Ուսուցիչը փշրել է աշակերտի ատամնաշարը
Փաստին, որ Շիրակի մարզի դպրոցները կուսակցականացված են եւ դպրոցի տնօրեն ընտրվելու համար առնվազն անհրաժեշտ է դաշնակցական լինել (կամ դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի «զեմլյակը»), անդրադարձել ենք բազմաթիվ անգամ: Բայց որ դպրոցներում բռնությունները կարող են նաեւ կուսակցական հողի վրա ծնվել, որ զանազան «ռազբոռկեքին» կարող են ներքաշվել նաեւ աշակերտներ, սա թերեւս անկանխատեսելի էր մեր կուսակցական այրերի՝ թե մարզպետի եւ թե կրթության նախարարի համար: Որպես վառ օրինակ հիշեցնենք, որ ընդամենը 3-4 ամիս առաջ Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղի դպրոցի տնօրեն Գոհար Պետրոսյանն իր դաշնակ ամուսնուն գյուղապետ չընտրելու համար վրեժխնդիր էր եղել աշակերտներից եւ կոլեկտիվից: Ուսմասվարների վկայելով՝ տիկինը նույնիսկ այն աստիճան էր զայրացել, որ աշակերտների ներկայությամբ մի լավ «շլոթի» էր հասցրել ուսուցիչներից մեկին: Կարելի է պատկերացնել, թե կոլեգայի հետ նման կերպ վարվողը ինչպես կվարվի աշակերտների հետ. առնվազն նրանց կհարկադրի մոռանալ դպրոցի ճամփան, ինչը եւ արել էր այս պարագայում: Իհարկե, մանրամասների մեջ խորանալու դեպքում կարելի է Շիրակի մարզի այլ դպրոցներից եւս արտառոց օրինակներ բերել:
Բռնությունների բնույթն ու չափը պարզելու նպատակով էլ վերջերս հայկական իրականության մեջ առաջին անգամ Գյումրիի 3 հ/կ-ներ («Կրթության ասպարեզ», «Կանթեղ», «Լիկիդոն») ուսումնասիրություններ են կատարել քաղաքի երեք (թիվ 27, 21 եւ 41) դպրոցներում՝ 327 աշակերտների ու 30 ուսուցիչների շրջանում: Հարցումներից պարզվել է, որ տերթոդիկյան մեթոդները՝ ցուցափայտով աշակերտների գլխին խփելը, աքացի տալը եւ այլն, 21-րդ դարում կատարելագործվել են: Պարզվել է, որ ուսուցիչները օգտագործում են ծեծի տարբեր տեսակներ:
Նույնիսկ ուսուցիչներն անկեղծորեն խոստովանել են, որ աշակերտներից մեկը «հունից այնպես էր հանել» երիտասարդ տղամարդ ուսուցչին, որ վերջինս՝ ոչ ավել, ոչ պակաս, փշրել էր աշակերտի ատամնաշարը: Իհարկե, հարցման ենթարկված ուսուցիչներն իրենց արարքները արդարացրել էին՝ պնդելով, որ աշակերտի հետ առանց պատժի հնարավոր չէ աշխատել:
Օրերս Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հավաքված դպրոցի որոշ տնօրեններ այդպես էլ չընդունեցին, որ այս ամենը բռնություն է կոչվում: Նրանց ասելով՝ եվրոպական հասկացություններն ու եվրոպական համակարգը հայկական ընտանիք ու դպրոց ներմուծելը, մեղմ ասած, կարող է այլասերման տանել: Թիվ 41 դպրոցի տնօրեն Արտակ Ավետիսյանն այն կարծիքին է, որ բռնություն կոչվածը Եվրոպայում այլ բան է, Հայաստանում՝ այլ, որ սխալ է եվրոպական չափանիշներով այստեղ ծրագրեր իրականացնել:
Միաժամանակ, ըստ նոր մեթոդների կողմնակիցների, անցել են այն «երանելի» ժամանակները, երբ դպրոցները պարտադիր գույքի ցանկում նաեւ ճիպոտ էին ստանում:
«Ո՞վ է ասել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը եվրոպական արժեք է: Հայն էլ կարող է իր իրավունքները պաշտպանել, պետք չէ մեզ նրանցից տարանջատել ու շարունակ ասել, թե մենք մաքուր ենք, մեզ եվրոպացիներն են փչացնում»,- ասում էր Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը: «Ո՞ւր ենք փախչում, դեռեւս պատմահայրը՝ Խորենացին էր ասում՝ ձեր կրթությամբ արեւմուտք ուղղվեք: Խնդիրն առկա է, պետք է բռնությունները կանխող մեխանիզմ մշակել»,- իր կարծիքը հնչեցրեց ծրագրի փորձագետ Արմեն Պետրոսյանը: Իհարկե, մասնակիցները խոստովանում էին, որ դպրոցները դարձել են շուկաներ, աշակերտը ոտքը ոտքի վրա գցած կարող է ուսուցչի հետ խոսել կամ ընկերոջն անտեղի «դնգստել»: Նրանց մեկնաբանմամբ, սա Շիրակի մարզում պայմանավորված է թե ֆիզկուլտդահլիճներ չունենալով (աշակերտների էներգիան պարտադիր պետք է դուրս գա), թե հայրերի խոպան գնալով: Փորձագետ Արմեն Պետրոսյանն էլ դպրոցները շուկա դարձնելու հարցում նաեւ մեղավոր էր համարում կեցվածք չունեցող որոշ ուսուցիչների: Իսկապես, եթե նկատի ունենք բուհերի շրջանավարտների այն դժգոհությունները, թե Շիրակի մարզի դպրոցներում առանց բացառության ուսուցիչներ ընտրելիս հաշվի են առնում ոչ թե նրանց կրթական մակարդակն ու գիտելիքները, այլ վճարունակ լինելը՝ պահանջվող «հախը» բավարարելը, ապա կարելի է եւ հասկանալ աշակերտների նկատմամբ կատարվող բռնությունների որոշ պատճառներ:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ