Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍՐԱՆՔ ՀԱՐԻՖ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ»

Հուլիս 27,2006 00:00

Այդպես են մտածում «քցող» հայաստանցիները
Ստրասբուրգի բնակիչների մասին Հայերը Ստրասբուրգի խանութներում հաց են ուտում
ու դուրս գալիս առանց վճարելու: «Ուրիշ կերպ չես ապրի»,- Ստրասբուրգի արվարձանում
ինձ ասում էր Հրաչ անունով մի տղա, որը շքեղ BMW էր վարում: Նա առանց հոնքը շարժելու
ասում է, որ «քցող» է ու բնության գրկում ինձ ծանոթացնում է մի քանի «քցող» հայերի
հետ: Միասին գնում ենք «Բոմեղ կլաս» հյուրանոց: Այստեղ հիմնականում Հայաստանից փախած
մարդիկ են ապրում: Ներքեւ է իջնում մեկը: Նրա հետ պայմանավորվել է, որ էժանով բջջայիններ
պիտի բերի: Սա բերում է 10 տարբեր մակնիշի հեռախոսներ՝ իրենց համարներով: Բոլորը
գողացել է: «Էստեղ բոլոր հայերն էլ գողանում են»,- ասում է այդ տղան: Հրաչի մյուս
ընկերը՝ Արտյոմը, ինձ հարցնում է՝ քեզ ի՞նչ շոր է պետք, կես ժամից կես գնով բերեմ:
Նա ընդամենը 7 ամիս առաջ է Ստրասբուրգ եկել: Տեղաբնակների մասին Արտյոմն ասում է.
«Սրանք հարիֆ մեռնում են»: Այսինքն՝ «սրանք» ինձ վստահում են, իմ մեջ գողին չեն տեսնում,
այսինքն՝ իրենց մտքով չեն անցկացնի գալ Հայաստան, շոր գողանալ ու կես գնով վաճառել:
Ու այդ պատճառով հարիֆ են: Իրենք իրենց հողի վրա ստեղծել են կանոններ, որոնք ոչ մեկի
դեմ չեն, ու դրանք ազատության կանոններն են, իսկ հայերը որոշել են, որ նրանք հարիֆ
են: Համոզվելու համար բավական է տեղեկանալ, թե Աշոտ անունով մի տղա ինչպես
է օրը ցերեկով հսկա սառնարան գողացել Ստրասբուրգի էլեկտրոնիկայի խանութից: Այս մասին
պատմում է Աշոտի ընկերը, որը գողության մասնակիցն է: «Միասին մտանք խանութ: Աշոտը
պոկվեց սառնարանների բաժին, ես՝ DVD-ների: Խանութում շատ մարդ չկար: Աղմուկ բարձրացրի:
Ով կար-չկար հավաքվեց ինձ մոտ: Ի՞նչ է եղել: Ասում եմ, որ ստեղից DVD եմ առել, շատ
անորակ էր, բոլոր դիսկերս փչացրել է, պիտի փոխհատուցեք: Ինձ հանգստացնում են, իսկ
Աշոտը մի հսկա «Panasonic» սառնարան բրդում է դեպի խանութի մուտքը: Տեղ հասավ, ես
հանգստացա: Աշխատողները գնացին իրենց տեղերը: Աշոտը մուտքի մոտ սպասում է: Վաճառողը
հարցնում է՝ ի՞նչ խնդիր կա: Աշոտն ասում է՝ այս սառնարանը ձեզնից եմ գնել, լավ չի
աշխատում, բերել եմ հանձնեմ: Չեն էլ հարցնում, թե ինչը լավ չի: Ասում են՝ սառնարանի
տեխնիկական անձնագիրը ձեզ մո՞տ է: Աշոտն ասում է՝ չէ: Ասում են՝ տար տուն, վաղը անձնագրով
կբերես»,- պատմությունը վերջացնում է ընկերը: «Երեւակայության» մեկ ուրիշ
նմուշ: Մարինե անունով մի աղջիկ տուրիստի ուղեգրով 2005-ին փախել է Ստրասբուրգ եւ
պրեֆեկտուրային է հանձնվել իբրեւ ադրբեջանցի փախստական: Հորինել է մի իսկական դետեկտիվ:
Երկար ժամանակ՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտից սկսած, մոտ 17 տարի, իբր ապրել է հայերի
«անհանդուրժողականության» պայմաններում: Հայրը, ըստ այդ առասպելի, «ադրբեջանցի» է,
մայրը՝ հայ: Պրեֆեկտուրան նրա համար ստեղծել է առանց կոպեկ ծախսելու գոյության բացառիկ
պայմաններ՝ տվել է տուն, կահույք, հագուստ, ամենօրյա սնունդ եւ հասարակական տրանսպորտով
երթեւեկելու անվճար իրավունք, մինչեւ կորոշեն՝ ընդունու՞մ են, որ նա ազգամիջյան խնդիրների
զոհ է, թե՞ ոչ: Նա ինձ ցույց տվեց անվճար երթեւեկելու վկայականը: Ազգանվան դիմաց
գրված է՝ Ահմեդովա: Մինչդեռ նրա իսկական ազգանունը Հարությունյան է: Ինչպե՞ս է հաջողացրել:
«Ծանոթ հայ տղերքն են արել»,- խոստովանում է «Ահմեդովան»: Իսկ «ծանոթ հայ տղերքն»
ինձ ասում են, որ նա «քցելով» է ապրում: Ինչո՞ւ: «300 եվրոյով ստեղ չես ապրի»,- պարզաբանում
է 32-ամյա Գագիկը: 300 եվրոն պետության այն նպաստն է, որը նա տրամադրում է «փախստականի»
կարգավիճակ մուրացողին՝ վերջինիս հնարավոր եւ անհնարին բոլոր խնդիրները լուծելուց
զատ: Ուրեմն, մեր «Ահմեդովան» փախել է իբր ադրբեջանցու հանդեպ մեր անհանդուրժողականությունից:
Ստրասբուրգում էլ մարդկանց է «քցում» ադրբեջանցու անունից: ՄՀԵՐ
ԱՐՇԱԿՅԱՆ Ստրասբուրգ-Երեւան Ամբողջությամբ կարդացեք՝ www.hetq.am կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել