Դատավորների
համար սահմանվել են վարքագծի կանոններ, ըստ որոնց՝ դատավորն իրավունք չունի ստանալ
«անթույլատրելի նվերներ»: Երեկ դատաիրավական ոլորտում օրենսդրական բարեփոխումների
հայեցակարգը ներկայացնելիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց,
որ հուլիսի 14-ից ավարտվել է հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային
խմբի առաջին փուլը: Ըստ աշխատանքային խմբի առաջարկների՝ ստորին օղակը, կկազմեն մագիստրատների
առաջին ատյանի դատարանները, որոնք քննելու են «ոչ մեծ գործեր», «որոշակի գումարով
սահմանափակ» եւ քրգործեր, որոնց սահմանած պատժաչափը մինչեւ մեկ տարի ազատազրկումն
է լինելու: Լինելու են քաղաքացիական, քրեական, վարչական, անվճարունակության գործերով
մասնագիտացված դատարաններ, որոնք կգործեն «մեկ դատարան՝ մի քանի մարզի համար» սկզբունքով:
«Առավոտի» հարցին, թե արդյոք քաղաքագետների համար լրացուցիչ դժվարություններ չե՞ն
ստեղծվի տեղափոխվելիս, Դ. Հարությունյանը պատասխանեց, որ որոշ դեպքերում «տեղաշարժվողը
կլինի դատավորը», իսկ մարզերում կձեւավորվեն նստավայրեր: Դ. Հարությունյանը
անդրադարձավ նաեւ Արդարադատության խորհրդի (ԱԽ) կողմից դատավորներին կարգապահական
պատասխանատվության ենթարկելու կարգին: Ըստ այդմ, կարգապահական վարույթ հարուցելու
իրավունքը վերապահված է արդարադատության նախարարին եւ ԱԽ 3 անդամներին, իսկ վճռաբեկ
դատարանի նախագահին, օրինակ, ԱԽ-ն ոչինչ անել չի կարող, հարցին կարող է անդրադառնալ
դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը: Դատավորների համար
առաջարկվող վարքագծի կանոնների համաձայն, «դատավորը իրավունք չունի զբաղվել ձեռներեցությամբ:
Բայց դա չի նշանակում, որ նա չի կարող լինել ավանդատու, չի բացառվում, որ դատավորն
ունենա անգամ բաժնետոմս»: Դատավորը չպետք է որեւէ մեկից նվեր ընդունի կամ հետագայում
ընդունելու համաձայնություն տա եւ պարտավոր է զերծ պահել իր ընտանիքի անդամներին
նվեր ընդունելուց: «Մենք չենք ասում, թե անձը հասարակությունից կտրվում է:
Կամ իր ընկերները, բարեկամները չեն կարող նվերներ տալ: Օրենքը կարգավորում է՝ թույլատրելի
բոլոր նվերների մասին դատավորը պարտավոր է հայտնել էթիկայի հանձնաժողովին, եթե նրանք
գերազանցում են որոշակի սահմանաչափը: Ընդունելի է ամուսնության, ծննդյան օրվա կապակցությամբ
ազգականից, ընկերոջից ստացված նվերը, եթե չափով եւ էությամբ ողջամտորեն համապատասխանում
է իրադարձությանը եւ միմյանց միջեւ հարաբերությունների էությանը»,- պարզաբանեց Դավիթ
Հարությունյանը: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ