Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՏԵՂԵԿԱՆՔ Է ՏՎԵԼ

Օգոստոս 01,2006 00:00

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ
ՏԵՂԵԿԱՆՔ Է ՏՎԵԼ «Առավոտն» օրերս մի տեղեկություն էր հրապարակել,
ըստ որի, «հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում գրություն
էր ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից
այն մասին, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, 1946թ. ծնված Ռոլանդ
Գրիգորի Մկրտչյանը եւ գյուղապետարանի հաշվապահ՝ 1970թ. ծնված Գեւորգ Սերյոժայի Հարությունյանը
չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ համայնքին պատճառել են 1 597 300 դրամի նյութական
վնաս: Տեղեկություն կար նաեւ, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քննչական
բաժանմունքում հարուցվել է քրգործ»: Օրերս այդ տեղեկությունը հերքելու համար
խմբագրություն էր այցելել Նալբանդյան գյուղի գյուղապետն իր մի քանի ուղեկիցների հետ
ու պահանջում էր հերքել տեղեկատվությունը: Երեկ նրանք խմբագրությանն են ներկայացրել
նաեւ պաշտոնական գրություն, որը ստորագրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային
վարչության Արմավիրի բաժնի պետ, գնդապետ Արման Գեւորգյանը: Թիվ 85-01/ 2360 գրությամբ
պարոն Գեւորգյանը տեղեկանք է տվել «Նալբանդյան գյուղի բնակիչ՝ Ռոլանդ Գրիգորի Մկրտչյանին
առ այն, որ նրա վերաբերյալ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում վարկաբեկիչ նյութեր
չկան: Տեղեկանքը տրվում է ներկայացնելու պահանջվող վայրը»: Սա, անշուշտ, չի
նշանակում, որ մեր տեղեկությունը մտացածին է եղել: Բանն այն է, որ այդ չարաշահման
մասին տեղեկությունները ստացվել էին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության
հերթապահ մասից: Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ գրությունը ստացվել էր
23.06.2006թ.-ին եւ գրանցվել էր դեպքերի մատյան թիվ 162-ում, Արմավիրի մարզային վարչության
քննչական բաժանմունքում էլ քրգործի հարուցման մասին որոշման համարն է՝ 61203106:
Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունում ի պատասխան մեր հարցադրմանն ասացին, որ այդ
գյուղում ստուգումներ էր անցկացրել ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը:
Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել