Զրույց
առաջին հայ մոդելներից Լիզա Մանուկյանի հետ «Առավոտը» քանիցս ներկայացրել
է մեր օրերում նորաձեւության տարբեր մրցույթների մասնակից ու դափնի շահած ոլորտի
երիտասարդ ստեղծագործողներին: Ցավոք, քչերին են հայտնի անցյալ դարի կեսերից նորաձեւության
ոլորտում առաջին քայլերն անող հայաստանցիները: Նշենք, որ վերոնշյալ ոլորտում հայերն
առաջին քայլերն արել են 50-ականների վերջերից: Երկար ժամանակ պահանջվեց որոնելու
ու գտնելու այն հայուհիներին, որոնք առաջին անգամ բարձրացել են պոդիում: Գտանք ու
սիրով ներկայացնում ենք նրանցից մեկին՝ Լիզա Մանուկյանին: Երեւանաբնակ գյումրեցին
աշխատելիս է եղել Գյումրիի տեքստիլ կոմբինատում՝ որպես նմուշների կաբինետի վարիչ
եւ առաջին անգամ 1958թ. ամռանը՝ 20 տարեկանում, իր երեք գործընկերուհիների հետ տեղի
ֆիլհարմոնիայի դահլիճում ցուցադրել է կոմբինատի արտադրանքը: Տիկին Լիզայի խոսքերով.
«Ցուցադրության օրը ներկա էին Մոսկվայից հյուրեր, որոնք էլ հրավիրեցին գարնանը տեքստիլագործների
արտադրանքը ցուցադրել Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում»:
Հետաքրքրությանը, թե Գյումրիի կոմբինատում ովքե՞ր էին այդ տարիներին նորաձեւ հագուստներ
ստեղծում, մեր զրուցակիցը նշեց կոմբինատի նկարիչ-մոդելյորներ Գրիշա Գաբրիելյանի եւ
Վիլեն Բիշարյանի անունները, ավելացնելով. «Նորաձեւ էսքիզները զգեստ կամ լողազգեստ
էին դառնում Գյումրիում 50-ականներին անուն հանած դերձակ տիկին Սոնյայի շնորհիվ»:
Լիզա Մանուկյանը տեղեկացրեց, որ նորաձեւ զգեստներն արժեին շուրջ 50 ռուբլի. «Գյումրիում,
մեր տանը (նկատի ունի տեքստիլ կոմբինատում) ցուցադրում էինք անվճար, իսկ Մոսկվայում
մեկ ցուցադրության համար վճարում էին 100 ռուբլի»: Հայ մոդելից տեղեկացանք,
որ նորաձեւության ամենամյա ցուցադրություններ Երեւանում կայացել են տարվա չորս եղանակներին՝
սկսած 60-ական թվականներից: Ժամանակակից հայ եւ արտերկրի նորաձեւ զգեստների
մասին խոսելիս տիկին Լիզան նշեց, որ դրանք պարզապես պրակտիկ չեն. «Ես հասկանում եմ,
որ շոուի դարում ենք ապրում, բայց, վստահ եմ, որ պետք է ստեղծել այնպիսի հագուստ,
ինչը կարելի լինի կրել առօրյա կյանքում: Ինչ խոսք, վերջին տարիներին այս ոլորտում
ի հայտ են գալիս շնորհալի մոդելավորողներ»: Հետաքրքրությանը, թե ցուցադրվող
զգեստները այն թվերին ինչ կոշիկներով էին ներկայացնում, տիկինը հայտնեց, որ իրենք
պոդիումի վրա զգեստները ներկայացրել են միայն ֆրանսիական արտադրության «շպիլկա» կոշիկներով.
«Միայն 70-ականների կեսերից հետո արդեն հայ կոշկագործները անուն հանեցին, այն էլ՝
միայն ԽՍՀՄ-ում»: Հետաքրքրությանը՝ այսօր Փարիզում եթե կինը առօրյայում հագնում է
նման կոշիկներ եւ զգեստի վրա կրում մորթի, նրան նայում են որպես անբարոյականի, Լ.
Մանուկյանը պատասխանեց. «Նախ՝ այդ կոշիկներով «հակացուցված» է դրսում քայլելը, դա
կնոջ երեկոյան հանդերձանքի մաս է: Իսկ այն, որ այսօր անճաշակությունը հասել է գագաթնակետին,
կարծում եմ, այս հարցով ոչ մի մասնագետ չի կարող ինձ հետ վիճել»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ