Լրահոս
Օրվա լրահոսը

Դասականը

Օգոստոս 01,2006 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, թերեւս, կարելի է համարել դասական դիվանագետ:

Դասական այն իմաստով, որ նա, դիվանագիտության դասական նորմերի պահանջների հանգույն, միշտ կարողանում է խոսել այնպես, որ իր խոսքերը, անկախ թեմայի նրբությունից եւ «մուխանաթությունից», առավելագույնս՝ հաճելի լինեն տվյալ միջավայրի ու լսարանի քիմքին: Եվ ոչինչ, որ տեղեկատվության կայծակնային փոխանակման այս ժամանակներում, մի միջավայրի համար հաճելի, հետեւաբար եւ՝ մյուսի համար տհաճ նրա խոսքը շատ արագ հասնում է նաեւ այնտեղ, որտեղի համար նախատեսված չէր: Այդ «փոքրիկ» սխալը կարելի է արագորեն ուղղել հաջորդ միջավայր կատարելիք մի այցով ու հենց այնտեղի լսարանին հասցեագրված խոսքերով:

Օրինակ, մենք շատ լավ ենք հիշում, երբ բոլորովին վերջերս Բրայզան, Բաքվի մամուլում համեմատելով հայկական եւ ադրբեջանական ժողովրդավարությունները, աներկբայորեն արտահայտվել էր վերջինի օգտին, նշելով ինչ-որ դրական «միտումների» մասին: Այս օրերին, երբ Բրայզան այստեղ է, կարելի է ասել, ունենք ճիշտ հակառակ պատկերը: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հարցին, թե իրե՞ն է վերագրվում միտքը, որ Ադրբեջանում ժողովրդավարության ավելի տեսանելի միտումներ կան, ամերիկացի դիվանագետը պատասխանել է. «Ես նման բան չեմ ասել: Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանրապես չի կարելի համեմատել: Երկուսն էլ ունեն իրենց պլյուսներն ու մինուսները: Իմ միտքն այն էր, որ Ադրբեջանը չի համապատասխանում որոշ չափանիշների, բայց դա չի նշանակում, որ առաջընթաց չկա: Ադրբեջանում միտումները վերջին ամիսներին դրական են: Դրական են միտումները նաեւ Հայաստանում»: Ինչպես տեսնում ենք, Բրայզան ճարպկորեն մեղմացնում եւ վերախմբագրում է այլ միջավայրում հնչեցրած իր խոսքը՝ այն որոշակիորեն ընդունելի դարձնելով նաեւ հայկական միջավայրի համար: Ավելին, Բրայզան այստեղ իր ասածին հավելում է բաներ, որոնք միարժեքորեն «փաղաքշում» են հայկական լսելիքը եւ, նույնքան միարժեքորեն, վաղը բացասական արձագանքներ են հարուցելու Բաքվում: Նույն հարցազրույցում նա հայտարարել է, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշի Ղարաբաղի ժողովուրդը: Իհարկե, անմիջապես էլ վերապահում անելով, որ նախ հարկ է հստակեցնել, թե «ում պետք է համարենք Ղարաբաղի ժողովուրդ»: Այս վերջին վերապահումը, պետք է կարծել, առիթի դեպքում «հակադիր» միջավայրում խոսելիս նրան նոր վերախմբագրումների ոչ վատ հնարավորություններ կընձեռի: Ի դեպ, Բրայզան տեղային նշանակության այլ հաճելի բաներ էլ է ասել հենց Ղարաբաղում, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ ունեցած հանդիպումից անմիջապես հետո: Ինչպես հաղորդում է «Արմինֆոն», ամերիկացի դիվանագետը նշել է, թե հասկանում է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի, հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել», ընդ որում՝ հավելելով, որ դա գիտակցում է ոչ միայն ինքը, «այլեւ բոլոր միջնորդները»:

Իսկ թե ինքը կամ ՄԽ անդամ որեւէ այլ միջնորդ ինչ կասեն հետագայում, դա, թերեւս, պարզ կդառնա Փարիզում, ուր Բրայզան կմեկնի տարածաշրջանից եւ որտեղ, իր իսկ խոսքերով, քննարկումներ կունենա իր գործընկեր մյուս միջնորդների հետ:

Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել