Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ոտնձգություն

Հուլիս 27,2006 00:00

Մասնաճյուղի
ճակատագիրն առայժմ անհայտ է ՀՀ բնապահպանության նախարարության 1952թ. հիմնադրված
Հայաստանի բնության պետական թանգարանը առայսօր տարածաշրջանում միակն է: Այն
Գյումրիում եւ Ղուկասավան գյուղում ունի մասնաճյուղեր: Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների,
Ղուկասավանում թանգարանի մասնաճյուղի վրա աչք է դրել սոցապ նախարար Աղվան Վարդանյանի
եղբայրը: Նշենք, որ մասնաճյուղը հիշյալ գյուղում զբաղեցնում է մոտ 2 հա տարածք, ունի
վարչական շենք, ջերմոցներ, կենդանիների համար հատուկ ցանցավանդակներ, ջրավազան եւ
այլն: Լուրը ճշտելու ակնկալիքով երեկ հյուրընկալվեցինք թանգարանի տնօրեն Վահագ Մինասյանի
մոտ: Մինչ տնօրենի հետ հանդիպումը, թանգարանի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ նորանկախ
Հայաստանում լրագրողի երես չէին տեսել: Ըստ նրանց խոսքերի, «մեր թանգարանը Հայաստանի
կենդանական եւ բուսական աշխարհի խտացրած «ներկայացուցիչն» է, իսկ նպատակը բնապահպանության
քարոզչության, էկոլոգիական կրթության ու դաստիարակության միջոցով մարդուն բարիացնելն
է»: Վերը նշվածի առիթով թանգարանի տնօրենը չհերքեց մեր ունեցած տեղեկատվությունը,
փոխարենն ասաց, որ ինքն ընդամենը երկու ամիս է, ինչ վարում է այդ պաշտոնը ու տեղեկություն
չունի դրա մասին: «Տեղյակ եմ, որ թանգարանի նախկին ղեկավարությունը քանիցս դիմել
է նախարարություն՝ հավելյալ միջոցներ տրամադրելու խնդրանքով, որը կծառայի Կարմիր
գրքում հայտնված բույսերի, թռչունների պահպանմանն ու բազմացմանը: Լավ կլիներ, որ
Ղուկասավան գյուղի տարածքը նպատակին ծառայեցվեր: Դա մեզ համար մեծ տնտեսություն է
ու մեր կարիքները հոգալու միջոց: Բնականաբար, սուբսիդիայով ենք ապրում: 2007թ. համար
ներկայացրել ենք նոր ֆոնդերի ձեռքբերման եւ վերականգնման աշխատանքների համար գումար
հատկացնելու հայտ»,- ասաց պարոն Մինասյանը: Տեղեկացանք, որ վերջին 15 տարվա ընթացքում
վերականգնման եւ ոչ մի աշխատանք չի կատարվել, ֆոնդերը գտնվում են անմխիթար վիճակում:
90-ականների սկզբից թանգարանի «քոչվոր» կյանքը հանգեցրել է նրան, որ անգամ ֆոնդային
նմուշները ոչնչացվել են: Ընդ որում, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թանգարանը վերակառուցվել
է իրանահայ բարերարներ Բելլա եւ Լեւոն Ահարոնյանների կողմից՝ 2002-04թթ.: Գյումրիի
մասնաճյուղի հետ կապված՝ տնօրենը տեղեկացրեց, որ մասնաճյուղը տանիք չունի. այն, որպես
աղետյալ գոտի, ժողովրդին սպասարկում էր անվճար: Միայն այս տարվա հունվարից թանգարանի
մուտքը դարձել է վճարովի, այն էլ սիմվոլիկ գումարով՝ 50, 100 դրամ. «Հունվարից մինչեւ
այսօր ոչ մի տոմս չի վաճառվել»: Հետաքրքրվեցինք՝ իսկ Երեւանում այցելո՞ւմ են թանգարան
եւ ի՞նչ արժե տոմսը: Պարոն Մինասյանը հայտնեց, որ տարվա կտրվածքով ունենում են շուրջ
10 հազար այցելու, որի շուրջ 30%-ը զորամասերից, մանկատներից, անապահով եւ զոհված
ազատամարտիկների ընտանիքներից են, տոմսի արժեքն էլ 100-300 դրամ է: Ընդ որում, կիրակի
օրերին թանգարանի մուտքն անվճար է: «Աշխատում ենք մի քանի ծրագրերի վրա՝ բնապահպանության,
կրթության եւ մշակույթի նախարարությունների հետ: Աշխատում ենք նաեւ տարբեր բուհերի
համապատասխան բաժինների ուսանողների հետ (կենսաբաններ, աշխարհագրագետներ եւ այլն),
կազմակերպում սեմինարներ, ուսանողների պրակտիկան անցկացնում ենք դպրոցներում՝ ֆակուլտատիվ
պարապմունքների ձեւով: Պատրաստվում ենք համագործակցության պայմանագրեր կնքել տուրիստական
կազմակերպությունների հետ, շուտով կունենանք մեր ինտերնետային կայքը, որը հնարավորություն
կտա շփվել Ռուսաստանի, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի մեր կոլեգաների հետ»,- ասաց
Վ. Մինասյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31