Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ ճանապարհ տվեք, կամ ուղղաթիռ»

Օգոստոս 01,2006 00:00

Քաղաքապետի երկու իրարամերժ որոշումներից բողոքում են արթիկցիները

Բնակիչներից մեկը՝ Գառնիկ Կակոյանը, Արթիկի Անկախության փողոցի 21 շենք տանող միակ տրանսպորտային ճանապարհը փակել է եւ շինարարական աշխատանքներ է կատարում: Թե ինչ է կառուցվում՝ առայժմ պարզ չէ: Բայց արթիկցիների ներկայացմամբ՝ ճանապարհ փակելը պարզապես անթույլատրելի է, քանի որ վթարների, հրդեհների, արտակարգ իրավիճակների դեպքում ոչ ոք չի կարող օգնել եւ իրենց շենքին ոչ մի մեքենա չի կարող մոտենալ: Բնակիչների պատմելով՝ նախկինում շենքի արեւելյան կողմից դեպի շենք տանող տրանսպորտային լայն ճանապարհ է եղել, որի հաշվին տարիների ընթացքում ավտոտնակներ ու այլ շինություններ են կառուցվել, եւ այժմ մնացել է միայն հետիոտնի ճանապարհ: Որեւէ փոխադրամիջոցով շենք հասնելու համար բնակիչները կարող են միայն ուղղաթիռով շենքի տանիքին վայրէջք կատարել:

Շինարարությունը կանխելու համար արթիկցի Մարզպետունի Աջամօղլյանը, որը մտադիր էր շենքի կիսանկուղային հարկում արտադրական գործունեությամբ զբաղվել, դիմել է դատախազություն եւ ներկայացրել համապատասխան բոլոր փաստաթղթերն առ այն, որ ինքը նշյալ տարածքի սեփականատերն է, եւ ճանապարհի փակումը ոչ միայն կվնասի իր բիզնեսին, այլեւ բնակիչներին կզրկի քաղաքի հետ կապող տրանսպորտային ճանապարհից: Դատախազության միջամտությունից հետո շինաշխատանքները դադարեցվել են մինչեւ խնդրի պարզաբանումը: Սակայն Աջամօղլյանի ասելով՝ Կակոյանն արդեն ստացել է քաղաքապետի «դաբրոն» եւ ունի նրա թույլտվությունը, թեեւ շինարարությունը սկսել էր առանց համապատասխան փաստաթղթերի: Ճանապարհի անձեռնմխելիությունն ապահովելու համար Մ. Աջամօղլյանը նաեւ բազմիցս դիմել է Արթիկի քաղաքապետին, սակայն վերջինս պատասխանել է քաղաքացու միայն վերջին դիմումին՝ նշելով. «Նախկինում ձեր դիմումներին չի պատասխանվել, քանի որ ձեր կողմից չեն ներկայացվել Անկախության 21 շենքից որեւէ տարածքի նկատմամբ ձեր սեփականությունը հաստատող փաստաթղթեր»: Սակայն նույն գրությամբ քաղաքապետարանը հաստատել է, որ նշյալ հասցեի սեփականատերը նույն Մ. Աջամօղլյանն է: Քաղաքապետարանի՝ բնակչին տված պարզաբանմամբ, Արթիկի գլխավոր հատակագծով նշյալ հասցեի ելումուտն ապահովելու համար նախատեսված է եղել շենքի արեւելյան հատվածը:

Իսկ կիսանկուղային հարկում գտնվող նախկին առեւտրի եւ սպասարկման ոլորտի օբյեկտների համար չի նախատեսվել ավտոմեքենաների մոտեցման ճանապարհ. «Սակայն նկատի ունենալով, որ տարածքների սեփականաշնորհումից հետո օբյեկտների նշանակությունն ու սեփականատերերը փոխվել են, քաղաքապետարանում քննարկվել եւ այժմ մշակվում է հատակագիծ Անկախության 21 շենքի մյուս կողմից՝ արեւմտյան հատվածից, ավտոմեքենաների մոտեցման ճանապարհ կազմակերպելու համար»: Ուշագրավ է, որ քաղաքապետարանի կողմից Մ. Աջամօղլյանին տրված շինարարական նախագծով շենք տանող-բերող ճանապարհը արեւմտյան հատվածից է, որը, փաստորեն, կառուցապատման նպատակով տրվել է մեկ այլ բնակչի: Բացի այդ, շենքի կիսանկուղային հարկում շինաշխատանքներ կատարելու թույլտվության հետ մեկտեղ նույն քաղաքապետարանը Աջամօղլյանին պարտադրել է տարածքը մաքրել շինաղբից, որն առանց բեռնատարի հնարավոր չէ տեղափոխել:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել