Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ ԵՐԵԿՎԱ ՈՒ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐ՝ ՄԻԱՅՆ-4

Հուլիս 26,2006 00:00

Անկախության վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Այդ թվում՝ կուսակցական:

Հատկապես՝ կուսակցական, եթե ընտրություններին մնացել է երկու-մեկ տարի: Համապետական ամեն ընտրությունից առաջ «հայտնագործվում են» տեխնոլոգիաներ, որոնք աշխարհի պատմության պես հին են ու ամեն անգամ հասարակությանը հրամցվելով իբրեւ «հայտնագործություն»՝ նաեւ գյուտարարի փառք ու պատիվ են բերում նրան, ով ի վերջո քաղելու է այդ «տեխնոլոգիայի» պտուղները: Սա եւս կանոն է դարձել հայ քաղաքական ասպարեզում՝ տեր դառնալ դափնեպսակների, որոնք հյուսել են ուրիշները:

Քանի դեռ Ազգային ժողովում քննարկվում է Ընտրական օրենսգիրքը, որ հակառակ երեք տարվա խոստումների, թե առաջին անգամ ընտրություններից երեք-երկու-մեկ տարի առաջ է ընդունվելու, էլի կընդունվի մի քանի ամիս առաջ ու ակնհայտորեն քաղաքական մեծամասնության «լրամշակումներով»՝ Վենետիկի հանձնաժողովի վավերացումն էլ վրան, նախընտրական ու թերեւս նաեւ ընտրական գործընթացները արդեն ամենաբուռն զարգացումների փուլում են: Միջկուսակցական ու ներկուսակցական: Առավելեւս՝ ներիշխանական: Համարյա բոլոր լրատվամիջոցներով հյուսվում է այն առասպելը, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունները լիովին ու անվերապահ իշխանական սցենարով են անցնելու, քանի որ ընդդիմությունն արդեն ինքն իրեն խաղից դուրս է դրել ու այս անգամ էլ իշխանությունն է ստանձնելու եւ իշխանության, եւ ընդդիմության համար պայքարողի դերը: Այսինքն՝ քաղաքական լեզվից մարդկային լեզվի փոխանցած՝ իշխանական միջանցքներում է որոշվում, թե ապագա խորհրդարանում ուժերի ինչ դասավորություն է լինելու: Հարգարժան ու սիրելի ընտրող, 2007-ին, ինչու չէ, նաեւ 2008-ին, ձեր գործը լինելու է միայն ընտրատեղամաս գնալը կամ չգնալը, մնացածն արդեն որոշված է: Ահա սա է, որ համահայաստանյան լրատվամիջոցներին խնդիր է տրված հասցնել ընտրողների գիտակցությանն ու ենթագիտակցությանը: Եվ այս գերխնդրի լուծումը «որոշելու է» ընտրությունների ելքը: «Նպատակը արդարացնում է միջոցները» կարգախոսը, որ հիմքում հակաօրինական ու հակամարդկային է, վերստին դառնալու է նախընտրական զինանոցի հիմնական հարվածային ուժը:

Իսկ թե վերջ-առաջ՝ իշխանական-մերձիշխանական-միջիշխանական կուսակցություններում ինչ խաղեր ինչ արդյունք-հետեւանքների կհասցնեն, միեւնույն է՝ մեծամասնություն ունենալ խորհրդարանում՝ այս վճիռն արդեն ընդունված է:

Սա կարող է նաեւ դատավճիռ դառնալ: Բոլոր նրանց համար, ովքեր այն կյանքի չեն կոչի, որովհետեւ խորհրդարանական մեծամասնություն չունենալով՝ նախագահական ընտրությունների արդեն հստակ ուրվագծված սցենարը եւս կարող է դատավճռի տեսք ստանալ: Այսինքն՝ հերթական վոին-նախագահի միֆը կտապալվի, պահեստային թեկնածուներն էլ հայտնի չէ՝ կարդարացնե՞ն այդ բարձր վստահությունը, կհասցնե՞ն անհրաժեշտ արագություն հավաքել նման պատասխանատու վազքում հաղթելու համար, կլինե՞ն նույնքան ցանկալի ու հուսալի, թե՞ կարող է կրկնվել ԱԺ նախկին նախագահի հետ կատարվածը, երբ փառահեղ մտադրությունը վերածվեց փառահեղ ձախողման՝ ընդ որում երկկողմանի. իշխանությունը հարկադրված էր հրաժարվել նրան իրավահաջորդ դարձնելուց, իսկ նա՝ նախագահական ամբիցիաներից: Պատճառները կարեւոր չեն, կարեւորը փաստն է, որ մտածելու տեղիք պետք է տա ցանկացած այլ թեկնածուի դեպքում:

Հետեւությունները՝ յուրովսանն:

Ով ինչ, ինչքան ու ինչու հասկացավ:

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել