Լրահոս
Օրվա լրահոսը

Կհնչի «մարզային» կոմպոզիտորի ստեղծագործություն

Հուլիս 28,2006 00:00

Ազգային
օպերային թատրոնում հուլիսի 30-ին կայանալիք համերգը արվեստագետների շրջանում տարբեր
խոսակցությունների առիթ է տվել: Նշված օրը այլ ստեղծագործությունների թվում
կհնչի նաեւ կոմպոզիտոր, Սեւանի երաժշտական դպրոցի եւ Գավառի երաժշտական ուսումնարանի
դասատու Վալերի Սարգսյանի դաշնամուրի 2-րդ կոնցերտը՝ Երեւանի պետկոնսերվատորիայի
պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի եւ Օպերային թատրոնի նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Ռուբեն
Ասատրյան: Համերգը նվիրվում է օպերային թատրոնի բազմամյա կոնտրաբասահար Հովհաննես
Մալխասյանի հիշատակին: Մասնագետների շրջանում տարածված խոսակցությունները
կարելի է ներկայացնել մեկ ընդհանուր նախադասությամբ. «Այդ ինչպես պատահեց, որ հայ
ժամանակակից կոմպոզիտորները «հերթագրվում» են իրենց երկերը հնչեցնելու համար, անվանիների
գործերը կատարվում են հոբելյանից հոբելյան, իսկ մարզաբնակ կոմպոզիտորի ստեղծագործությունը
«առանց արգելքի» պետք է հնչի»: Տարածված այս կարծիքը հետաքրքրեց նաեւ «Առավոտին»:
Ի պատասխան մեր հարցի, կոմպոզիտորը տեղեկացրեց, որ ինքը շուրջ 40 տարվա իր ստեղծագործական
կյանքում պրոպագանդվելու ոչ մի խնդիր չի ունեցել. «Իմ դաշնամուրի առաջին կոնցերտը
հնչել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ տաղանդավոր դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի
կատարմամբ, մյուս երկերս, օրինակ, Թավջութակի կոնցերտը, նույնպես հայտնի երաժիշտ
Ֆելիքս Սիմոնյանի կատարմամբ եւ այլն: Ինչ վերաբերում է օպերային թատրոնում կայանալիք
համերգին, գաղտնիք չէ. այն տեղի չէր ունենա, եթե այս հարցում մեզ չաջակցեր «Սեւանի
հացի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն պարոն Ավետիսյանը»,- հայտնեց Վ. Սարգսյանը: Հարցին՝
ինչպիսի՞ն է ձեր մարզի մշակութային կյանքը, արվեստագետը նախ տեղեկացրեց, որ Սեւանի
երաժշտական դպրոցում (այն ունի 180 աշակերտ) սովորում է 18 ջութակահար, գործում են
տարբեր բաժիններ: Օրինակ, Գավառի ուսումնարանից երկու ջութակահար կմասնակցեն կոնսերվատորիայի
ընդունելության քննություններին. «Միայն նեղվում ենք, որ չկան ցանկացողներ ֆագոտի,
հոբոյի դասարաններում սովորելու: Այստեղ սովորող պատանի երաժիշտները մասնակցում են
նաեւ հանրապետական մրցույթների: Ինչ վերաբերում է մշակութային կյանքին, մեզ մոտ սիրով
մենահամերգներով հանդես են եկել Սվետլանա Նավասարդյանը, Ֆելիքս Սիմոնյանը, Անահիտ
Ներսիսյանը: Իհարկե, մենք չենք կարող համեմատվել երեւանյան մշակութային կյանքին:
Բայց ասել, թե մեզ մոտ մշակութային կյանքը մեռած է՝ ճիշտ չի լինի»: Երաժիշտը
ցավով նշեց, որ ինչպես մայրաքաղաքում ու հանրապետության մարզերում, այնպես էլ իրենց
մոտ կան շնորհալի երեխաներ, ովքեր այդ չարաբաստիկ 3000 դրամ ուսման վարձը դժվարությամբ
են տալիս, իսկ հաճախ էլ՝ պարզապես կիսատ թողնում ուսումը: Ի տարբերություն
մեզ հետ զրուցած շատ արվեստագետների, «մարզային» կոմպոզիտորը գոհ է Գավառի եւ Սեւանի
քաղաքապետարանների մշակութային բաժինների վարիչներից. «Ի վերջո, տրտնջալով ոչնչի
չենք հասնի: Կուլտուրայի բաժիններն ամեն ինչ անում են, անգամ առաջին հայացքից անհնար
թվացողը, որ մեր մարզի մշակութային կյանքը պաուզա չունենա»: Հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ,
բարդ չէ՞ մայրաքաղաքից հեռու ապրելն ու ստեղծագործելը: Վ. Սարգսյանի պատասխանը կարճ
էր ու հստակ. «Մեծ քաղաքը ինձ չի ձգում: Գուցե տարօրինակ թվա, բայց ես գերադասում
եմ իմ Սեւանն ու Գավառը»: Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել