Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵ ՖԱԿՏՈՅԻՑ՝ ԴԵ ՅՈՒՐԵ

Հուլիս 28,2006 00:00

Ըստ
ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանի, Սերժ Սարգսյանի ՀՀԿ անդամ դառնալն ընդամենը եղած փաստի
արձանագրումն էր «Մենք հասկանում ենք, որ անցումային վիճակում գտնվող երկրում,
ինչպիսին Հայաստանն է, որտեղ սոցիալական ծանր վիճակ է, անպատժելիության մթնոլորտ
ու կոռուպցիա կա, բնական է, որ ժողովուրդը իշխանության կուսակցության նկատմամբ կարող
է ունենալ ոչ դրական մոտեցում». եթե ձեզ թվում է, թե երկրում կոռուպցիայի եւ անպատժելիության
մթնոլորտի մասին հերթական արձանագրության հեղինակը հայաստանյան ընդդիմության կարկառուններից
մեկն է՝ չարաչար սխալվում եք: Այս, ըստ էության, ինքնախարազանման հեղինակը անհիշելի
ժամանակներից Հայաստանում իշխող կուսակցություն համարվող, երկրի վարչական (եւ ոչ
միայն) ռեսուրսների հսկայական մասի տեր, իսկ արդեն նաեւ իշխող միա՛կ կուսակցություն
դառնալու հայտեր ներկայացրած ՀՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Նիկոյանն է: Երեկ պարոն
Նիկոյանը «Հայելի» ակումբում բանավիճում էր Ազգային ժողովրդավարական կուսակցության
ղեկավար Շավարշ Քոչարյանի հետ եւ անընդհատ երեսով տալիս ընդդիմության անմիաբանությունը:
Եվ որպես լավ օրինակ ի ցույց էր բերում հենց ՀՀԿ-ն՝ «իսկ ի՞նչ վատ է, որ ՀՀԿ-ի ղեկավարներն
իրենց անձնական ամբիցիաները մի կողմ են թողնում, ցած են դնում եւ կուսակցության մեջ
են ներգրավում շատ հայտնի քաղաքական գործիչների»: Այս խոսքերը հնչում էին ի պատասխան
լրագրողների մտավախության, որ ՀՀԿ-ն դարձել է պատեհապաշտների հավաքակայան: Պարոն
Նիկոյանը նույնիսկ շնորհակալություն հայտնեց, որ բանավեճին ներկաներն այդքան մտահոգվում
էին Հանրապետական կուսակցության վարկանիշի եւ ապագայի համար, բայց ինքն անձամբ առանձնակի
մտահոգություններ չուներ այդ կապակցությամբ: «Բնականաբար, չի կարող 30 հազարանոց
կուսակցությունն իր շարքերում ունենալ միայն ու միայն նույն գաղափարները կրողներին,
բայց եթե նրանք տարիներ շարունակ պաշտպանում են մեր հայացքները, ուրեմն հանգիստ կարող
են հանրապետական դառնալ»,- ասաց պարոն Նիկոյանը, իսկ պաշտպանության նախարարի՝ հանրապետական
դառնալու մասին ավելացրեց. «Ինքը խոշոր քաղաքական, ռազմական եւ պետական գործիչ է,
եւ մենք միայն դե յուրե ամրագրեցինք նրա դե ֆակտո հանրապետական լինելը, եթե հիշում
եք, նա մեր կուսակցության ցուցակում երկրորդն էր»: Ինչ վերաբերում է նրան, թե Սերժ
Սարգսյանի մուտքով ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացավ, թե ընկավ, պարոն Նիկոյանը խուսանավող
պատասխան տվեց. «Իմ տվյալներով, Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձր է, եթե ձեր տվյալներով
ցածր է՝ ես չգիտեմ, տեղյակ չեմ»: Պարոն Նիկոյանը ոչ մի վատ բան չէր տեսնում
ոչ միայն իր կուսակցության գերաճի մեջ, անգամ հակառակը՝ կոչ էր անում, որ խոշորացման
ճանապարհով գնան եղած բոլոր կուսակցությունները՝ «ի՞նչն է խանգարում, օրինակ, կոմունիստներին
միավորվել, ի՞նչ վատ կլինի, որ ընդդիմությունը խոշորացման գնա եւ պայքարի…»: Այս
հարցերին ի պատասխան Շավարշ Քոչարյանը միանշանակ պնդեց, որ շատ ավելի լավ է լինեն
1-2 հազար տարբեր կուսակցություններ, քան մի հատ իշխանականը, որը տիրապետելով բոլոր
լծակներին՝ ամեն ինչ կանի եւ անում է իշխանությունը պահելու համար: Պարոն Նիկոյանն
ասաց, որ ինքը դեմ չէ դրան, եւ նույնիսկ համեստորեն նշեց, որ ՀՀԿ-ն մտադիր է ընդամենը
պահպանել եւ հնարավորության դեպքում մի փոքր ավելացնել իր ձայների քանակը խորհրդարանում,
եւ ոչ ավելին, սակայն հասցրեց նաեւ նախատել ընդդիմությանը՝ «իսկ դուք ի՞նչ եք անում
դրա դեմ, ի՞նչ հակաքայլեր եք անում, կարծում եմ՝ ոչինչ չեք անում»: Այս մեղադրանքները,
ըստ էության, անպատասխան մնացին… ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել