Ասում
է «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը – Պարոն
Գեղամյան, ինչո՞վ եք բացատրում ներքաղաքական իրավիճակը, երբ իշխանական ուժերն ավելի
ակտիվ են, քան ընդդիմադիր ուժերը: – Օգտվելով այն հանգամանքից, որ հիմա ԱԺ-ն
արձակուրդում է, ավելի շատ ժամանակ եմ անցկացնում գիտական, ինչու չէ, նաեւ քաղաքագիտական
զանազան նյութեր ընթերցելով: Երբ խորանում ես այն զարգացումների մեջ, որոնք առկա
են մեր տարածաշրջանում եւ աշխարհով մեկ, ու հետո անդրադառնում ես մեր քաղաքական իրականությանը,
մնում ես զարմացած: Մի՞թե կարելի էր այս աստիճան իջեցնել փոթորկահույզ մեր ժամանակներում
քաղաքական մտքի մակարդակը, երբ աշխարհը եւ տարածաշրջանը բացարձակապես այլ ուղղություններով
են զարգանում, մտահոգ են կարեւոր այլ հարցերի լուծմամբ, իսկ պարոններ Քոչարյան-Սարգսյանը
իրենց ջանքերը նպատակաուղղել են գավառական իշխանիկների զինանոցից ընդօրինակած հիմնական,
անփոխարինելի «զենքի» կիրառմանը՝ էլ ավելի պառակտել հասարակությունը, էլ ավելի թշնամանքի,
թերահավատության մթնոլորտ սերմանել մեր՝ առանց այն էլ հուսահատության գիրկը նետված
ժողովրդի մեջ: Վերջիններիս նպատակն էլ մեկն է՝ ցանկացած գնով փորձել երկարաձգել սեփական
իշխանավարությունը: Սա չափազանց մտահոգիչ է, եւ երբ այդ հենքի վրա ես փորձում վերլուծել
հայաստանյան ներկայիս զարգացումները, ակամա հիշում ես հայտնի, սակայն տխուր, բայց
տվյալ պարագայի համար դիպուկ ասացվածքը՝ խնջույք ժանտախտի ժամանակ: – Ի՞նչ
գերագույն նպատակ կա, որ այդքան ակտիվ են իշխանական ուժերը, ինչո՞վ եք բացատրում
Հանրապետականի շարքերի համալրումն ամեն տեսակի մարդկանցով, եւ ձեր կարծիքով՝ ինչո՞ւ
պաշտպանության նախարարը մտավ Հանրապետականի շարքերը: – Նրանք, խոսքս Քոչարյան-Սերժ
Սարգսյան զույգի մասին է, ընտրել են շատ պարզունակ քաղաքականություն, երբ փորձում
են ամբողջ ազգի ուշադրությունը շեղել հանրապետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրներից
եւ այն կենտրոնացնել ներքաղաքական ճղճիմ վերադասավորումների վրա: Ակնհայտ է, որ այդ
ամենը ոչ մի ընդհանուր աղերս չունի Հայաստանի գալիքի, առավել եւս հրատապ լուծումներ
պահանջող հարցերի հետ: Եղավ իշխող քաղաքական կուսակցության երկու ամիս շարունակ թմբկահարվող
համագումարը: Դրան հետեւեց այն, որ եւ ոչ մի լրատվամիջոց, առավել եւս նորաթուխ հանրապետականները,
ասես թե լռության երդում ընդունած, այդպես էլ չեն խոսում Հայաստանի Հանրապետության
զարգացման իրենց տեսլականի մասին, չեն խոսում, թե ինչպես պիտի մեր երկիրը կարողանա
դիմակայել վտանգավոր այն զարգացումներին, որոնք արդեն չոքել են հայոց պետականության
դռանը: Ոչ մի մտավոր նոր գաղափար քննարկման համար չիջեցվեց հրապարակ: Առանցքային
ոչ մի խնդիր, որը կարող էր բախտորոշ լինել երկրի զարգացման ճակատագրի համար, այդպես
էլ չմատուցվեց հասարակությանը, չքննարկվեց: Ազգիս ջոջերը դրա փոխարեն անթաքույց փորձեր
են անում, որ իրենց պարզունակ, սադրիչ հարցադրումների շուրջ քաղաքական ուժերը բանավիճեն,
սուր ճոճեն իրար վրա, որ մեր ժողովուրդը եւ միջազգային պատկան կազմակերպություններն
էլ ասեն՝ իսկ ի՞նչ տարբերություն դիմության եւ ընդդիմության միջեւ, չէ՞ որ այս մարդիկ
կտրվել են իրականությունից, բացարձակապես մեկուսանալով իրենց լեռներում՝ չեն տեսնում,
թե աշխարհն ինչո՞վ է ապրում, աշխարհը տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ է տեսնում,
ամբողջովին անտեղյակ են այն մարտահրավերներին, որոնք կարող են բախտորոշ լինել Հայաստանի
համար: Այնպես որ, ձեր հիշատակած վերադասավորումները, որոշակի տեսակի մարդկանց հոսքը
դեպի Հանրապետական, ավա՜ղ, ոչ մի ընդհանուր բան չունի Հայաստանի ճակատագրի, առավել
եւս նրա հեռանկարային զարգացումների հետ: Կներեք, շտապեցի, ունի, բայց խիստ բացասական:
Ուստի, իմ առաջիկա հրապարակային ելույթներում երբեք ու երբեք ես չեմ իջնի քաղաքական
ուժերին պարտադրվող բանսարկությունների ոլորտ, ես այդ ասպարեզում նրանց հետ քննարկելու
խնդիր չունեմ: Խնդրեմ, թող հրապարակավ բանավիճենք թեկուզեւ վերջերս Սանկտ Պետերբուրգում
կայացած Մեծ ութնյակի գագաթաժողովում բարձրացված հարցերի շուրջ: Չէ՞ որ դրանք բախտորոշ
են աշխարհի, հատկապես անցումային փուլում գտնվող երկրների համար: Այն է՝ որո՞նք են
գլոբալ էներգետիկ անվտանգությունն ապահովելու գործում մեր անելիքները, XXI դարում
ինովացիոն հասարակարգ ձեւավորելու գործում կրթական ի՞նչ խնդիրներ պետք է լուծի Հայաստանը,
ինֆեկցիոն հիվանդությունների առաջն առնելու համար որո՞նք են հրատապ կարգավորում պահանջող
հարցերը եւ այլն: Խնդրեմ, այս հարցերը քննարկենք, այս հարցերի շուրջ բանավիճենք:
Քննարկենք նաեւ, թե ինչպես անենք, որ Հայաստանը վերջիվերջո ընդգրկվի տարածաշրջանում
իրականացվող ծրագրերի մեջ, քայլեր ձեռնարկենք, որ մեզ ավանդաբար լավ վերաբերվող Չինաստանի
Հանրապետությունը հանկարծ չֆինանսավորի Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին,
ինչը վերջնականապես մեկուսացման գիրկը կնետի Հայաստանը: Նման հարցեր այս իշխանությունները,
ավա՜ղ, չեն կարող քննարկել, որովհետեւ իրենց հոգեւոր հայրերը ինտելեկտուալ առումով,
ինչպես իրենց արած գործերն են վկայում, հետամնաց ցեղերի վոժդերի մակարդակի են, այն
էլ՝ թշվառության մեջ հայտնված աֆրիկյան առանձին երկրների: – Այնուամենայնիվ,
ինչ-որ ձեւով հնարավո՞ր է բացատրել պաշտպանության նախարարի հանրապետական դառնալը,
դա ինչ-որ հեռահար նպատակ, անշուշտ, հետապնդում է, ո՞րը կարող է լինել այդ նպատակը:
– Եթե դուք ուշադիր հետեւել եք մեր մամուլին, ապա ակնհայտ է, որ փորձում են
ձեւավորել այնպիսի մտայնություն, հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանում,
որ պարոններ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանում սթափ մտածող միակ պետական այրերն
են, ովքեր Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում դրսեւորում են եզակի հանդուրժողականություն
եւ կոմպրոմիսի գնալու պատրաստակամություն, որի պատճառով էլ անողոք քննադատության
են ենթարկվում թե երկրի ներսում եւ թե երկրից դուրս: Ավելին՝ հոժարակամ անդամակցում
են այն կուսակցությանը, որի կարկառուն գործիչները բազմիցս հրապարակավ հայտարարել
են՝ «ազատագրված եւ ոչ մի տարածք չենք զիջելու թշնամուն»: Ուստի եւ կարող է ստեղծվել
թյուր տպավորություն, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, եթե ուզում եք ԼՂ հիմնահարցը
խաղաղ ճանապարհով կարգավորել, ապա իմացեք, բացի պարոն Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից
Հայաստանում այդ խնդիրը լուծելու այլ կարող ուժ չկա: Այլ խոսքով, պարոն Սերժ Սարգսյանի
մուտքը ՀՀԿ պայմանավորված է նաեւ նրանով, որ նա փորձելու է միջազգային հանրությանը
ապացուցել, որ անդամակցել է նժդեհական գաղափարախոսությունը կրող, մեր հողին կառչած
կուսակցությանը, որ այնտեղ կարողանա բացատրական վիթխարի աշխատանք տանելով, կրակն
իր անձի վրա վերցնելով, շտկել իրավիճակը, պատրաստել ԼՂ հարցում փոխզիջումների ընդունումը:
Այսինքն՝ այս պարագայում վերջինիս մոտ հերոս երեւալու խնդիր կա: Սա հարցի մի կողմն
է: Կա նաեւ մեկ այլ կողմ: Այսպես, ցանկացած նման բացահայտումներին հետեւում են իր
կողմից վերահսկվող թերթերի փողոցային բառերով ողողված արձագանքները. մտավոր բանավեճի
հոտ անգամ չի գալիս: Այս պարագայում ես կարող եմ համոզված ասել, որ թագավորության
ձգտող անձի մերկ լինելը վերստին դառնում է ակնառու ոչ միայն երկրի ներսում, այլեւ
երկրից դուրս: Այստեղ կա հարցի եւս մեկ կողմ: Պարոններ Սերժ Սարգսյանը եւ Քոչարյանը,
ի պատիվ իրենց, շատ լավ են զգում իրենց սպառնացող մոտալուտ վտանգը եւ գիտակցում են,
որ հատուցման, պատասխան տալու պահն արդեն եկել է: Չէր կարելի ութ տարի շարունակ մեր
դյուրահավատ ժողովրդին մոլորեցնել՝ ասելով, որ ԼՂ հարցում շատ ավելի հեռանկարային,
դրական լուծումներ են սպասվում, մինչդեռ արդյունքում ականատեսն ենք դառնում, որ տնտեսական
խոշորածավալ ծրագրերը, այն է՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթատարը
եւ գազատարը արդեն իսկ կյանքի են կոչվել: Հիշենք, որ ութ տարի շարունակ իշխանական
մամուլը հեգնանքով էր խոսում դրանց հնարավոր շահագործման մասին: Արդյունքում՝ Հայաստանը
անցած տարիների ընթացքում տնտեսական զարգացման առումով զգալի նահանջ է ապրել նույն
Ադրբեջանի համեմատ, իսկ հեռանկարային զարգացումների տեսանկյունից՝ նաեւ Վրաստանի
համեմատ, ինչքան էլ այնտեղ այսօր չլուծված ներքին խնդիրներ կան: Դրա վկայությունն
այն է, որ սոցիոլոգիական ուսումնասիրություններ կատարող հեղինակավոր կենտրոններից
մեկի վերլուծության համաձայն, Հայաստանի ժողովուրդը աշխարհիս դժբախտների չորս «պատվավոր»
տեղերից մեկում է հայտնվել: Ահա սա է այսօրվա իշխանությունների ճշգրիտ եւ անկողմնակալ
գնահատականը: Իսկ այն դատարկ ճամարտակությունները, թե ով ում հետ միացավ, ով ումից
բաժանվեց եւ ով ինչ արեց, լավագույն դեպքում կարող են քննարկման առարկա դառնալ ընդդիմադիրի
քող հագած լրատվամիջոցների եւ դրանց թիկունքում թաքնված կուսակցությունների համար:
Մեզ համար արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանական լրատվամիջոցներն ասես թե դարդ են անում,
որ, մասնավորապես, «Ազգային Միաբանությունը» չի տեղավորվում նախագահական պալատում
գրված սցենարի մեջ, չի ներքաշվում իրենց համար հոգեհարազատ գզվռտոցի ու իրար ոսկոր
լվանալու քաղաքական կրկեսի մեջ: Մենք նման ղումարի մեջ չներքաշվելու բավարար փորձառություն
ունենք, ավելին՝ այդ ոլորտում առկա իրավիճակը վիրավորում է մեր ինտելեկտը: –
Այսօր արդեն ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ պաշտպանության նախարարը Ռոբերտ
Քոչարյանի իրավահաջորդն է: Որքանո՞վ կարող է սա իրական լինել, մանավանդ որ այսօր
կարծես թե նախագահացուների պակաս չկա ո՛չ իշխանական եւ ո՛չ էլ ընդդիմադիր դաշտում:
– Իրավահաջորդ կարելի է լինել օրինական իշխանությանը, ապօրինի իշխանության
իրավահաջորդ լինելը նոնսենս է: Իսկ ինչ վերաբերում է ցանկություններին, ռուսական
շատ հետաքրքիր ասացվածք կա՝ «ցանկանալը վնասակար չէ»: Ես ուրիշ ճակատագիր եմ տեսնում,
ուրիշ հեռանկար եմ տեսնում Սերժ Սարգսյանի համար եւ կաշխատեմ դա հնարավորինս մեղմել,
այն գիտակցմամբ, որ, այնուամենայնիվ, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը
ԼՂ-ի ազատագրման գործում դրական դրսեւորումներ ունեցել են, չնայած վերջերս Արցախի
ազատամարտի ճանաչված հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանն ի լուր աշխարհի կրկին պնդեց,
որ Սերժ Սարգսյանը պատերազմական բուն գործողություններին չի մասնակցել: –
ՀՀԿ արտահերթ համագումարից հետո պատասխանելով հարցերին, Սերժ Սարգսյանն ասաց, որ
ինքը սուբորդինացիան երբեք չի խախտում եւ այն կարծիքին է, որ եթե ուզում ես քեզ ենթարկվեն,
դու եւս պետք է կարողանաս ենթարկվել: Դուք համամի՞տ եք: – Մտահոգիչ է, որ
մենք այդ բառերը լսեցինք, որովհետեւ քաղաքական կուսակցությունը կազարմա չէ, քաղաքական
թիմում համախմբվում են գաղափարի շուրջ, եւ գաղափարի շուրջ համախմբված մարդիկ խնդիր
չունեն մեկը մյուսին ենթարկվելու, խնդիր ունեն որդեգրած գաղափարը կյանքի կոչելու:
Ասել կուզի, որ պրն Սարգսյանը իր այդ խոսքով գլխի գցեց հանրությանը եւ, ինչու չէ,
ՀՀԿ ղեկավար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որ այսուհետ էլ ինքը Հանրապետական կուսակցության
վզով փաթաթելու է պրն Քոչարյանի կարծիքը: Մի խոսքով՝ «Նաջարյանի ասածը
մեզ համար
օրենք է»: Ինչի համար էլ շնորհավորում եմ Հանրապետական կուսակցությանը: Իսկ թե ով
է դառնալու «ոսկե ցլիկը», դա մեկ այլ հարցազրույցի նյութ է: Էլ չխոսենք այն մասին,
որ մարդը, ով չենթարկվեց մի ամբողջ ժողովրդի ազատ արտահայտված կամքին, ավելին, բռնացավ
ժողովրդի կատարած ընտրության վրա, լինելով Քոչարյանի նախընտրական շտաբի պետը՝ կեղծեց
նախագահական ընտրությունների արդյունքները, հիմա թող լրացուցիչ մեղք չվերցնի իր վրա,
ասելով, որ ինքը սուբորդինացիա է պահպանում, ջատագովն է լինելու Ազգային ժողովի առաջիկա
ընտրությունների անթերի անցկացմանը: Պրն Սարգսյանի խոստումներին, թերեւս, կարելի
էր լուրջ վերաբերվել, եթե նա չբռնանար մի ամբողջ ազգի կատարած ընտրությունների վրա,
դրանք լինեն խորհրդարանական, թե նախագահական: – Ինչո՞վ եք բացատրում ընդդիմության
պասիվ պահվածքը, եւ արդյոք դա առիթ չէ՞, որ իշխանական ուժերն էլ ավելի ակտիվանան:
– Ես ողջունում եմ ընդդիմադիր դաշտի իմ գործընկերներին՝ իրենց դրսեւորած հեռատես
պահվածքի համար: Պետք չէ մեր ժողովրդին մոլորեցնել: Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ,
եթե հանկարծ հիմա, երբ Հանրապետականի շուրջ նման արհեստածին իրարանցում է նկատվում,
սադրիչ հրապարակումներ են լույս տեսնում՝ խնդիր ունենալով բախում առաջացնել Գագիկ
Ծառուկյանի եւ Անդրանիկ Մարգարյանի միջեւ, «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՀԿ-ի միջեւ,
ընդդիմությունն էլ այս պայմաններում իր գործողություններն ավելի ակտիվացներ: Մարդիկ,
իրավամբ, տեսնելով իրենց այսօրվա հոգսերի հետ եւ ոչ մի ընդհանուր եզր չունեցող խառնիճաղանջ
մթնոլորտը, էլ ավելի կհուսահատվեին, լսելով իրարամերժ կարծիքներ, տեսնելով գզվռտոցը՝
վերջնականապես կհիասթափվեին քաղաքական բոլոր ուժերից՝ լինի դա դիմություն, թե ընդդիմություն:
Ահա հենց նման իրավիճակի ստեղծումը Հայաստանում Քոչարյան-Սարգսյան զույգի կողմից
գործողության մեջ դրած սցենարի առանցքն է: Դե ինչ, զրկենք պարոններին դա ճաշակելու
բերկրանքից: Իրավիճակի վերլուծությունը հուշում է «Ազգային Միաբանությանը»
թվացյալ պասիվություն դրսեւորել՝ դրանով իսկ հնարավորություն տալ մեր ժողովրդին,
որ նրանք ականատեսը լինեն մի յուրահատուկ իրավիճակի, երբ կրիմինալը մտնում է քաղաքականություն՝
սերտաճելով իշխանությանը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ տվյալ երկրի իշխանությունները
դատապարտված են խորտակման: Ուստի, կրկնեմ, որ մենք զույգին եւ իրենց հետեւորդներին
չպետք է խանգարենք, որ մարդկանց համար նրանց ով լինելը վերջնականապես պարզ դառնա:
Հիմա իրենք ամեն ինչ կանեն, որ արհեստականորեն բախում առաջացնեն իշխանական եւ ընդդիմադիր
ուժերի միջեւ, որ մենք սկսենք միմյանց քննադատել ու պախարակել, իսկ իրենք՝ զույգը,
վերնահարկից նաեն եւ ուրախանան՝ ասելով. տեսեք, այս հայաստանցիներն այդպես էլ այս
ութ տարիների ընթացքում խելք չսովորեցին, հերթական անգամ տեղավորվեցին մեր կողմից
գծված սցենարում: Այսօր ցանկացած քաղաքական ուժի հասունացման չափանիշը պետք է բնութագրվի
ընդամենը մեկ հարցի պատասխանը վերլուծելով, թե ովքե՞ր են երկրում եղած չարիքի վերջնական
մեղավորները: Ինչպես կասեր երգիծաբանը, դա անգամ իսկ ոզնուն է պարզ. ի վերջո, մեղավորները
պարոններ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն են: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ