Շվեդիայի
Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների չորրորդ
առաջնությունում Հայաստանի ծանրորդները երկամարտում արդեն նվաճել են չորս արծաթե
մեդալ: Տղաների մրցապայքարում մինչեւ 62 կիլոգրամ քաշային կարգում Սեուլի
օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, պոկում վարժությունն
ավարտեց 115 կգ արդյունքով, հրումը՝ 142 կիլոգրամով ու երկամարտի 257 կգ-ով ճանաչվեց
այդ տարիքային խմբի Եվրոպայի երկրորդ ծանրորդը: Տեղեկացնենք նաեւ, որ Առաքելը երկու
մրցաձեւերում էլ արժանացավ «փոքր» արծաթի: Թիմակցից ետ չմնաց նաեւ մինչեւ
69 կգ քաշային Դավիթ Գալուստյանը: Առաջին վարժությունում նա սանձեց 115 կիլոգրամը
(դա չորրորդ արդյունքն էր), ապա բարձրացրեց 150 կիլոգրամ կշռող ծանրաձողը, որը հավասարազոր
էր «փոքր» արծաթին, ու երկամարտի 265 կիլոգրամով դարձավ Եվրոպայի պատանիների երկրորդ
մրցանակակիր: Աղջիկների մրցապայքարում մինչեւ 53 կգ քաշում հանդես էին գալիս
մեր հանրապետության երկու ներկայացուցիչներ՝ քասախցի Հեղինե Եփրեմյանն ու գյումրեցի
Աննա Գովելյանը: Նրանք երկամարտի արդյունքով՝ 160 եւ 159 կգ-ով, համապատասխանաբար,
զբաղեցրին չորրորդ եւ հինգերորդ տեղերը՝ ցույց տալով պոկումում՝ 90 եւ 85, հրումում՝
160 եւ 159 կիլոգրամ: Դեռ մրցասպարեզ չի մտել +94 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը:
Նրա հերթը հասնելու է առաջնության վերջին օրը՝ հուլիսի 29-ին: Շվեդիայում
Եվրոպայի առաջնության առաջին երեք օրերի արդյունքներով մասնակիցներն արդեն սահմանել
են Հին Աշխարհամասի այս տարիքային խմբի երեք ռեկորդ: Մասնավորապես, 44 կգ քաշային
կարգում ռուսաստանցի Եկատերինա Մատվեեւայի՝ պոկումում ցույց տված 71 կգ-ն մեկ կիլոգրամով
գերազանցում է նախկին բարձրագույն նվաճումը: Երկրորդ ռեկորդի հեղինակը տղաների մինչեւ
56 կգ քաշային կարգում հանդես եկած ռումինացի Անտոնիու Բուսիի հրում վարժությունում
ցույց տված 141 կիլոգրամն է: Եվ երրորդը սահմանել է աղջիկների մինչեւ 53 կգ քաշային
կարգում չեմպիոնի կոչումը նվաճած իսպանացի Մարիա Դե Լա Պուենտեն, ում 76 կգ ցուցանիշը
պոկում վարժությունում արդեն ելակետ է բոլորի համար: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ