«Առավոտի» տեղեկություններով, օրերս ՀՀ ոստիկանության
Երեւան քաղաքի վարչության դահլիճում տեղի է ունեցել ընդլայնված օպերատիվ խորհրդակցություն,
որը վարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, խորհրդակցությունը նվիրված է եղել ոստիկանության
Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2006թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայական
գործունեության արդյունքներին: Զեկուցմամբ հանդես են եկել Երեւանի ոստիկանապետ, գնդապետ
Ներսես Նազարյանը, որն, ըստ մեր աղբյուրների, խորհրդակցության հաջորդ օրը մեկնել
է երկշաբաթյա արձակուրդ: Զեկույցներով հանդես են եկել նաեւ Երեւանի համայնքային ոստիկանության
տարբեր բաժինների պետեր: Մեր տեղեկություններով, խորհրդակցության ժամանակ նշվել է,
որ Երեւանում արձանագրված քրեական հետախուզության գծով հաշվառվող հանցագործությունների
աճ կա: Այսպես, 2005թ. առաջին եռամյսակում Երեւանում կատարվել է 1238 հանցագործություն,
իսկ 2006-ի նույն ժամանակահատվածում՝ 1855: Արձանագրվել է նաեւ մարդու (անձի) դեմ
ուղղված հանցագործությունների աճ: 2005-ին կատարվել է 222, իսկ 2006-ին՝ 234 նմանատիպ
հանցագործություն: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները եւս աճել են:
Այսպես, 2005-ի առաջին կիսամյակում կատարվել է 817, իսկ 2006-ի նույն ժամանակահատվածում՝
1185 հանցագործություն: Խորհրդակցության ժամանակ ոստիկանության Երեւանի վարչության
պետ Ն. Նազարյանը Երեւան քաղաքի ՊԱՏ բաժնի պետ, գնդապետ Մարգար Օհանյանին հանձնարարել
է խստիվ հսկել ու անհրաժեշտության դեպքում Երեւանի ՊԱՏ բաժնի տուգանային հրապարակ
տանել վարագուրապատման սահմանված կարգի կամ ապակիների գունամշակման չափանիշների խախտմամբ
տրանսպորտային բոլոր միջոցները, ինչի համար օրինախախտ վարորդները ենթարկվում են վարչական
տույժի՝ տուգանվելով 50 հազար դրամի չափով: Մեր տեղեկություններով,
միայն վերջին երկու ամիսների ընթացքում Երեւանի ՊԱՏ բաժնի ավտոտեսուչների կողմից
ՊԱՏ-ի տուգանային հրապարակ է տարվել մթնեցված ապակիներով 280-300 ավտոմեքենա, որոնց
թվում, ի դեպ, «գոլդ» համարներով ավտոմեքենաներ չեն եղել: