Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱԳԵՏԸ «ՎԵՐԾԱՆԵՑ» ԲՐԱՅԶԱՅԻ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ

Օգոստոս 01,2006 00:00

Ըստ
այդմ, եթե ԼՂ հարցը լուծվի մինչեւ այս տարվա վերջը, միջազգային հանրությունը աչք
կփակի առաջիկա ընտրությունների ընթացքի վրա: Շաբաթ օրը Ռոբերտ Քոչարյանին
հանդիպելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն»
ռ/կ-ին տված հարցազրույցում մի քանի կարեւոր հայտարարություններ է արել, որոնք, ի
տարբերություն ռադիոկայանի պաշտոնական կայքի հայալեզու տարբերակի, մանրամասնորեն
շարադրված են անգլերեն տարբերակում: Երեկ հենց հիշյալ հայտարարությունների վերաբերյալ
իր մտահոգությունները հայտնեց «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական
կենտրոնի» հետազոտությունների ղեկավար, փորձագետ Ստեփան Սաֆարյանը: Բայց մինչ դրանց
անդրադառնալը նա նկատեց, որ Բրայզայի՝ վերջին շրջանում արած հայտարարությունները
բավականին մեծ հակասություններ են պարունակում: Օրինակ, ըստ փորձագետի, հակասական
է Երեւանում արած Բրայզայի այն հայտարարությունը, թե այս տարի դեռեւս շանս կա ԼՂ
հակամարտության կարգավորման հարցում կողմերի միջեւ համաձայնության հասնելու համար:
«Իհարկե, շանս կա, եւ երկու երկրների ղեկավարների համար էլ շատ շահեկան կլիներ ընտրություններին
ներկայանալ հարցը լուծած: Սակայն ընտրություններն էլ բանակցային գործընթացի համար
խոչընդոտ չեն: Պարզապես հարցը ավելի հեշտ է լուծել այն ժամանակ, երբ քաղաքական գործընթացները
դեռ չեն թեժացել»,- հայտարարել էր ամերիկացի համանախագահը: Ստ. Սաֆարյանն այս իմաստով
հիշեցրեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ավելի վաղ արած հայտարարությունները 2006 թվականի,
այսպես կոչված, հարցի լուծման համար «բաց պատուհանի» հնարավորությունների մասին,
որոնք համանախագահները պայմանավորել էին Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններից
ազատ ժամանակահատվածով: «Տվյալ դեպքում, ըստ Բրայզայի, դա ընդամենը բարդացնող պայման
է: Այսինքն՝ Բրայզան հավաստում է, որ անկախ ամեն ինչից՝ բանակցությունները շարունակվելու
են, եւ եթե երկու նախագահներին թվում է, որ 2006-ի ավարտից հետո միջազգային ճնշում
չի լինի՝ սխալվում են»,- Բրայզայի հայտարարությունն այսպես մեկնաբանեց փորձագետը:
Ի պատասխան մեր այն հարցադրման, թե այդ դեպքում, ըստ նրա, ինչո՞ւ է փոխվել
Բրայզայի կարծիքը, պարոն Սաֆարյանն ասաց. «Փոխվել է, որովհետեւ այն ճնշումները, որոնք
նրանք փորձեցին գործածել անցած ամիսների ընթացքում երկու երկրների նախագահների նկատմամբ,
եւ այն հնարավոր ճնշումները, որոնց մասին ակնարկել էր մասնավորապես «Միջազգային ճգնաժամային
խմբի» ղեկավար Սաբինա Ֆրեյզերը՝ եվրոպական կառույցներին խորհուրդ տալով փոխել իրենց
վերաբերմունքը Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ կասեցնել «Հազարամյակի
մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանին ուղղված հատկացումները, թերեւս,
արդյունավետ են եղել: Պատահական չէ, որ Բրայզայի վերջին այցից հետո Ռ. Քոչարյանն,
ըստ էության, վերջնականապես համաձայնեց սեղանին դրված փաստաթղթին»: Փորձագետի
փոխանցմամբ, Բրայզայի հայտարարության վերջին հատվածն էլ բավականին տհաճ տպավորություն
է թողնում: Ամերիկացի համանախագահողի հարցազրույցի անգլերեն տարբերակում, ըստ Ստ.
Սաֆարյանի, բառացիորեն ասված է հետեւյալը. «Ես կփաստարկեմ, որ Ադրբեջանում եւ Հայաստանում
ընտրությունները խոչընդոտ չեն հարուցում համաձայնության հասնելու համար: Դրանք պարզապես
լրացուցիչ բարդացնող գործոն են: Նախագահներն են, որ պետք է ուղղորդեն իրենց հասարակություններին,
իրենց ընտրողներին որեւէ ուղղությամբ, որը նրանք են ցանկանում՝ ա) քվեարկության ժամանակ
իրենց եւ սեփական կուսակցություններին հաղթելու համար, բ) հանրային համաձայնության
աջակցություն կառուցելու համար: Եթե նախագահներին մեր՝ իբրեւ միջնորդների, աջակցությամբ
հաջողվի վերջնական տեսքի բերել համաձայնություններն ու վերջ տալ վերջնական շրջանակային
համաձայնության տարաձայնություններին, գալ փոխադարձաբար ընդունելի համաձայնության,
ապա դա պլյուս կլինի ընտրությունների ժամանակ: Դա հսկայական նվաճում կլինի, որը փաստորեն
կօգնի քաղաքական ղեկավարներին եւ իրենց կուսակցություններին քվեարկություններում
հաղթել: Այդպիսով ընտրություններն օգտակար կլինեն»: Ստ. Սաֆարյանի համոզմամբ, այլ
կերպ ասած, սա նշանակում է, որ եթե նախագահները համաձայնության գան եւ շրջանակային
համաձայնագիր ստորագրեն, իշխանության վերարտադրությունը հնարավոր կլինի: Փորձագետը
միաժամանակ հավելեց, որ այդ հայտարարությունում սպառնալիք էլ կա՝ «որքան ընտրություններից
շատ ավելի առաջ այդ դժվարին որոշումը կայացվի՝ ավելի հեշտ կլինի փոխզիջումները մատուցել
հասարակությանը, եւ դժվարություններ չեն լինի ընտրական գործընթացի ժամանակ»: Այսինքն,
ըստ փորձագետի, Բրայզան ակնարկել է, որ եթե մինչեւ ընտրությունները երկու երկրների
քաղաքական ղեկավարները համաձայնության գան, միջազգային հանրությունը, ինչպես նախորդ
ընտրությունների ժամանակ էր, օրինակ՝ սահմանադրական հանրաքվեի, աչք կփակի դրա արդյունքների
ու հավանական կեղծիքների վրա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել