ՀՀԿ
շարքերը համալրվում են նաեւ այն երկրապահներով, ովքեր «Հոկտեմբերի 27»-ից հետո հեռացվել
էին կուսակցությունից եւ «կիսաընդդիմադիր» դիրք էին բռնել: ՀՀԿ 10-րդ արտահերթ
համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն
ասել էր. «Իմ վարչապետության ժամանակ ես հնարավորություն ունեի կուսակցության անդամների
թիվը հասցնել 100 կամ 200 հազարի, բայց եղել է 25-27 հազար: Իսկ այսօր շուրջ 30 հազար
է: Եվ մեզ մոտ միշտ ինքնամաքրման գործընթաց է տեղի ունեցել: Կարելի է ասել՝ որքան
ընդունում ենք, այնքան էլ հեռացնում ենք»: Վարչապետը թերեւս իրականությունն է ներկայացնում,
սակայն մոռանալով հիշատակել, որ պաշտպանության նախարարի՝ ՀՀԿ խորհրդի նախագահ դառնալու
հետ կապված դեպի Հանրապետական մղվեցին մարդիկ, ում տարիներ առաջ տարբեր պատճառներով
հեռացրել էին կուսակցությունից, մարդիկ, ովքեր «Հոկտեմբերի 27»-ից հետո լուրջ տարաձայնություններ
ունեին Անդրանիկ Մարգարյանի եւ կուսակցության որդեգրած քաղաքականության հետ, հատկապես
այն պահին, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից որոշ ժամանակ անց Հանրապետականը
կտրուկ փոխեց իր պահվածքը եւ դարձավ մեկը նրանցից, ում դեմ «Հոկտեմբերի 27»-ից հետո
փորձում էին անպտուղ հայտարարություններ անել եւ պայքարել երկրապահները: Նախկին
երկրապահ, այժմ՝ «Ոգու փորձություն» երկրապահական կազմակերպության նախաձեռնող խմբի
անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մեկն է 2000 թվականին կուսակցությունից
հեռացվածներից, եւ նա այսօր դարձյալ հայտնվել է Հանրապետականի շարքերում: Պարոն Միքայելյանը
մեր հարցերին պատասխանելով՝ չթաքցրեց, որ ինքը միշտ էլ ուշադիր է եղել Հանրապետականի
նկատմամբ, եւ ասաց, որ ինքը չորս տարի շարունակ ԱԺ-ում եղել է անկախ պատգամավորի
կարգավիճակում, սակայն իր վերաբերմունքը Հանրապետականի հանդեպ միշտ էլ եղել է դրական:
Այսօր ինքը որոշեց դարձյալ մտնել ՀՀԿ շարքերը՝ ասելով. «Որպեսզի իր հետագա գործունեությունն
ավելի ծավալուն լինի: Ինչպես գիտեք, ես կուսակցության հիմնադիրներից մեկն եմ եղել,
եղել եմ ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի նախագահը, եւ քանի որ այս պահին ինչ-որ խմբի
կամ կառույցի մեջ պետք է մտնեի, որոշեցի, որ ավելի լավ է իմ կուսակցության հետ գնալ»:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը հեռացվել է Հանրապետականից 2000 թվականին, այն
բանից հետո, երբ արդեն տեղի էր ունեցել «Հոկտեմբերի 27»-ը, երբ Վազգեն Սարգսյանի
եղբայր Արամ Սարգսյանը մի քանի ամիս վարչապետ էր աշխատել եւ հետո՝ ազատվել այդ պաշտոնից:
Իրադարձությունների այսպիսի զարգացման պարագայում այն ժամանակ լուրջ հակասություններ
առաջացան կուսակցության նախագահ, Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո վարչապետ
նշանակված Անդրանիկ Մարգարյանի եւ ՀՀԿ-ի երկրապահական թեւի միջեւ, եւ նրանք, ովքեր
իրենց շատ ավելի հարազատ էին համարում Սպարապետի հիշատակին, այս կամ այն պատճառով
հեռացան կամ հեռացվեցին կուսակցությունից: Հիմա կարելի է ասել, որ կատարվել
է հերթական «դարձ ի շրջանս յուր»-ը: Իհարկե, մեզ հետ հարցազրույցում Սասուն Միքայելյանը
նման բաներ չուզեց հիշել եւ ասաց, որ իր՝ դարձյալ Հանրապետական դառնալը պայմանավորված
չէ որեւէ շահադիտական կամ այլ խնդիրներով, եւ ինքը ընդամենը գերադասել է իր հարազատ
կուսակցության հետ մասնակից դառնալ քաղաքական պայքարին. «Ես նոր հանրապետական չեմ,
երկուսուկես տարի եղել եմ Կոտայքի մարզի ՀՀԿ տարածքայինի նախագահը, լուսահոգի Սպարապետի
հետ այն ժամանակ Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունը ես եմ ձեւավորել:
Համարել եմ, որ Հանրապետականում իմ քաղաքական գործունեության շարունակումը ճիշտ կլինի,
ես կուսակցությունս չեմ փոխել, ուրիշ կուսակցության մեջ չէի էլ մտնի, եւ այսօր, ինչ-որ
տեղ որպես կայուն կուսակցություն, կայուն քաղաքական ուժ տեսնում եմ Հանրապետականը»:
Մեր հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է իրականացվելու պարոն Միքայելյանի գործունեությունը
«Ոգու փորձություն» երկրապահական կազմակերպության շրջանակներում եւ իր հանրապետական
դառնալով արդյոք չի՞ կաշկանդվելու այդ կազմակերպությունում իր աշխատանքը, ասաց, որ
իրենց «Ոգու փորձությանը» ոչ մի բան չի խանգարելու, քանի որ իրենք միշտ էլ առաջնորդվել
են հետեւյալով. «Երկրապահն անուն չէ, այլ արյուն է, Աստծու կողմից մեզ բաժին է ընկել
զենքը, եւ մենք մեր զինակից ընկերներին միշտ հավատարիմ ենք եղել եւ կլինենք»: Սասուն
Միքայելյանը մի քանի անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով, Կոտայքի
մարզից, այսինքն՝ այնտեղից, որտեղ տեր եւ տիրական է Գագիկ Ծառուկյանը: Փորձեցինք
հստակեցնել՝ արդյոք անդամակցելով Հանրապետականին, պարոն Միքայելյանը այդպիսով չի՞
փորձել լուծել իր առաջադրման հարցերը: Քանի որ մի բան է առանձին, առանց թիկունքիդ
քաղաքական ուժեղ թիմ ունենալու առաջադրվել թեկնածու եւ մեկ այլ բան՝ մեծամասնականով
առաջադրվել որպես ուժեղ թիմի ներկայացուցիչ: Թերեւս այդպիսով ավելի հեշտ կլինի հաղթահարել
«Բարգավաճ Հայաստանին» կամ Գագիկ Ծառուկյանին: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը երբեք
նման խնդիր չի ունեցել. «Իմ որոշումը ընդհանրապես կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ,
եւ եթե ես շահադիտական նպատակներ հետապնդեի, կարող էի մտնել մեկ ուրիշ կուսակցություն:
Եվ իմ այս քայլի տողատակում ոչինչ չկա, ասում եմ պարզ, զինվորի պես»: Իսկ
անդամակցությունը կապված չէ՞ Սերժ Սարգսյանի՝ Հանրապետական դառնալով, կամ արդյո՞ք
Սասուն Միքայելյանը իր դեմ կատարված մահափորձերից զգուշանալով՝ որոշեց դարձյալ դառնալ
Հանրապետական, թերեւս հույս ունենալով, որ մահափորձերը վերանան: Ասաց, որ ինքը մահափորձերից
կամ նման բաներից չի վախենում. «Ես նման բաներից չեմ վախեցել, չեմ վախենում եւ չեմ
վախենալու: Կուսակցության մեջ մտնելը ոչ մի կապ չունի ինձ հետ կատարված մահափորձերի
հետ եւ ոչ մեկն էլ ինձ չի ստիպել կուսակցության մեջ մտնել: Դուք երկար տարիներ աշխատել
եք, լավ գիտեք իմ աշխատաոճը, իմ ձեւը, իմ տեսակետը, նման բան, ես խնդրում եմ, ընդհանրապես
մի շոշափեք, քանի որ իմ աշխատած տարիներին ես երբեք չեմ եղել կատարող եւ իմ տեսակետը,
իմ կարծիքը հայտնել եմ՝ անկախ նրանից, թե ով է առջեւս»: Այսօր երկրապահական
թեւի ներկայացուցիչներից շատերը չեն էլ թաքցնում, որ Հանրապետականը ստեղծվել է հենց
երկրապահների հիմքի վրա, եւ խնդրելով, որ իրենց անունները չհիշատակվեն, խոստովանում
են, որ մինչեւ Վազգեն Սարգսյանի Հանրապետականին միանալը՝ այս կուսակցությունը փոքրաթիվ
եւ իր մեջ առանձնապես մեծ պոտենցիալ չպարունակող կուսակցություն էր, որն առավել ակտիվացավ
եւ իր թափի գագաթնակետին հասավ միայն Վազգեն Սարգսյանի եւ Երկրապահի հետ միանալուց
հետո: Թերեւս պատմությունը կարող է կրկնվել նաեւ այս անգամ եւ այս կուսակցությունը
կարող է մեկ անգամ եւս օգտագործվել հերթական պաշտպանության նախարարի կողմից: Պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը օրերս լրագրողներից մեկի հարցին՝ ինքը մտավախություն չունի՞,
որ կարող է նմանություն լինել իր եւ Վազգեն Սարգսյանի ճակատագրերի միջեւ, ագռավի
հայտնի անեկդոտը պատմեց եւ թողեց կիսատ. «Ագռավին հարցնում են՝ քանի՞ տարի է ինքը
ապրում, ագռավը պատասխանում է…»,- շարունակությունը չասվեց, բայց հայտնի է՝ «եթե
չկռկռաք՝ հարյուր տարի»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ