Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն «ձեռքից գնում է»

Հուլիս 29,2006 00:00

Մանուկ Գասպարյանը, չգիտես ինչու, անհանգստանում
է Հանրապետականի համար ԺՈՒԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը
Մամուլի ազգային ակումբում երեկ հայտարարել է, որ նախագահի եւ պաշտպանության նախարարի
միջեւ հակասություն չկա. «99 տոկոսով չկա ոչ մի տարաձայնություն իրենց մեջ»: Հարցին,
թե այդ դեպքում անհասկանալի է դառնում, թե Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, ինչու
ստեղծեց «Բարգավաճ Հայաստանը», Մանուկ Գասպարյանը պատասխան չգտավ, բայց շեշտեց, որ,
այո, «Բարգավաճ Հայաստանը» հաստատ ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի հավանությամբ. «Ես
Գագիկ Ծառուկյանին չեմ պաշտպանում, բայց իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյանը «պաստավկա»
է անում նաեւ գործարար Գագիկ Ծառուկյանին: Որովհետեւ եթե հանկարծ իշխանափոխություն
եղավ, եւ Ռոբերտ Քոչարյանը կորցրեց ղեկը, Գագիկ Ծառուկյանը կարող է վերարտադրվող
իշխանության կողմից պատժվել: Սա պետք է Գագիկ Ծառուկյանը նաեւ իր ականջին օղ անի:
Գուցե ինքը հասկանում է ինձանից լավ: Չգիտեմ»,- կանխագուշակում է Մանուկ Գասպարյանը:
Նրա կարծիքով, «Բարգավաճ Հայաստանը» չարյաց փոքրագույնն է, քանի որ, ի տարբերություն
Հանրապետական կուսակցության, 70 տոկոսով կրիմինալ միավորում չէ: Մանուկ Գասպարյանը
կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը ժողովրդին ինչ-որ բան կտա, իսկ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի
հետ միասին միմիայն կխլեն, նույնիսկ փորձ չանելով պայքարել կոռուպցիայի դեմ, որովհետեւ
հենց իրենք են կոռուպցիայի հիմնական կրողը: Պատգամավորը նաեւ զգուշացնում է, որ սա
դեռ վերջը չէ, եւ Հայաստանում երկու-երեք ցնցում եւս լինելու է առաջիկա երկու ամսվա
ընթացքում: Մյուս կողմից էլ նշում է, որ հեղափոխություն Հայաստանում չի լինի, քանի
որ հեղափոխություն անող չկա: Մանուկ Գասպարյանը կարծում է, թե հեղափոխություն կարող
է անել Գագիկ Ծառուկյանը, բայց նա դա չի անի: Իսկ Հանրապետականը, ըստ ՄԱԱ-ի
հյուրի, ձեռքից գնում է եւ գնում է դեպի Սերժ Սարգսյան, քանի որ շատ կարճ ժամանակ
հետո այն ամբողջությամբ կենթարկվի պաշտպանության նախարարին. «Երկրի երկրորդ դեմքը,
պատկերացնո՞ւմ եք, հիմա պետք է նստի մի տեղ, սեղանի շուրջ, որի կողքը նստելու են
կիսակրիմինալ, քաղաքականությունից չհասկացող Խորհրդի անդամներ, հավասարը հավասարի
հետ, որոնց հետ ես փողոցում, մի քանիսի հետ կամաչեմ քայլել: Հավասարը հավասարի հետ
քաղաքական հարցեր են քննարկելու, եւ Տիգրան Թորոսյանը լինելով երկրի երկրորդ դեմք՝
Քաղխորհրդում ենթարկվելու է փաստորեն Սերժ Սարգսյանին: Ուղղակի իմ գլխի մեջ չի տեղավորվում
սա: Կամ Տիգրան Թորոսյանը, շատ կներեք, տկար է, կամ էլ, ուղղակի, չգիտեմ: Ես իրեն
համարում եմ ազնվագույն մարդ, կուսակցության գաղափարները կրող: Ինչպես է ինքը տանելու
այդ ամենը, չեմ պատկերացնում, կգա ժամանակը՝ կտեսնենք»,- Հանրապետականի համար անհանգստանում
է Մանուկ Գասպարյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը «մրոտել» է Հանրապետական կուսակցությունը:
Մանուկ Գասպարյանի գլխավորած ԺՈՒԿ-ը խորհրդարանական ընտրություններում չի
բացառում համագործակցությունը ընդդիմադիր դաշտի 5-6 կուսակցության հետ: Նախընտրելի
գործընկերների անունների շարքում թվարկվեցին Արամ Զավենի Սարգսյանի («Հանրապետություն»
կուսակցություն), Արթուր Բաղդասարյանի (ՕԵԿ), Րաֆֆի Հովհաննիսյանի («Ժառանգություն»),
Արտաշես Գեղամյանի («Ազգային միաբանություն») եւ Ստեփան Դեմիրճյանի (ՀԺԿ) անունները:
Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել