Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ինքնասպան լինել»

Հուլիս 29,2006 00:00

Տնից փախած տարեց կինը՝ Մերի Հայրապետյանը մոտ մեկ ամիս է՝ մուրացկանություն է անում եւ քնում է փողոցներում, քանի որ, ըստ նրա, իր խնամքը շահադիտական նպատակով ստանձնած հարազատներն ուզում են իրենից ազատվել:

Երեկ «Առավոտի» խմբագրություն էր եկել հնամաշ շորերով, իր ներկայացմամբ՝ քաղցած, 72-ամյա Մերի Հայրապետյանը: Մեծահասակ կինը լացակումած պատմեց, թե հարազատներն ինչպես են իրեն խաբել, բնակարանը ծախել տվել ու տնտեսած գումարներն էլ ձեռքից խլել եւ օր ծերության թողել անօթեւան:

«45 տարի ապրել եմ Ամիրյան փողոցում, եղբայրս հարբեցող էր եւ հսկայական պարտքեր էր կուտակել, նրա մահից հետո պարտքատերերը գալիս-խեղդում էին: Ստիպված բնակարանս վաճառեցի, եղբորս պարտքերը տվեցի, իսկ մնացած գումարով «Բանգլադեշում» 1 սենյականոց բնակարան գնեցի: Եվ քանի որ ժառանգ չունեմ, հորաքրոջս թոռան խորհրդով տունս վաճառեցի ու տեղափոխվեցի Մասիս՝ պայմանով, որ ես կապրեմ իրենց հետ այնքան ժամանակ, մինչեւ նրանք ինձ համար իրենց հողամասում սեփական տուն կկառուցեն: Ինձ Երեւանի գրանցումից հանեցին եւ գրանցեցին Մասիսի իրենց տան վրա (առաջին փողոց թիվ 11 տուն): Ես էլ ուրախացա, որ նման հարազատներ ունեմ, արդեն որոշել էի, որ հետագայում այդ նոր տունը կկտակեմ նրանց՝ որպես երախտագիտություն, սակայն չարաչար սխալվեցի, նրանք խաբեցին ինձ ու դուրս վռնդեցին իրենց տնից: Ես միամիտ կին եմ ու այդ չարամիտ նպատակների մասին չեմ իմացել, որպեսզի գոնե նրանց տվածս գումարի դիմաց ստացական վերցնեի»,- լացակումած պատմեց կինը:

Մերի Հայրապետյանի խոսքերով, հորաքրոջ թոռնուհուն՝ Սաթիկ Բաբախանյանին, եւ վերջինիս ամուսնուն՝ Արթուր Բաբախանյանին, տվել է վաճառված տան 8500 դոլար գումարը. «Հինգ հազար դոլար էլ բանկում խնայողություն ունեի, որը երկար տարիներ հարուստների տները ծառա լինելով էի վաստակել: Կյանքի գնով եմ ստեղծել, որպեսզի մինչեւ մահս կարողանայի ապրել եւ ոչ թե ուրիշի դռներն ընկնեի ու փող մուրայի: Սակայն այդ խնայողության մասին իմանալով, խնամակալներս ստիպողաբար այդ գումարներն էլ բանկից հանել տվեցին ու հիմա հրաժարվում են տալ, ասում են, որ ես իրենց ոչ մի գումար էլ չեմ տվել եւ որ ինձ համար գժի թուղթ են հանելու ու տանեն գժանոց: Հիմա էլ պարտադրում են, որ իրենց տան գրանցումից դուրս գամ, այլապես ինձ կսպանեն ու ունեցածս գույքն էլ կվառեն: Ահաբեկում են նրանով, որ ունեն բարձրաստիճան պաշտոնյա բարեկամներ, եւ ուր էլ դիմեմ՝ բոլոր դռներն իմ առաջ փակ են լինելու: Էլ ճար չունեմ, ուզում եմ ինքնասպան լինել»: Ծեր կինն արդեն 3 ամիս է՝ փախել է «հարազատներից»:

«Երկու ամիս ապրել եմ ծանոթիս տանը, սակայն արդեն մեկ ամիս է՝ ինչ ապրում եմ փողոցներում, պատերի տակ, քնում եմ հատակին, քաղցած օրեր եմ անցկացնում, միայն ջուր եմ խմում»: Ինչպես կինն է վկայում. «փախուստից հետո մի քանի անգամ ես կարող էի ոտք դնել այնտեղ, ուր փորձել են ինձ սպանել: Իմ վրա դանակ են քաշել: Հորաքրոջս թոռնուհին մեկ անգամ փորձեց ինձ խեղդել, եթե ես իրենց արածների մասին չլռեմ: Մի քանի անգամ էլ ճաշի մեջ դրոժ են լցրել, որ խեղդվեմ: Դատական ատյաններին չեմ կարող դիմել, քանի որ փաստաթուղթ չունեմ իմ խաբված լինելը հիմնավորելու համար, փող չունենալու պատճառով էլ չեմ կարող փաստաբան վարձել, որ շահերս պաշտպանի»: Մ. Հայրապետյանը պատմում է, որ բարեկամները գողացել են նաեւ իր սոցիալական քարտը եւ ստացել երկու ամսվա թոշակը: Սակայն սոցիալական ապահովագրության հիմնադրամի օգնությամբ օգոստոս ամսից Մերի Հայրապետյանն իր կենսաթոշակը ստանալու է Երեւանում:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել