Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռանախագահների առաջարկներին գնալ ընդառաջ»

Հուլիս 28,2006 00:00

ՀՀՇ վարչության հայտարարությունը

Մինսկի խմբի համանախագահների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի գաղտնազերծումը արձանագրեց Ալիեւներ-Քոչարյան ութ տարի շարունակվող եւ սեփական ժողովուրդներին մոլորության մատնող գործունեության ավարտը: Գաղտնազերծումը վերջնականապես ապացուցեց, որ դեռեւս 1997թ.-ին առաջարկված փուլային տարբերակը այլընտրանք չունի:

Հայաստանի իշխանությունների ոչ հստակ դիրքորոշումը թույլ է տալիս դիտարկել այն որպես բանակցային գործընթացը ձգձգելու, առաջարկվող մոտեցումներից խուսափելու եւ ժամանակ շահելու միջոց: Նման քաղաքականության հետեւանքով Հայաստանը դուրս մնաց տարածաշրջանային թե տնտեսական եւ թե քաղաքական ծրագրերից: Իշխանությունը պահպանելու համար դիվանագիտական խողովակներով հրապարակ նետվեցին «հորիզոնական կապեր», «ընդհանուր պետություն», «ոչ կոնվենցիոնալ լուծում» եւ այլ անհասկանալիից մինչեւ տարօրինակ բառակապակցություններ: Փուլայինը գումարվեց փաթեթայինին եւ դիվանագիտական բառարանում ավելացավ նոր տերմին՝ «փուլափաթեթային»:

Անկախ այս ամենից.

– անկախ այն փաստից, որ Ղարաբաղը վաղուց բանակցող կողմ չէ.

– անկախ նրանից, որ ներկայացվող փաստաթուղթը ավելի քիչ վստահության մեխանիզմներ է պարունակում, քան նախկինը.

– անկախ այն բանից, որ անցած ութ տարիները ետընթացի եւ զուր վատնած տարիներ էին…

Գտնում ենք, որ եւս ութ տարի հետո էլ մեզ մատուցվելիք փաստաթղթերը լինելու են ավելի վատը, քան այսօր:

Կարեւոր չէ, թե ով կստորագրի հակամարտության կարգավորման փաստաթուղթը, կարեւոր չէ, թե դրանից հետո ինչ կարծիքներ, քննադատություններ կամ գովերգումներ կլինեն իշխանության թե ընդդիմության դաշտում: Մեր դիրքորոշումը բացարձակապես եղել է նույնը եւ 1997թ.-ին, երբ մենք իշխանություն էինք, եւ հիմա, երբ ընդդիմություն ենք: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ ներկայումս մեզ առաջնորդում է պատասխանատվության զգացումը:

Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող թե քաղաքական, թե տնտեսական գործընթացները եւ հեռանկարները՝ Հայոց Համազգային Շարժումը գտնում է, որ եւ Հայաստանը, եւ Լեռնային Ղարաբաղը պարտավոր են ընդառաջ գնալ եռանախագահության կողմից արված առաջարկներին, քանի որ հարցի արժանապատիվ եւ ժամանակին լուծումը միայն կարող է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության եւ սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու երաշխիք:

26.07.2006թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել