Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թոքախտով հիվանդին խնդրում են, որ բուժվի

Հուլիս 27,2006 00:00

Բացիլակիր
թոքախտավորներն ազատ շրջում են մարդկանց մեջ, իսկ նրանց հասարակությունից պարտադիր
մեկուսացնելու համար օրենք չկա: «Հիմա մենք ենք թոքախտով հիվանդներին խնդրում,
աղաչում, որ գան բուժվեն, բացիլակիր հիվանդներին չենք կարում դիսպանսեր բերենք, միջազգային
կառույցներից ասում են, թե բռնություն եք գործադրում հիվանդի վրա, խախտում եք նրա
իրավունքները, բայց նույն վարակակիրն այդ դեպքում ինչ իրավունք ունի աշխատելու սննդի
օբյեկտներում եւ վարակելու առողջ մարդկանց»,-«Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն
հայտնեց Արարատի մարզի Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Մարատ Մարկոսյանը:
Ըստ նրա, այսօր իրենց ոլորտի ամենամեծ գերխնդիրը օրենքի բացակայությունն է. «Բացիլակիրների
բուժումը ցանկալիի փոխարեն պետք է դառնա պարտադիր»: Մ. Մարկոսյանի խոսքերով,
իրենց հիվանդանոցը դեղորայքը ստանում է ամերիկյան «Դորս» ծրագրի միջոցներով, որն
էլ հիվանդին պարտադիր բուժման բերելու դեմ ակտիվ ընդդիմացողներից է: Տնօրենի համոզմամբ,
ոլորտի պատասխանատուներն այս ուղղությամբ ավելի լուրջ մոտեցում պետք է ցուցաբերեն,
քանի որ տարեցտարի հիվանդների ու բացիլակիրների թիվն ավելանում է. «Ամսական մոտ 150-200
մարդ է հաճախում մեր հիվանդանոց, ինչն արդեն մտահոգիչ ցուցանիշ է»: Արտաշատի դիսպանսերում
հաշվառված է 273 հիվանդ, որից 45-ը բացիլակիր է: 12-ը՝ դեղակայուն հիվանդ է, 20-ը՝
մինչեւ 18 տարեկան: Դիսպանսերում բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում:
Պետությունը 1 հիվանդի վրա ծախսում է 320-384 հազար դրամ: Այստեղ հիվանդները, բացի
իրենց հիմնական դեղերից, ստանում են նաեւ պաթոգենետիկ բուժում եւ օրը 3 անգամ սնվում
են: Տնօրենի ներկայացմամբ, մեկ օրվա սննդի կալորիականությունը չպետք է պակաս լինի
4200-4500 կիլոկալորիայից. «Եթե իմ հիվանդը 4-5 կգ չգիրանա, ապա խոհարարին անպայման
պատժում եմ»: Չնայած նրան, որ հիվանդանոցի շենքային պայմանները բարվոք են,
սակայն այստեղ միայն խորխի լաբորատորիան է տեխնիկապես զինված, մնացած սարքավորումները
ֆիզիկապես մաշված են: Պրն Մարկոսյանը տեղեկացրեց, որ բուժհիմնարկը նախորդ տարիներից
կուտակված 6-7 մլն դրամի պարտք ունի. «Նախորդ տնօրենը հսկայական պարտք թողեց վրաս
ու գնաց, էսքանից հետո շենքը վերանորոգել ենք: Եթե անցյալ տարի գայիք՝ հիվանդանոցում
բոմժանոց էր, մարդիկ սենյակների մթությունից իրար չէին գտնում»: Դիսպանսերում
աշխատում է 27 բուժաշխատող, եւ ստանում 22-80 հազար դրամ աշխատավարձ: ԳՐԻՇԱ
ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել