Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխհատուցում՝ ուսուցչին

Հուլիս 27,2006 00:00

Հուլիսի 24-ին Երեւանի թիվ 118 դպրոցի աշխատակազմից ահազանգ ստացանք դպրոցում կատարված անարդարության մասին: Եղանք տեղում եւ լսեցինք կոլեկտիվի բողոքը: Նրանք պատմեցին հետեւյալը:

Տնօրենը՝ Լարիսա Ազիզյանը, 65 տարին լրանալուն պես անցել էր թոշակի։ Հուլիսի 21-ին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունից եկել են դպրոց եւ ուսմասվար Աշոտ Գասպարյանին նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն հուլիսի 24-ին քաղաքապետարանից զանգել են դպրոց եւ ասել, թե սխալ են թույլ տվել, Գասպարյանին չեն կարող նշանակել պաշտոնակատար, քանի որ նա արձակուրդում է։ «Անհնար ոչինչ չկա. կամ Գասպարյանին հետ կանչեք արձակուրդից, կամ ոչ մի փոխարինող մի նշանակեք՝ մինչեւ օգոստոսի 21-ը, երբ լրանում է նրա արձակուրդի օրը։ Մենք էլ կիմանանք, թե աշխատակազմը ինչ-որ բան իր ուզածով արեց»,- ուսուցիչներն այս դիրքորոշումն ունեն։ Այժմ պաշտոնակատարի դերը վարչությունը հանձնել է ոմն Կարինե Հովակիմյանի, ում մասին աշխատակազմի անդամները միայն խոսակցությունների մակարդակով տեղեկություններ ունեին։ «Առավոտին» պատմեցին, թե լսել են, որ նա աշխատում է Չեխովի անվան դպրոցում, նախագահ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի երեխաներին է դասավանդել։ Հիմա էլ, նրանց պատմելով, վերջիններս ուզում են այդ կնոջը լավություն անել։ «Մեր դպրոցում տնօրենին փոխարինող շատ թեկնածուներ կան։ Ու հիմա բերում են մի կնոջ, ով այստեղ-այնտեղ խոսում է, թե իրեն հովանավորում են Զախարյանը, Քոչարյանը, ու պիտի գա, դպրոցին իշխի։ Թող հիմա փոխարինող դպրոցի ներսից մեկին նշանակեն, օրինակ՝ Աշոտ Գասպարյանին, հետո դպրոցի կառավարման խորհուրդը կընտրի տնօրենին»,- ասաց թիվ 118 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հերիքնազ Կարապետյանը։ Ուսուցիչները զարմանում են, թե ինչպես տիկին Հովակիմյանն այժմ արձակուրդում չէ։ Չէ՞ որ նա աշխատում է Չեխովի անվան դպրոցում, իսկ տարվա այս շրջանում բոլոր ուսուցիչներն արձակուրդի մեջ են։ «Ուրեմն միտումնավոր նրան արձակուրդ չեն տվել։ Իսկ եթե միտում կա, ուրեմն ամեն ինչ կանխորոշված է»,- ասաց Հ. Կարապետյանը։ Աշխատակազմը նաեւ առաջ է քաշում ուսմասվար Աշոտ Գասպարյանի հեղինակության հարցը. «Շրջապատում բոլորը գիտեն նրա պաշտոնակատար լինելու մասին, իսկ երկու օր հետո գալիս՝ հոգեբանորեն ճնշում են նրան։ Ուրեմն վերեւից եղել է ինչ-որ ճնշում, դրա համար նրանք ձեւացնում են, թե սխալմունք է եւ ներողություն են խնդրում սխալի համար»,- ասաց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նազենի Սարգսյանը։ Ուսուցիչներին չի էլ հետաքրքրում Հովակիմյանի ով լինելը. «Գուցե լավ անձնավորություն է։ Ուղղակի մենք դեմ ենք օտարին տնօրենի պաշտոնակատար նշանակելուն»։ Թիվ 118 դպրոցի ուսուցիչները վստահ են իրենց դիրքորոշման մեջ։ Նրանք տեղեկացրին, թե գնալու են նախագահի աշխատակազմ, նստացույց են անելու։ «Մենք ժամանակ չունենք։ Դիմումներին 10-15 օր հետո միայն կպատասխանեն, իսկ այդ ընթացքում նրանք իրենց արածը կանեն»,- մտահոգված են ուսուցիչները։

Մենք զրուցեցինք նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի հետ: Մեր հարցին, թե դրսից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելն արդյոք չի՞ կանխորոշում հետագա քայլերը, եւ արդյոք Կարինե Հովակիմյանը վերադասի՝ տվյալ դեպքում քաղաքապետարանի, նախընտրած թեկնածուն չի՞ լինի տնօրենի ընտրություններում: Պրն Վաթյանը մեր կարծիքը չկիսեց: Ավելին՝ նա մտածում է, որ իրական մրցակցություն կլինի, եթե տնօրենի թեկնածուները դրսից լինեն, եւ ոչ՝ ներսից: Մի խոսքով, քաղաքապետարանի տրամադրվածությունն այս հարցում ակնհայտ է, եւ թիվ 118-ի մտահոգություններն էլ՝ տեղին: Մնում է, որ կոլեկտիվը մինչեւ վերջ շարունակի պաշտպանել իր շահերն ու իրավունքները:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31