Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ սուպերսթարը» կոնսերվատորիայում 20-ի չձգեց

Օգոստոս 01,2006 00:00

Հայաստանը 32-րդ
երկիրն է, որտեղ անցկացվեց բրիտանական հեռուստատեսային հայտնի POP IDLE նախագիծը
«Շանթ» հեռուստատեսությունում՝ «Հայ սուպերսթար» խորագրով: Նախնական լսումներին
մասնակցեց շուրջ հինգ հազար հոգի, ժյուրին ընտրեց 30-ին, ապա, հեռուստադիտողի քվեարկության
արդյունքում, մնաց 11-ը, իսկ եզրափակիչում հայտնվեցին 2-ը՝ Աննա Ավետյանն ու Սուսաննա
Պետրոսյանը: Հուլիսի 30-ին, դարձյալ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում, հայ
սուպերսթար հռչակվեց Սուսաննա Պետրոսյանը: Մրցույթին նախորդած ամիսների ընթացքում
«Առավոտի» ցանկությանը՝ լսել այդ ոլորտում հայտնի մասնագետի խոսք, մեզ այդպես էլ
չհաջողվեց: Նշենք միայն, որ մեզ հետ զրուցած շոու-բիզնեսի ոլորտի մարդիկ (որոնք,
չգիտես ինչու, նախընտրում էին մնալ ստվերում) միանշանակ աստղ տեսնում էին Աննային,
փաստելով Աստծո կողմից տրված ձայնը, բեմական արտաքինը, համարձակությունը, ինքնավստահությունը
եւ այլն: Սուսաննային էլ են գովեստի խոսքեր շռայլել մասնագետները, սակայն նրանց կարծիքով,
երգչուհու ձայնի վերեւի ռեգիստրում ոչ բավարար հնչողությունն ակնհայտ է: Տեղեկացնենք,
որ Սուսաննան ավարտելով Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի դաշնամուրային
բաժինը՝ գործերը հանձնել է Երեւանի պետկոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին եւ արդեն
մասնագիտությունից ստացել 19 միավոր: Երեկ կապվեցինք կոմպոզիտոր, հիշյալ ամբիոնի
վարիչ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյանի հետ, խնդրեցինք պատասխանել, թե ինչու հայ սուպերսթարը
արժանացել է 19-ի եւ ոչ թե 20 միավորի: «Հասկանալի պատճառներով մեր եւ հեռուստադիտողի
չափանիշները ցանկացած կատարողի գնահատելու դեպքում պետք է տարբեր լինեն: Ընդունելության
քննությանը Սուսաննան իրեն լավ դրսեւորեց, բայց, այնուամենայնիվ, երեւում էր նրա
հոգնածությունը: Չայկովսկու դպրոց ավարտելը խոսում է նրա՝ որպես երաժշտի, պատրաստվածության
մասին: Վստահեցնում եմ, որ կոնսերվատորիայում ուսանելու տարիները նա արդյունավետ
կօգտագործի՝ երգարվեստում ե՛ւ գիտելիքների, ե՛ւ կատարելության առումով ավելի վարպետանալու
համար: «Սուպերսթարի» քվեարկություններին չեմ մասնակցել, բայց եթե ձայն տայի, ապա
այն կուղղեի Սուսաննայի օգտին»,- ասաց Ե. Երզնկյանը: Անդրադառնալով մրցույթին,
տեղեկացրել էինք թե մեկնարկի եւ թե արդեն վերջնագծի մոտ հայտնի դարձած որոշ, մեղմ
ասած, անհարթությունների մասին (կապված հեռախոսազանգերի, ձայների կաշառքների հետ):
Մի կողմ թողնելով հետաքրքրող այնպիսի մանրամասներ, ինչպիսին, օրինակ, մրցույթը հոժարակամ
լքած Միհրան Ծառուկյանի վրա ծախսված 28 հազար դոլարի պատմությունն է, որ նա պետք
է վերադարձներ նախագծին, մենք նպատակահարմար ենք գտնում այսօր նախ խոսել առաջին սուպերսթարի՝
Սուսաննայի անվան շուրջ պտտվող լուրերի մասին: Ըստ վերջիններիս, նրա հայրը՝ Հենրիկ
Պետրոսյանը իբր բանակի փոխգնդապետ է եւ երգչուհու օգտին քվեարկել է ողջ հայոց բանակը,
այնինչ Սուսաննայի հայրը նախկինում հրշեջ պահպանության փոխգնդապետ է, այժմ՝ Հայաստանի
փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության գլխավոր մասնագետ, թոշակառու:
Քեռին՝ Երվանդ Վարդանյանը, որն իբր պաշտպանության նախարարությունում ծառայող է, իրականում
տնտեսագետ է, այն էլ՝ գործազուրկ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ.
Գ. Սեպտեմբերին կմեկնարկի երկրորդ «Հայ սուպերսթարը»: Հուսանք, որ այս անգամ ընտրված
սուպերսթարացուների հետ վոկալի բարձրակարգ մասնագետ կաշխատի: Թե չէ, օրինակ, լավագույն
եռյակում հայտնված Միհրան Ծառուկյանի մատուցած Հավասու «Նազենազ» երգի կրկներգում
սխալ շեշտադրությունը անգամ ոչ մասնագետի ականջն էր «ծակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել