմամբ, անցել էր «շատ մարդկային, ջերմ ու անկեղծ, պարզ, նաեւ հումորի ու գործնական
մթնոլորտում»: Իսկ ընդհանուր առմամբ, տիկին Բայանդուրի փոխանցմամբ, ադրբեջանցիների
շրջանում վերաբերմունքը պատերազմին, գոնե այնքանով, որքանով թույլ են տալիս իր շփումները
եզրակացնել, հետեւյալն է. «Իհարկե, նրանք պատերազմ չեն ուզում, եւ, իհարկե, նրանք
ուզում են, որ խնդրի լուծման խաղաղ ելք գտնվի: Իհարկե, հրաշալի կլիներ, ու ես կողմ
եմ, որ Ադրբեջանը հնարավորինս զարգացած ու բարգավաճող երկիր դառնա», որովհետեւ, նրա
գնահատմամբ, «որքան մեր պետությունները ժողովրդավարական ու տնտեսապես զարգացած լինեն,
այնքան առկա խնդիրներն էլ հեշտ կլուծվեն»: Տիկին Բայանդուրի ադրբեջանցի գործընկեր
Ա. Աբդուլաեւան պատեհ առիթների դեպքում շեշտում է հատկապես «ժողովրդական դիվանագիտության»
կարեւորությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Արդյոք Ա. Բայանդուրն է՞լ
է կարծում, որ հասարակություններն ավելի հեշտ կարող են փոխհամաձայնության հասնել,
քան մեր կառավարությունները: Նրա համոզմամբ, «ժողովրդական դիվանագիտությունը», փոխադարձ
շփումները կարեւոր են. «Դա միշտ պետք է անել նաեւ միջազգային կազմակերպությունների
հետ միասին՝ ակնկալելով նրանց աջակցությունն ու հեղինակությունն այդ հարցում: Դա
անպայման արդյունք տալիս է, եթե դա չլիներ, իրավիճակը, գուցե, ավելի վատ կլիներ:
Ամեն ինչ իր ազդեցությունն ունի: Պետք է աշխատել մեր ժողովուրդների միջեւ շփումներն
ավելի ընդլայնել, վերականգնել հարեւանությունը, որպեսզի ժողովուրդն ի՛նքը մերժի պատերազմի
գաղափարը»: Տիկին Բայանդուրը որպես հայ-ադրբեջանական արդյունավետ համագործակցության
օրինակ բերեց հենց իրենց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ազգային կոմիտեների
միջեւ ծավալված համագործակցությունը. «Մենք էլ, անշուշտ, ազգային շահերի գիտակցում
ունենք, բայցեւ խնդիրներին մոտենում ենք այլ՝ ավելի մարդկային հարաբերությունների
տեսանկյունից: Տարբեր մոտեցումներ ունենալը մեզ երբեք չի խանգարել համատեղ աշխատել
ու լուծումներ գտնել: Մենք պետք է օգնենք, որ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի,
որ հանկարծ պատերազմ չլինի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել