Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ՍԿՍԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԸ

Հուլիս 26,2006 00:00

Երեկ Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունը:

Մեկ շաբաթ 28 երկրների 176 (աղջիկներ՝ 67, տղաներ՝ 112) մարզիկներ պայքարելու են չեմպիոններին ու մրցանակակիրներին որոշելու համար:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցավայր է գործուղել ութ ծանրորդի՝ երեք աղջիկ եւ հինգ տղա: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Նրա հետ Լանդսկրոնա են մեկնել նաեւ պատանիների հավաքականի ավագ մարզիչ Պողոս Պողոսյանը, մարզիչ Հոկսեն Միրզոյանը, աղջիկների ընտրանու ավագ մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Իսկ մրցահարթակ մտնելու են՝ աղջիկներ. 44 կգ քաշային կարգ՝ Քրիստինե Պետրոսյան, 53 կգ՝ Հեղինե Եփրեմյան եւ Աննա Գովելյան, տղաներ. 50 կգ՝ Զորիկ Պողոսյան, 56 կգ՝ Ռուբիկ Մամոյան, 62 կգ՝ Առաքել Միրզոյան, 69 կգ՝ Դավիթ Գալուստյան, +94 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան: Թե մեր պատանի ծանրորդներն ինչպիսի՞ արդյունքներ ցույց կտան, կիմանանք առաջիկա օրերին: Միայն ասենք, որ Ռուբիկ Մամոյանը եւ Առաքել Միրզոյանը նման մակարդակի մրցումների մասնակցության փորձ ունեն եւ կարող են մրցանակային տեղերի հավակնել: Մասնավորապես, Ռուբիկը Եվրոպայի նախորդ առաջնությունում հանդես գալով մեկ աստիճան ցածր 50 կգ քաշային կարգում՝ երկամարտի 186 (84+102) կիլոգրամով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Առաքելը, որ քաշը չի փոխել, բավարարվել է 4-րդ տեղով՝ ցույց տալով 110+132= 242 կիլոգրամ:

Երեկ պատանի ծանրորդներն սկսեցին մրցապայքարը: Իրենց կարողություններն էին ցուցադրելու 44 կգ քաշային աղջիկները, որոնց մեջ էր Քրիստինե Պետրոսյանը, ինչպես նաեւ 50 եւ 56 կիլոգրամ քաշային տղաները, որտեղ հանդես էին գալու համապատասխանաբար՝ Զորիկ Պողոսյանն ու Ռուբիկ Մամոյանը:

Առաջնության պաշտոնական կայքից երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ Քրիստինե Պետրոսյանը եւ Ռուբիկ Մամոյանը նվաճել են արծաթե մեդալ: Իսկ 50 կգ քաշային կարգում Զորիկ Պողոսյանը պոկում վարժությունում ստացել է զրո, հրումում՝ բարձրացրել ընդամենը 95 կգ եւ 10 մասնակցի մեջ զբաղեցրել 9-րդ տեղը՝ իրենից ետ թողնելով ավելի վատ հանդես եկած ալբանացի ծանրորդին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել