Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻՇՏ ԲԱԶՄԱՍՑԵՆԱՐ
ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ»

Հուլիս 27,2006 00:00

Նկատի
ունենալով ՀՀ նախագահին՝ ասում է ԱԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը –
Պարոն Քոչարյան, ինչո՞վ եք բացատրում Հայաստանի իշխանական ուժերի չափազանցված ակտիվությունը։
– Հայաստանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրն այսօր որակական փոփոխություններն
են, որոնք կապված են եւ ԼՂ հարցի կարգավորման, եւ արտաքին քաղաքականության ու բազմաթիվ
այլ հարցերի հետ։ ԼՂ հարցի հետ կապված ճնշումները ավելի են խորանալու, ավելին, պետք
է լինի այն իշխանությունը, որը կարողանա որպես փաստարկ օգտագործել այն, որ ինքն առաջնորդվում
է ժողովրդի կամքով։ Պետք է լինի տնտեսության կտրուկ բարելավում, եւ սրա հետ կապված
են բանակն ու բանակի հզորացումը։ Հաջորդ հարցադրումը սոցիալական բեւեռացման հաղթահարումն
է։ Երկրում յուրաքանչյուրը պետք է իրեն տեր զգա, որպեսզի մենք հասնենք մեր ազգային
նպատակներին, որոնք վտանգված են։ Խնդիրները բազմաթիվ են, բայց արժե եւս մի քանիսը
թվարկել, օրինակ՝ ժողովրդագրական վիճակը։ Հայաստանը տարեցտարի ծերանում է, ծնելիությունը
անկում է ապրում, մարդիկ իրենց երկրում տեր չեն զգում։ Երիտասարդությունը մեկնում
է, չի վերադառնում։ Վերջապես, հումանիտար ոլորտի լիակատար անտեսումը. դա վերաբերում
է եւ մշակույթին, եւ կրթությանը, եւ գիտությանը։ Իսկ իշխանություններն այս
ամենը թողած, այլ բանով են զբաղված։ Այն, ինչ տեղի է ունենում Հանրապետական կուսակցությունում,
մեկ նպատակ ունի՝ եղածը պահպանել։ Նրանք, ովքեր իշխանության վերնախավում են, ոչ միայն
ցանկանում են պահպանել իրենց դիրքերը, այլեւ՝ ավելացնել։ Մյուսները գիտակցում են,
որ սա պահպանման գնացքն է, որտեղ իրենք պետք է իրենց տեղը ունենան, արագությամբ գնում
են դեպի այդ գնացքը։ Նույնը վերաբերում է տնտեսական գործունեությամբ զբաղվողներին։
Քանի որ նման իշխանության պարագայում խիստ խոցելի է առաջին հերթին նաեւ բիզնեսմենը,
հետեւաբար, նրանք ձգտում են լինել իշխանություն կամ իշխանությանը մոտ։ – Ըստ
ձեզ, ընդդիմության համար տեղեր նախատեսված չե՞ն։ – Խնդիրը հենց դա է, որ մենք
կանգնած ենք ռուսական Դումայի կարգավիճակում հայտնվելու վտանգի առջեւ։ Այնտեղ եւս
աստիճանաբար օրենսդիր մարմնից դուրս է թողնվում ընդդիմությունը։ Օրինակ, ընտրություններում
Ռուսաստանի համար ամենականխատեսելի ելքն է, որ Դումայում կհայտնվի երեք քաղաքական
ուժ՝ «Նաշ դոմ գազպրոմ», կներեք՝ «Նաշ դոմ Ռոսիա», որը նույնն է՝ կոմունիստները եւ
Ժիրինովսկին։ Եվ բոլորովին էական չէ, թե ով է լինելու սրանցից ընդդիմությունը։ Հայաստանը
նույն վտանգի առջեւ է կանգնած։ Մի կողմում իշխանական ամբողջ ռեսուրսն է, ստվերային
տնտեսության գումարները, ինչ-որ չափով կրիմինալը։ «Բարգավաճ Հայաստանը» այս խաղի
մեջ կարծես այնքան էլ չի տեղավորվում եւ պետք է փորձի իր հույսը, խաղաթուղթը դարձնել
գումարը։ Բայց ոչ ոք միամիտ չէ, որ միայն գումարով փորձի գնալ իշխանության դեմ, այսինքն,
կարծում եմ, կլինի համաձայնեցված քայլ։ Տվյալ պարագայում ընդդիմության տեղը շատ պարզ
է եւ հստակ՝ հարկավոր է ունենալ ծրագիր, որը կվայելի ժողովրդի վստահությունը։ Ինչն
առայժմ չկա։ – Եթե ձեզ ճիշտ հասկացա, դուք հենց հիմա ասացիք, որ միայն գումարով
«Բարգավաճ Հայաստանը» չի՞ կարող գնալ իշխանության դեմ։ – Այո, իհարկե։ –
Այսինքն՝ դուք մտածում եք, որ «Բարգավաճ Հայաստանը» գնալու է իշխանության դե՞մ։ –
Չէ, ես այլ բան էի ասում, եթե իշխանության ներսում արդեն ձեւավորված է, թե ով է լինելու
թիվ մեկը, ապա հավակնություն ունենալ, մարտահրավեր նետել դրան, այսինքն, անհնարին
է, որ «Բարգավաճը» մարտահրավեր նետի։ – Կարծում եք արդեն որոշվա՞ծ է, թե ով
է լինելու առաջինը։ – Իհարկե, եւ դա Հանրապետականն է։ Չեմ կարծում, որ «Բարգավաճ
Հայաստանի» ներկայացուցիչներն այդքան անխոհեմ են, որ փորձեն դրա դեմ գնալ։ Իրենք
ուղղակի կտեղադրվեն այդ խաղի մեջ, փորձելով առավելագույնս պոկել, քանի որ իրենք իշխանության
համար վտանգ չեն ներկայացնում։ – Այդ դեպքում ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում
Դաշնակցության եւ «Օրինաց երկրի» համար։ – ՕԵԿ-ն իր խնդիրները լուծեց՝ դուրս
մղվելով իշխանական դաշտից եւ նրա ապագան կապված է ընդդիմության հետ, որն անմխիթար
է։ Շատ բարդ վիճակ է Դաշնակցության համար։ Մի կողմից՝ կոալիցիայի անդամ, մյուս կողմից,
այնուամենայնիվ, Դաշնակցությունը, իհարկե, գաղափարական կուսակցություն է եւ հասկանում
է այն վտանգները, որոնք կապված են տարածաշրջանային գործընթացների հետ։ Այն, ի տարբերություն
մյուս կուսակցությունների, նաեւ ներկայություն ունի ԼՂՀ-ում։ Այնպես որ, բազմաթիվ
պատճառներով Դաշնակցությունը անգաղափարական, միայն հանուն պահպանման գործընթացում
կարծես տեղ չունի։ Կամ ինքը այս ամենի հետ պետք է համակերպվի՝ ստանալով իր բաժինը,
կամ՝ մարտահրավեր պետք է նետի այս ամենին։ Բայց չեմ կարծում, որ Դաշնակցությանը դա
կհաջողվի։ Դաշնակցության հաջողությունը հնարավոր էր, եթե ամեն ինչ այսքան միաբեւեռ
չլիներ, այսինքն, ընդդիմությունը եւս որոշակի ուժ, ռեսուրս ներկայացներ։ –
Ձեր ներկայացրած սցենարից տպավորություն ես ստանում, որ սրանց դեմ խաղ իրոք չկա,
իրո՞ք այդքան անհույս է վիճակը։ – Տեսականորեն երկու խաղ կա։ Առաջին. այնուամենայնիվ,
այս ամենը Ռոբերտ Քոչարյանի ցանկությա՞մբ է գնում մինչեւ վերջ։ Այսինքն, ընտրել են
այն սցենա՞րը, որ մոտակա հինգ տարիներին ինքը պարզապես քաղաքական գործունեության
դաշտում դադար է վերցնում, որովհետեւ այս սցենարը տանում է դեպի գերհզոր Հանրապետական՝
իր թեկնածու նախագահով։ Քոչարյանը չի կարող երրորդ ժամկետով նախագահի թեկնածուի տեղին
հավակնել, դա Հայաստանի վերջը կլինի։ Նա ունի մի տարբերակ՝ հավակնել վարչապետի պաշտոնին։
Սակայն այդ դեպքում նա պետք է ձգտեր խճանկարային մեծամասնության։ Այն հանգամանքը,
որ միտումը խճանկարային չէ, խոսում է այն մասին, որ նա երաշխիք է ստանալու այդ գերհզոր
ուժից, եւ հինգ տարի դադար է տալիս։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը
առաջնորդվում է միայն մեկ սցենարով, նա միշտ բազմասցենար մոտեցումներ ունի։ Հետեւաբար,
այս ամենի հնարավոր արգելքն այն է, որ ինչ-որ պահից ուժի մեջ դրվի խճանկարայինի սցենարը,
դրա ազդանշանը կլինի այն, որ պաշտպանության նախարարը հրաժարական կտա։ Եթե այդպես
եղավ, կնշանակի, որ մեկ անձի կողմից, ով այսօր դեռ իշխանության կենտրոնում է եւ տիրապետում
է բոլոր լծակներին, վերջնական սցենարը դեռ գծված չէր։ ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել