Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԻՆՉՆ Է ՇԱՏ՝ ԱՂԲԸ

Հուլիս 27,2006 00:00

Վերջերս
անցկացված սոցիոլոգիական հարցումներից պարզվել է, որ գյումրեցիները դժգոհ են օդի
աղտոտվածությունից, աղբի առատությունից ու կանաչ գոտիների բացակայությունից: Իսկ
ընդհանուր առմամբ՝ գյումրեցիները խեղդվում են բնապահպանական խնդիրների առկայությունից,
նույնիսկ կարելի է ասել, որ այստեղ բնապահպանություն գոյություն չունի: Պատահական
չէ, որ գյումրեցիներից շատերն իրենց քաղաքում գտնվող Շիրակի մարզի բնապահպանական
տեսչության մասին անգամ չեն էլ լսել: Իսկ որ այս կառույցը, թեկուզեւ իր փոքրաթիվ
անձնակազմով, նորմալ վերահսկողություն չի սահմանում, վկայում է այն, որ քաղաքի փողատերերը,
երբ ցանկանան՝ կարող են կանաչ տարածքների ոչնչացման հաշվին առեւտրի կետ, ռեստորան,
հյուրանոց կամ որեւէ այլ սպասարկման օբյեկտ կառուցել: Բնապահպանների անգործությունը
երբեմն այն աստիճանի է հասնում, որ թույլատրում են թալանչիներին օրը ցերեկով, բոլորի
աչքի առաջ մեծ տարածությամբ անտառ ոչնչացնել՝ այնտեղով անցնող ջրագծերը գրպանելու
համար: Մեր աղբյուրների վկայությամբ, նման մի դեպք վերջերս արձանագրվել է Շիրակի
մարզի Կապս գյուղում: Առողջապահության, բնապահպանության եւ գյուղատնտեսության
զարգացման հարցերով զբաղվող «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունը Գյումրիի բնապահպանական
իրավիճակի վերաբերյալ վերջերս 200 գյումրեցիների շրջանում սոցհարցում է իրականացրել:
Հարցվածների գերակշռող մասն իր քաղաքի բնապահպանական վիճակը գնահատել է անբավարար:
Հ/կ-ի այն հարցին, թե որո՞նք են Գյումրիում կարեւորագույն բնապահպանական հիմնախնդիրները,
հարցման մասնակիցները մատնանշել են օդի աղտոտվածությունը, քաղաքի վատ աղբահանությունը,
միաժամանակ դժգոհելով փողոցներում աղբամանների անբավարար քանակից, կամ դրանց բացակայությունից:
Ոմանց համար էլ բնապահպանական խնդիրը փողոցների անբարեկարգ, չասֆալտապատված ու կեղտոտ
լինելն է, ինչպես նաեւ՝ թափառող շները: Գյումրեցիների խոսքերով. «Էս քաղաքում թափառող
շները մարդկանցից շատ են»: Իսկ թե ո՞վ է պատասխանատու այս ամենի համար, գյումրեցիները
նախեւառաջ վկայակոչել են տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներին, ավելի կոնկրետ՝
Գյումրիի քաղաքապետին: Ուսումնասիրությունների արդյունքներից նաեւ պարզվել
է, որ բնապահպանական իրավիճակի վատացումը գյումրեցիները կապում են համայնքի բյուջեին
տրամադրվող դրամական միջոցների սղության հետ: Օրերս հրավիրած ասուլիսի ժամանակ «Բիոսոֆիայի»
հիմնադիր Գեւորգ Պետրոսյանը եւս դժգոհեց թե բնապահպանական տեսչության, թե մարզային
ու քաղաքային իշխանությունների անտարբերությունից: Ըստ նրա, մի անգամ Մարմարաշենի
վանքի տարածքը աղբակույտերից մաքրելու նպատակով, ձեռնոցներ, գործիքներ ձեռք բերելու
համար, դիմել են վերոհիշյալ հիմնարկներին, սակայն վերջիններս նույնիսկ հարկ չեն համարել
արձագանքել: Արդեն որերորդ անգամ ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի ներկայացուցիչները
այցելում են Գյումրի՝ քաղաքային աղբի քանակի մասին հարցուփորձ անելու: Նրանք մտադրված
են աղբից ստանալ բիոգազ՝ մերան, որն այրելու միջոցով մաքրվում է թե էկոլոգիան եւ
թե կենցաղում որպես էլեկտրաէներգիա է օգտագործվում: Պաշտոնական տվյալներով, Գյումրիում
մեկ մարդը տարեկան 280 կիլոգրամ աղբ է արտադրում, մինչդեռ գյումրեցիների ասելով՝
«Քաղաքը պատրաստի աղբակույտ է, ճապոնացիներն էլ ընչի՞ են երկար-բարակ մտածում»: ՆՈՒՆԵ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31