Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանությունն իր ներսում բանավեճ չունի»

Հուլիս 27,2006 00:00

Ասում է ԱԺ նախկին փոխնախագահ Արա
Սահակյանը ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի կարծիքով,
հայաստանյան ներկա իշխանությունն «իր ներսում բանավեճ չունի ու այս իմաստով միաձույլ
է»: Երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում խորհրդարանի նախկին փոխխոսնակն
ասել է, թե՝ «մյուս կողմից՝ այսօր իշխանությունը կարիքը չի զգում հասարակական աջակցության:
Նա ուզում է զուտ ինքնահզորացման միջոցով, արհեստականորեն հզորանալով՝ առնական ներկայանալ:
Ներկայանալ մի ուժ, որը կարող է ինքնին որոշումներ ընդունել», ու հավելել է, որ իրականում
այդ թղթե տնակը փլուզվելու է, որովհետեւ կա, ասենք՝ Ղարաբաղի հարցը, որն առանց հասարակության
աջակցության հնարավոր չէ լուծել: «Մենք ինքներս էլ՝ որպես իշխանություն, բարդ շրջանում
ենք իշխանավարել: Բայց բոլոր մարդիկ՝ մեծից փոքր, այսօր գիտեն, որ այս իշխանությունը
պարտավոր է Ղարաբաղի հարցը մի կարգ ավելի բարձր ու երաշխավորված լուծել, քան 98-ին
փորձում էին «պարտվողական» հռչակվածները»,- ասել է Ա. Սահակյանը՝ ընդգծելով, որ իրականում
բանավեճը կրկին ղարաբաղյան կարգավորման ուղիների շուրջ է, ու «իշխանությունը, որքան
էլ այն ուժեղ լինի կամ ուժեղ ձեւանա, միայնակ չի կարող լուծել այն: Տվյալ դեպքում
իշխանության եւ հասարակության միասնություն է հարկավոր: Իշխանությունը ցանկանում
է ուժեղանալ եւ ուժեղ ձեւանալ, որպեսզի կոմպենսացնի հասարակական աջակցության պակասը
կամ բացակայությունը»: Ըստ նրա, 1997 աշնանը բանավեճ կար: Այսօր բանավեճ չկա. կա
քարոզչություն: Այսօր իշխանությունը փորձում է առանց բանավեճի, առանց առարկությունները
լսելու ներկայացնել իր տեսակետը: Ա. Սահակյանի մատուցմամբ, այսօրվա իշխանությունները
նման չեն անգամ իրենք իրենց՝ 1998 թվականին: «98 թվականին իշխանության եկած ուժերը՝
ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, որոշ հույսեր արթնացրեցին՝ որպես ավելի անզիջող եւ պետության
թերացումները վերացնել ձգտող մի լիդեր, մարդ, որը Հայաստանում, Հայաստանի որեւէ օլիգարխ
միջավայրի հետ որեւէ արատավոր կապ չուներ, եկել էր ու կարծես այդպիսին էր: Այն ժամանակ
հասարակությունը նրա հետ հույսեր էր կապում: Բայց Հայաստանի այսօրվա իշխանությունը
շատ քիչ ընդհանուր բաներ ունի 97-98 թթ. միջավայրի ու հույսերի հետ: Նրա կազմն է
փոխվել. հենց իշխանությունը ինքը իր մեջ Քրոնոսի նման խժռեց իր զավակներին»,- ներկայացրել
է Ա. Սահակյանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել