Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՉ ԺԽՏԵԼ, ՈՉ ԷԼ՝ ՃԱՆԱՉԵԼ

Հուլիս 29,2006 00:00

ՈՉ
ԺԽՏԵԼ, ՈՉ ԷԼ՝ ՃԱՆԱՉԵԼ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի հավակնորդ
Ռիչարդ Հոգլանդն ասում է, թե այդ պաշտոնում հաստատվելու դեպքում հետեւելու է Հայոց
ցեղասպանության կապակցությամբ ԱՄՆ նախագահի որդեգրած քաղաքականությանը: Այն է՝ ոչ
ժխտել եւ ոչ էլ պատշաճ կերպով ճանաչել 1915թ. իրադարձությունները: Այս մասին,
հղում անելով Ամերիկայի Հայկական համագումարին (ԱՀՀ), տեղեկացնում է «Նոյյան տապանը»:
Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք անդամներ Հոգլանդի հաստատման
խնդրով հունիսի 28-ին կայացած լսումների ժամանակ հարցեր էին ուղղել նրան: Սենատորները
դեսպանին, մասնավորապես, խնդրել էին պարզաբանել Հայոց ցեղասպանության հետ կապված
ԱՄՆ քաղաքականությունը եւ հայտնել, թե ինչ է հրահանգել իրեն Պետքարտուղարությունը
խնդրո առարկայի կապակցությամբ: «Պետքարտուղարությունն ինձ չի հրահանգել հատուկ
հայտարարություններ անել կամ խուսափել դրանցից՝ կապված Օսմանյան կայսրության վերջին
շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ: Սակայն ինձ բավականաչափ
տեղեկատվություն է տրամադրել նախագահի քաղաքականության մասին, որը ես, հաստատվելու
դեպքում, ճշգրտորեն կներկայացնեմ»,- գրել է Հոգլանդը սենատոր Ջոն Քերիին ուղղված
պատասխան նամակում: Ի պատասխան Քերիի մեկ այլ հարցի, թե ինչու է վարչակազմը խուսափում
որակել այդ հանցագործությունները որպես ցեղասպանություն, Հոգլանդն ասել է. «Միացյալ
Նահանգները գտնում է, որ այդ սարսափելի իրադարձությունների սահմանումն այնքան վիթխարի
նշանակություն ունի մարդկության համար, որ դա պետք է որոշվի ոչ թե քաղաքականության,
այլ գիտնականների, քաղաքացիական առաջնորդների եւ հասարակությունների անկեղծ վերլուծության
միջոցով»: Սենատոր Ֆեյնգոլդի հարցին, թե ինչ է մտադիր պատասխանել ամերիկահայ համայնքի
այն ներկայացուցիչներին, ովքեր վրդովված են Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն
Էվանսի վաղաժամ ետկանչի կապակցությամբ, Հոգլանդը պատասխանել է, թե ԱՄՆ-ն եւ Հայաստանը
խոր եւ կայուն հարաբերություններ ունեն՝ «հիմնված սերտ կապերի եւ տարբեր հարցերում
փոխադարձ շահերի վրա», եւ «ակնկալում ենք, որ այդ հարաբերությունները կշարունակվեն
ու կխորանան»: Սենատոր Չաֆիի հարցին, թե ինչ կարող է նա ասել հայերին եւ ամերիկահայերին
ապրիլի 24-ին, Հոգլանդը պատասխանել է, թե աշխատելու է ուշադրություն հրավիրել այդ
իրադարձությունների վրա, ինչպես անում է ԱՄՆ նախագահը: «Ես աշխատելու եմ խթանել այդ
հարցում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը, նպաստել, որպեսզի բոլոր կողմերն
այդ ժամանակների պատմական իրադարձություններն ուսումնասիրեն շիտակորեն եւ նրբանկատորեն»,-
հայտարարել է Ռիչարդ Հոգլանդը: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն
Էվանսի փոխարեն Բուշի վարչակազմն առաջարկում է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Ջոն
Էվանսը որպես Հայաստանում դեսպան պաշտոնավարել է ընդամենը երկու տարի, մինչդեռ նախորդ
բոլոր դեսպանները պաշտոնավարել են առնվազն երեք տարի: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել