Գյուղի
տղամարդիկ այժմ խոպանում են եւ կգան միայն դեկտեմբերին Գեղարքունիքի
մարզի Վարդենիկն այն եզակի երջանիկ գյուղերից է, որն այս տարվա երաշտից կամ գարնանային
առատ տեղումներից չի տուժել: Գյուղը պարարտանյութի եւ ոռոգման կամ խմելու ջրի խնդիր
էլ չունի: Ըստ գյուղացիների, «տարեկան 1000 դրամ մուծենք, թե չէ»: Սակայն վարդենիկցիների
ներկայացմամբ՝ «մեկ ա՝ մեր դարդը ոչ մեկը չի քաշի»: Վարդենիկցիների հիմնական եւ ամենամեծ
դարդը տղամարդու բացակայությունն է, որի անհրաժեշտությունը շատ են զգում: Այս սեզոնին
գյուղի գրեթե բոլոր հարսները հղի են, քանի որ ամուսինների երեսը տեսնում են միայն
Նոր տարվա օրերին՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին: «Բոլորը Ռուսաստանում ասֆալտի գործ
են անում, բարեբախտաբար ձմեռը գործը կանգնում է՝ ստիպված գալիս են, աշխատածը ծախսում,
նորից գնում: Մենք տարվա մեջ 8-9 ամիս մեր ամուսիններին չենք տեսնում: Ու եթե ուշադրություն
դարձնեք՝ վերջին տարիներին մեր գյուղի բոլոր երեխաները օգոստոս-սեպտեմբեր ամիսների
ծնունդ են, 9 ամիսը հանեք՝ կտեսնեք, թե մեր տղամարդիկ Վարդենիկում երբ են ոտք դնում»,-
բողոքեցին գյուղի կանայք: Ընդհանրապես Վարդենիկի բնակիչների թիվը վերջին երեք տարիներին
կրկնակի կրճատվել է, ամեն մի փողոցում ընդամենը 3-4 ընտանիք է ապրում: Գյուղացիների
մյուս դարդը, իրենց խոսքերով ասած՝ փողի պակասությունն է: Վարդենիկցու սոցիալական
վիճակի մասին պատկերացում կազմելու համար բավական է ծանոթանալ գյուղի խանութպանների
ներկայացրած «նիսյաների» ցուցակին: Հուլիսի 15-ին յուրաքանչյուր վարդենիկցու պարտքը
խանութին անցնում էր 500 դոլարի սահմանը. գարնանից սկսած՝ նրանք ապրանքները պարտքով
են վերցնում, աշնանը կարտոֆիլի բերքահավաքից հետո վերադարձնելու պայմանով: Թե ինչ
են գնում խանութից՝ մեր հարցին, գյուղացիները պատասխանեցին. «Շորից սկսած՝ ամեն ինչ,
երեխեքին կանֆետ-ծամոն, ինչ ուզում են՝ առնում ենք, որ հոր կարոտը շատ չզգան, ստից
առնում ենք՝ ասում ենք պապան ա Ռուսաստանից ուղարկել»: Կամո Շահինյան 8-րդ փողոցի
«սուպերմարքեթի» տիրուհին՝ տիկին Սվետան, համագյուղացիների պարտքերի համար այնքան
էլ անհանգստացած չէ: Նրա խոսքերով՝ «սաղին ճանչնում ենք, խո չելան-փախան՝ կիտան:
Մեր ապրանքատերերը գիտեն՝ աշունը բերքով ա, թե փողով ա՝ մի կերպ կփակվեն»: Քանի որ
գյուղում տղամարդ քիչ կա՝ հիմնականում ծերունիներ, ըստ խանութպանի, տղամարդու հագուստ
չեն էլ բերում: Ի դեպ, գյուղի գրեթե բոլոր խանութներում ծխախոտը վաճառում էին հատով,
ինչն արգելում է օրենքը: «Ախր բիձեքը փող չունին, որ մի պաչկա առնին, իսկ հատով գոնե
մեկ-մեկ ծախվում ա»,- արդարացավ խանութպանը: Վաճառասեղանին իրար կողք կողքի դրված
էին կրծկալը, լվացքի փոշին, բաց տուփերով թխվածքաբլիթներն ու մանկական կերերը: Չնայած
դրան, այնտեղ ժամկետանց ապրանք չէիր կարող գտնել: Վաճառողների խոսքերով՝ «ամեն ուրբաթ
նոր ապրանք ստանալու օրն է, հինը հետ ենք տալիս՝ թարմը վերցնում»: Վարդենիկի
կլիմայական պայմանները թույլ են տալիս աճեցնել միայն կաղամբ եւ կարտոֆիլ, որոնց վաճառքից
ստացված գումարը գրեթե շահույթ չի ապահովում. «Էս տարի շուկան լիքն է, գինը գցել
են, գալիս են դռան մոտ, ինչքանով ուզում են՝ ստիպված տալիս ենք, որ ձեռի ծախս հանենք,
եթե մի 10-20 դրամ ավել ասենք՝ կմնա վրեքներս, մեզնից չառնեն՝ Քյավառում լիքն ա»,-
ասում են գյուղացիները: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ