Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ՄԵՐ ՎՐԱ»

Հուլիս 27,2006 00:00

Ասում
է Բուզանդի փողոցի նախկին բնակիչը ՀՀ կառավարության հռչակած ու «պետական կարիքների
համար» անվան տակ Երեւանի Կենտրոնում իրականացված կառուցապատման «զոհերը» հերթական
հասարակական կազմակերպո ւթյունն են հիմնադրել՝ այս անգամ «Պետական կարիքների»
զոհերն ի պաշտպանություն ժողովրդավարության» անվամբ: Այս մասին մեզ տեղեկացրեց Բուզանդի
նախկին բնակիչ ու նորաստեղծ կազմակերպության ներկայացուցիչ Սեդրակ Բաղդասարյանը:
Հիմա իրենց սեփականությունից, տուն ու տեղից զրկված մարդիկ փորձելու են նաեւ խորհրդատվական
աջակցություն ցուցաբերել իրենց ճակատագիրն առաջիկայում կիսող այլ տարածքների սեփականատերերին:
Որ այդ ցանկում մինչեւ 2008-ը հայտնվելու են էլի մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր
ՀՀ քաղաքացիներ՝ արդեն իսկ վճռված է ՀՀ կառավարության ընդունած ու ՀՀ նախագահի վավերացրած
որոշմամբ. Սարյան փողոց, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք, Տիգրան Մեծ
պողոտա, Ե. Քոչարի փողոց, Կոնդ թաղամաս եւ Երեւանի գինու գործարանի հարակից տարածք:
Երեկ մեզ հետ զրույցի ժամանակ Ս. Բաղդասարյանը հայտարարեց, որ մարդկանց իրենց
տներից վտարելու հակասահմանադրական որոշումն ընդունելու եւ բիրտ ուժի կիրառմամբ նրանց
իրավունքների ոտնահարման փաստի համար այս երկրում կա մեկ պատասխանատու՝ ՀՀ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը: «Նա այս երկրի ամենամեծ հանցագործն է»,- հայտարարեց մեր զրուցակիցն
ու հավելեց, որ Ռ. Քոչարյանն այդ հանցանքը կատարել է գիտակցելով դրա անօրինական լինելու
հանգամանքը: Այսպես, ըստ նրա, դեռեւս 1998-ին ՍԴ-ն քննելով անշարժ գույքի վերաբերյալ
հարցը՝ երկրի նախագահին միանշանակ տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը չի կարող
անշարժ գույքի օտարման այնպիսի ընթացակարգ ընդունել, որը կիրառվեց Կենտրոնի բնակիչների
նկատմամբ, եւ որ լիազորված չէ մարդուն զրկել իր սեփականությունից: «Նկատի ունենալով,
որ նախկին Սահմանադրությամբ ՍԴ որոշումներն ուժի մեջ էին մտնում հրապարակման օրվանից,
պետք է արձանագրել, որ երկրի նախագահը գիտեր, որ այն, ինչ արվել է ՀՀ քաղաքացիների
նկատմամբ իր վավերացրած որոշմամբ՝ հակասահմանադրական է»,- հայտարարեց Ս. Բաղդասարյանը:
Վերջինս ասաց, թե նկատի ունենալով ՍԴ որոշումը Կենտրոնի իրացված տարածքների
նախկին բնակիչներն գրավոր չորս հարց էին ուղղել Ռ. Քոչարյանին՝ ինչպե՞ս է հնարավոր
դարձել նրա կողմից այդպիսի հակասահմանադրական որոշման վավերացումը, ե՞րբ է դադարեցվելու
կառուցապատման անօրինական գործողությունների շարունակությունը, անօրինականությունների
համար մեղավորները ե՞րբ են պատժվելու, ի՞նչ է անելու, որ դրանց հետեւանքով տուժած
մարդկանց իրավունքները վերականգնվեն: «Մեկ ամիս առաջ ՀՀ նախագահին ուղղված մեր նամակին
պատասխանեց ԾԻԳ-ի տնօրեն Ռ. Հարությունյանը: Եթե ես իմանայի, որ մեր նախագահը Ռ.
Հարությունյանն է, մենք մեր նամակն այլ վերտառությամբ կգրեինք՝ նամակ ՀՀ նախագահ
Ռ. Հարությունյանին»,- հեգնեց պարոն Բաղդասարյանը: Իսկ նամակի բովանդակությունն ուղղակի
զավեշտ էր: Ռ. Հարությունյանը ՀՀ քաղաքացիներին պատասխանել էր այսպես՝ «2002թ. օգոստոսի
1-ին, երբ Ռ. Քոչարյանը վավերացնում էր ՀՀ կառավարության որոշումը, նա ի՞նչ իմանար,
որ 4 տարի հետո՝ 2006-ի ապրիլի 18-ին այն հակասահմանադրական է ճանաչվելու»: «Մեզ
ձեռ են առնում»,- արձանագրեց Ս. Բաղդասարյանը՝ հավելելով, որ ժամանակին ընդունված
ու կիրառված անօրինական որոշման հետեւանքներն այսօր «պետական կարիքների զոհերին»
ավելի ծանր կացության մեջ են դրել, քան հնարավոր էր ենթադրել: «ՀՀ Սահմանադրության
մեջ ամրագրված է, որ բոլորն ուսում ստանալու իրավունք ունեն: Մեր երեխաներն այսօր
զրկված են բուհեր դիմելու հնարավորությունից, որովհետեւ նրանցից պահանջում են տեղեկանք
բնակավայրից, որը տվյալ պահին մենք չունենք: Մեր որդիները, ովքեր պետք է անձնագիր
ստանան ու հաշվառման կանգնեն զինվորական կոմիսարիատներում ժամկետային զինծառայության
անցնելու համար, չեն կարողանում դա անել, որովհետեւ նրանցից դարձյալ պահանջում են
տեղեկանքներ բնակավայրից: Նրանք այսօր դասալիք են համարվում եւ հետապնդվում են միայն
այն բանի համար, որ անձնագիր ստանալ չեն կարող, որովհետեւ բնակավայրից տեղեկանք չեն
տալիս ու գրանցման վայր չունեն: Սահմանադրությամբ գրված է, որ ամեն ոք իրավունք
ունի ազատ տեղաշարժվելու: Դա, փաստորեն, չի վերաբերում վտարվածներին, որովհետեւ այդ
մարդիկ, ովքեր գրանցման վայր այլեւս չունեն, ելքի վիզաներ ստանալ չեն կարողանում:
Եվ վերջապես, վտարված ընտանիքների հայրերը չեն կարողանում աշխատանքի ընդունվել, որովհետեւ
դարձյալ բախվում են կոնկրետ գրանցման վայր չունենալու խնդրի հետ: Ասել է թե՝ մենք
զրկված ենք սովորելու, աշխատելու, տեղաշարժվելու իրավունքից: Էլ չեմ ասում սոցիալական
նպաստներից օգտվող ընտանիքների մասին: Եվ սա ոչ մեկին չի հետաքրքրում, իշխանությունները
թքած ունեն մեր վրա»,- հայտարարեց Ս. Բաղդասարյանը՝ հավելելով, որ այսօր համանման
խնդիրներ ունեն մոտ երկու տասնյակ ընտանիքներ, որոնցից մի քանիսն իրենց իրավունքների
վերականգնումը բացառապես կապում են Եվրոպական դատարանի հետ: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել