Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՉԿԱ

Հուլիս 29,2006 00:00

Պարզվում
է, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը համաձայն են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության
լուծման առաջարկություններին: Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը
հայտարարեց, թե Ադրբեջանը համաձայն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գաղտնազերծած տարբերակին՝ համարելով, որ այն
«փուլային» է, ինչը ձեռնտու է Ադրբեջանին: Հայաստանում այդ տարբերակին համաձայնելու
մասին հայտարարեցին ե՛ւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ե՛ւ պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանը: Ընդ որում, վերջինս պնդում էր, որ առաջարկված տարբերակը «փաթեթային»
է: Ստեղծված իրավիճակն ավելի քան զարմանալի է այն պատճառով, որ եթե հավատանք հակամարտության
մեջ ներքաշված կողմերի պաշտոնատարներին, երկու կողմերն էլ ՄԽ համանախագահների առաջարկներին
համաձայն են, բայց թե այդ դեպքում ինչո՞ւ հարցը չի լուծվում եւ ինչո՞ւ են համանախագահները
դժգոհում, թե իրենց երեւակայությունն այլեւ չի բավարարում նոր առաջարկներ անելու
համար՝ բաց է մնում: Ուրեմն ի՞նչն է խանգարում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին
հարցը լուծել ու խաղաղության համաձայնագիր ստորագրել: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝
քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Որքան ես հասկանում եմ՝ երկու կողմերն էլ այսօր
պատրաստ չեն որեւէ փաստաթուղթ ստորագրել, որովհետեւ երկու կողմերն էլ հասկանում են,
որ ցանկացած փաստաթուղթ՝ անկախ այն բանից դա լավն է, թե վատը, որը նրանք կստորագրեն,
դժգոհություն կառաջացնի մեր հասարակությունների շրջանում՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում,
ե՛ւ Ադրբեջանում: Ուստի՝ իշխանությունները որեւէ դեպքում չեն ուզում որեւէ փաստաթուղթ
ստորագրել: Միայն այն, որ «Մեծ ութնյակի» հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության
կարգավորման հարցը ներառված էր, իսկ դա տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ
ողջ աշխարհը զբաղված էր իսրայելա-լիբանանյան խնդիրներով, բայց անգամ այդ խառը վիճակում,
այնուամենայնիվ, իր հայտարարության մեջ ԼՂ հարցին հատուկ անդրադարձավ, վկայում է,
որ նրանք հակված են հարցը լուծել: Այդ նպատակով նա կողմերի վրա դեռ ճնշումներ կգործադրի:
Այս իմաստով պարզ է, որ կողմերը հիմա մարտավարական պայքար են տանում: Նրանցից
որեւէ մեկը չի ուզում, որ իր վրա ավելի մեծ ճնշում լինի, դրա համար կողմերից յուրաքանչյուրը
սկսում է հայտարարել, թե ինքը առաջարկված տարբերակին կողմ է: Ինչպես ասում են, հիմա
նյարդերի պայքար է գնում: Բայց գլոբալ իմաստով, կրկնում եմ, կողմերից ոչ մեկն էլ
հարցի լուծմանն ու որեւէ փաստաթղթի ստորագրմանը պատրաստ չեն, որովհետեւ դրա արդյունքում
նրանք հարված են ստանալու իրենց երկրների ներսում»: Գուցե, մեր հասարակությունները
չգիտեն, բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաստատ գիտեն, թե այդ նույն տարբերակը կողմերից
որն է մերժել: Արդյոք այդքան հե՞շտ է նրանց խաբելն ու մեկ ասել՝ համաձայն չենք, մեկ՝
պնդել, թե սկզբունքորեն դեմ չենք: Ստ. Գրիգորյանի կարծիքով, «տակտիկական պայքարը
հենց դրանում էլ կայանում է: Մինչեւ հիմա դժգոհ կողմը Ադրբեջանն էր, բայց նա էլ է
սկսել հիմա ասել, թե համաձայն է այդ տարբերակին՝ սպասելով, թե ինչ կհետեւի դրան:
Իհարկե, այսպիսի մարտավարական խաղերը երկար ձգվել չեն կարող: Եթե երկու կողմերն էլ,
պարզվում է, որ համաձայն են առաջարկվող տարբերակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կկառչեն
նրանց խոսքերից ու կստիպեն, կբերեն, կնեստեցնեն բանակցային սեղանի շուրջ ու կասեն՝
դե, ստորագրեք համապատասխան փաստաթղթի տակ: Դրանից հետո արդեն լուրջ պրոցեսներ կսկսվեն»:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 22-ի իրենց հայտարարության մեջ շեշտել էին,
թե առժամանակ սառեցնում են իրենց միջնորդական առաքելությունը, եւ կսպասեն, որ հակամարտող
կողմերն իրենք որեւէ բան առաջարկեն, որից հետո բանակցային գործընթացը կվերսկսվի:
Արդյոք հակամարտող կողմերի հայտարարությունները՝ տարբերակը ընդունելի լինելու մասին,
բավարա՞ր են, թե՞ համանախագահները կսպասեն, որ կողմերը պաշտոնապես դիմեն իրենց աջակցությանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ համանախագահները չեն սպասի դրան. «Ուղղակի մոտ ժամանակներս՝
գուցե 1-2 ամիսների ընթացքում, եւս մի հանդիպում կկազմակերպեն»: ՀՀ քաղաքական
ուժերից ոմանք միշտ եւ այսօր էլ պնդում են, թե ԼՂ հարցով միջազգային հանրության ճնշումների
դեպքում կկրկնվի 1998թ.-ն՝ տեղի կունենա իշխանափոխություն: Արդյո՞ք ներքաղաքական
արագ զարգացումները, իշխանական ճամբարում տիրող նախընտրական եռուզեռը հենց այդպիսի
փոփոխությունների ու արտահերթ ընտրությունների մասին են վկայում: Ստ. Գրիգորյանի
համոզմամբ, արտահերթ որեւէ ընտրության նշաններ չկան. «Գուցե, այդ գաղափարը մի օրում
ծագի՝ չգիտեմ, բայց այսօր նման նախադրյալներ չկան: Չեմ կարծում նաեւ, որ ԼՂ հարցը
մեր երկրում, կամ միջազգային հանրությունը, կկապեն արտահերթ ընտրությունների հետ:
Արտահերթի համար երկրի ներսում լուրջ լարվածություն պետք է լինի, ինչը չկա»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել