Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹԸ (ՕՐԸ) ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵԼ ՍԵՔՍՈՎ

Հուլիս 29,2006 00:00

Ըստ հայ մասնագետների՝ դա զուտ անհատական խնդիր է

Լրիվ սեքսուալ ազատության հետ զուգակցված «խաղաղ ընտանեկան արժեքների ձգտումը» հաճախ հանգեցնում է ճիշտ հակառակ արդյունքների: Մեզ համար էլ այլեւս գաղտնիք չէ, որ սեքսուալ անբավարարվածությունը (ինչպես մասնագետներն են հավաստիացնում՝ անգամ հանճարների դեպքում) կարող է հանգեցնել ամենաանհավանական «արկածների», ընդհուպ՝ խելագարության: Իսկ թե ինչ չափաբաժնով է անհրաժեշտ սեքսը, այս մասին կան տարբեր կարծիքներ: «Շաբաթը երկու անգամը բավարար է»,- պնդում են Թալմուդ արաբական գիրքը եւ ժամանակակից սեքսոլոգները: «Որքան շատ՝ այնքան լավ», նման եզրահանգման է եկել ժամանակակից զանգվածային մշակույթը, որը սեքսը դարձրել է սոցիալական հաջողության գրավականներից մեկը: Օրթոդոքսալ ֆեմինիստուհիներն էլ գտնում են, որ սեքսն անհրաժեշտ բան չէ, կարելի է յոլա գնալ առանց դրա: Աշխարհում, Եվրոպայի քաղաքակիրթ երկրներում էլ խոսվում է, որ առանց ցնցող սեքսի հնարավոր չէ մուտք գործել «հաջողակ մարդկանց ակումբ»: Առասպելին հատուկ այս միտքը կամ պնդումը մոտավորապես նույնքան կապ ունի իրականության հետ, որքան, օրինակ, հոլիվուդյան կինոն՝ միջին վիճակագրական ամերիկացիների կյանքի հետ:

Ժամանակին «Առավոտի» հետ զրուցած հոգեբաններն ու սեքսոլոգները հավաստիացրել են, որ վերջին տարիներին արական թե իգական սեռի ներկայացուցիչներն իրենց ինտիմ կյանքի հետ կապված որոշ հարցեր ճշտելու կամ խորհուրդներ ստանալու նպատակով դիմում են մասնագետների: Իսկ թե որքան է յուրաքանչյուրին սեքսը անհրաժեշտ, կարծում ենք, այս հարցը դեռ «բաց» է: Այսինքն, այդ հարցով ոչ ոք մասնագետի չի դիմի: Լսելով հանրապետությունում ճանաչված մասնագետների խոսքը՝ մեր կարծիքը հաստատվեց:

Ներկայացնում ենք հանրապետությունում հեղինակություն վայելող հոգեբան Խաչիկ Գասպարյանի եւ Հայաստանի գլխավոր սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանի խոսքը:

«Շատ հազվադեպ են ինձ դիմել մարդիկ, որոնց հետաքրքրել է, թե շաբաթվա կամ ամսվա ընթացքում ինչքան է անհրաժեշտ սեքսը: Թող ինձ ներեն, բայց դիմողներին համարում եմ անվստահ մարդիկ: Սա շատ անհատական մոտեցում է, պարզապես յուրաքանչյուր ոք պետք է իր նախասիրության մասին այս ոլորտում հայտնի իր զուգընկերոջը: Սա այն դեպքը չէ, երբ պետք է կարդալ ու գիտությունով շարժվել»,- հայտնեց հոգեբանը:

«Համոզված եմ, եթե այս հարցը ուղղվի կաթոլիկ տերտերին, ապա նա խորհուրդ կտար, որ սեքս անհրաժեշտ է այնքան, ինչքան պլանավորված է երեխա ունենալու համար: Իմ կողմից լուրջ պատասխանը, թե որքան է յուրաքանչյուրին անհրաժեշտ սեքսը, ապա պետք է ասեմ, որ այն բխում է տվյալ անձի հոգեկան եւ ֆիզիոլոգիական վիճակից, որով ձեւավորված է տվյալ անձի սեռական համակարգը»,- ասաց Ա. Հակոբյանը: Նրանից հետաքրքրվեցինք եւս մեկ հարցով՝ ժողովրդի մեջ տարածված է, որ գոյություն ունեն սեքսի տարբեր դիրքեր, արդյոք դա այդպես է: Այս առիթով էլ սեքսապաթոլոգը հայտնեց, որ բժշկության այդ ճյուղը կոչվում է էրոտոլոգիա. «Մենք նման մասնագետներ չունենք: Բայց տեղեկացնեմ նաեւ, որ դա սեքսապաթոլոգիայի ոլորտի չնչին մասն է կազմում եւ չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այս ճյուղն էլ սկիզբ կառնի ու իր բնականոն զարգացումը կունենա»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել