Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵ՞Լ Է

Օգոստոս 01,2006 00:00

Մաթեմատիկայից
քննություն հանձնող մոտ 2300 դիմորդից ընդամենը ութն է արժանացել 20 միավորի։ Ըստ
առարկայական հանձնաժողովի նախագահ Աղավարդ Խաչատրյանի՝ այս ցուցանիշը մի քանի անգամ
զիջում է նախորդ տարիներին գրանցվածներին։ Մեր որոշ ընթերցողների կարծիքով,
պատճառը հարցաթերթերի անհամապատասխանությունն է դպրոցական ծրագրերին: Որոշ անհանգստությունների
ու կասկածների վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի
նախագահ Աղավարդ Խաչատրյանից: Մեր ընթերցողներից մեկը՝ մաթեմատիկայի մասնագետ
Շուշանիկ Սահակյանը, նշել է բոլոր այն խնդիրները, որոնք ծրագրով անթույլատրելի են,
բայց ընդգրկվել են մաթեմատիկայի ընդունելության քննության տարբերակներում։ Նամակագիրը
նախ հիշեցնում է՝ «Բոլոր առարկայական քննություններն անցկացվում են ՀՀ կրթության
եւ գիտության նախարարության կողմից հաստատված ծրագրերով եւ դրանց ցանկում նշված գրականությամբ
(«ՀՀ Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», թիվ 14 (223), մայիս, 2006թ. էջ 17-19)
եւ դրանցից շեղումը, անշուշտ, անթույլատրելի է: Սակայն քննության հենց առաջին օրը
չորս տարբերակից երեքում (իսկ դա նշանակում է մոտ 200 դիմորդի) առաջարկվել են խնդիրներ,
որոնց մասին խոսք անգամ չկա 2006թ. բուհական ընդունելության քննությունների ծրագրերում»:
Այսպես՝ ըստ նամակագրի, հուլիսի 20-ի 154 տարբերակի 5-րդ խնդիրը, որը 10-րդ դասարանի
«Հանրահաշիվ եւ մաթեմատիկայի անալիզի տարրեր» դասագրքի 97(բ) խնդիրն է, լուծվում
է անընդհատ ֆունկցիաների վերաբերյալ մի թեորեմի կիրառությամբ, այնինչ 2006-ի ընդունելության
քննության ծրագրում նույնիսկ «անընդհատ ֆունկցիա» անվանում չկա։ Աղավարդ Խաչատրյանն
այս մասին ասում է. «Դիմորդ 2006-ում նշված են ֆունկցիայի հատկությունները։ Իսկ անընդհատությունը
դրա առաջին հատկություններից է։ Բացի այս, ֆունկցիայի ածանցյալ, մոնոտոնություն գաղափարներն
արդեն պարունակում են անընդհատությունը։ Օրինակ՝ եթե կա ածանցելիություն, ապա ենթադրվում
է նաեւ անընդհատություն։ 97(բ) եւ 99(բ) խնդիրները կարելի է լուծել նաեւ գրաֆիկական
եղանակով՝ օգտվելով ֆունկցիայի մոնոտոնությունից եւ ոչ անընդհատությունից»: Մեր նամակագիրը
բերում է հաջորդ փաստը. «Հուլիսի 21-ին 159 տարբերակի 6-րդ՝ 10-րդ դասարանի դասագրքի
99(բ) խնդիրը բուհական ընդունելության քննությունների ծրագրից դուրս է, ուստի չէր
կարելի ներգրավել առաջարկված տարբերակներում (աստղանիշով խնդիր է): Եվ եթե հաշվի
առնենք, որ դասագրքում այդօրինակ խնդիրները 16-ն են, ուրեմն պետք է ենթադրել, որ
հերթական քննության եկող դիմորդներին նույն փորձությունն է սպասվում»: «Հեղինակը
երեւի շփոթել է աստղանիշով խնդիրները դժվարավուն խնդիրների բաժնի հետ։ Բոլոր տարիներին
էլ աստղանիշով խնդիրներ դրվել են տարբերակներում։ Չնայած չէր արգելվում, բայց դժվարավուն
խնդիրներ բաժնից եւս խնդիրներ չեն ընդգրկել այսպիսի խոսակցություններից խուսափելու
համար»,- պարզաբանեց Ա. Խաչատրյանը։ Դժգոհության մյուս առիթը Համլետ Միքայելյանի
հեղինակությամբ 2000-ին հրատարակված 6-րդ դասարանի դասագրքին է վերաբերում։ Նամակում
նշված է, որ նույն գրքի 2002-ի վերահրատարակված տարբերակը չի հիշատակվում այս տարվա
բուհական ընդունելության քննությունների ծրագրային ցանկում։ Ուստի նախագահն իրավունք
չունի այդտեղից խնդիրներ ընդգրկել։ Սակայն այդ գրքից որոշ խնդիրներ կան տարբերակներում։
Նամակագիրը նշում է 7-րդ տարբերակի 7-րդ, 128-ի 1-ին եւ 73 տարբերակի 4-րդ խնդիրները։
«Այս խնդիրները տեքստային են եւ այդ մասին խոսելն ավելորդ է, եթե հաշվի առնենք,
որ նախորդ տարիներին տվյալների էական փոփոխություններով խնդիրներ էլ են եղել, իսկ
այս տարի՝ ոչ։ Միքայելյանի վերահրատարակված գրքում կա, օրինակ՝ 2000-ի հրատարակության
խնդիր, որտեղ ուղղակի ծիտ ու ծառ տվյալները այստեղ դարձել են հիմնարկի սենյակներ
եւ աթոռներ։ Սա նույնիսկ տվյալների փոփոխություն չէ»,- ասաց Ա. Խաչատրյանը։ 123
տարբերակի 8-րդ խնդիրն էլ է առաջացրել նամակագրի դժգոհությունը։ «Դրա լուծման համար
անհրաժեշտ է օգտագործել բազմանիստի փռվածքի գաղափարը, որը նույնպես ընդունելության
քննությունների ծրագրում բացակայում է»,- գրված է նամակում։ Ա. Խաչատրյանը
պարզաբանում է. «Այն պարտադիր չէ լուծել՝ օգտվելով փռվածքի գաղափարից։ Դա կարելի
է դիտարկել որպես մինիմումի խնդիր։ Չնայած դիմորդների մի մասը լուծել էր խնդիրը՝
օգտվելով հենց բազմանիստի փռվածքի գաղափարից»։ 75 եւ 76 տարբերակների 8-րդ
խնդիրները (225գ, 225բ՝ 9-րդ դասարանի դասագիրք), ըստ մեր նամակագրի, տարբեր տարիներին
հանրապետական օլիմպիադաներում առաջարկված խնդիրներ են։ Ա. Խաչատրյանը վստահեցնում
է, որ դրանք երբեք օլիմպիադաներում չեն ընդգրկվել. «Ի վերջո, եթե ես ուզում եմ ստուգել
բարձր միավորների հավակնող դիմորդների գիտելիքները, մի՞թե իրավունք չունեմ դասագրքից
բարդ խնդիր ընդգրկել։ Իսկ բարդության աստիճանը հարաբերական է։ Համենայնդեպս, այդ
տարբերակի տակ 20 բալ գրանցվել է։ Նույնիսկ կար 18,19 բալ ստացող, որ այս խնդրից
2,5 բալ վաստակել էր»։ Նամակագիրն այս կապակցությամբ վստահորեն նշում է, որ 2002-2005թթ.
մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովների նախագահներից եւ ոչ մեկը հարմար չէր գտել
այդ խնդիրները ներառել առաջարկվող տարբերակներում։ Ա. Խաչատրյանը, սակայն, այս հարցում
վստահ չէ, եւ ցանկացած բողոք, բնականաբար, անհիմն է համարում: ՏԱԹԵՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել