Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՏՈՒՆԸ

Հուլիս 26,2006 00:00

Նախկին դատախազ Հովսեփյանի՞ն, թե՞ Իրանի քաղաքացի Գարդաբադին

Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին դատախազ Համլետ Հովսեփյանը (որն այս տարվա մայիսի 20-ին պաշտոնանկ է արվել) մեղադրվում է «սեփականությանը տիրանալու» մեջ: Մեղադրողը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող Մայիս Ասլանի Յուսեֆփուր Գարդաբադն է: Այս առնչությամբ գոյություն ունի երկու՝ տրամագծորեն հակառակը պնդող փաստաթուղթ: Գարդաբադի շահերը ներկայացնող ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արթուր Մեսրոպյանին Հայաստանի ազգային արխիվի Երեւանի քաղաքային վարչության վարիչ Դ. Աբիսողոմյանը տեղեկանք էր ուղարկել ի պատասխան փաստաբանի հետեւյալ հարցման. 1991թ. Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նիստ գումարվե՞լ է, կա՞ որոշում Դավիթաշեն 9 փողոցի 51 տան վերաբերյալ: Ըստ Ազգային արխիվի, «Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմը 1991թ. ապրիլի 17-ին նիստ չի գումարել: Տեղեկացնում ենք, որ Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի 1991թ. որոշումներում «Սասունցի Դավիթ» կազմակերպության անդամներին եւ կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանին Դավիթաշեն 9 փողոցի 51 տանը կից հողակտորը հատկացնելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնաբերվել»: Մինչդեռ «Առավոտի» տրամադրության տակ կա նաեւ ճիշտ հակառակը պնդող փաստաթուղթ. Դավիթաշենի թաղապետ Սուրիկ Ղուկասյանի պաշտոնական տեղեկանքի համաձայն, «հայտնվում է, որ 1991թ. ապրիլի 17-ին Մաշտոցի գործկոմի որոշմամբ Դավիթաշեն 9-րդ փողոցի 51 տանը կից հողակտորը հատկացվել է «Սասունցի Դավիթ» կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանին՝ բնակելի տուն կառուցելու նպատակով»:

Վիրաբույժ-տրավմատոլոգ Մայիս Գարդաբադը 40 տարի աշխատել է Գերմանիայում, ունի սեփական կլինիկա Գերմանիայում ու Իրանում, եւ իր խոսքերով՝ «նպատակ ունենալով Հայաստանում բարեգործական կլինիկա հիմնել, որոշեցի վաղեմի երազանքս իրականացնելու համար մի մասնաշենք գնել Երեւանում»: Վերոնշյալ տունը նա գնել է 120 հազար դոլարով, առուվաճառքի թիվ 1959 պայմանագիրն էլ վավերացվում է, անշարժ գույքի կադաստրն էլ տալիս է 1158392 սեփականության վկայականը: Վիճելի տունը նախկինում պատկանել է Մկրտիչ Մկրտչյանին, որը 40 տարի բնակվել է այնտեղ, իսկ ծնողների մահից հետո նա միակ սեփականատերն էր: Համլետ Հովսեփյանը Մկրտչյանի քրոջ՝ Կարինեի ամուսինն է:

Մայիս Գարդաբադը այդ տունը ձեռք է բերել ոմն Ժիրայր Վարդանյանից, որին էլ դատախազի կնոջ եղբայրը ժամանակին վաճառել էր տունը: «ՀՀ վճռաբեկ դատարանում գրանցված, հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան Հովհաննես Գալյանի միջոցով վճռաբեկ բողոք է ներկայացվում՝ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով»,- տեղեկացնում է ԻԻՀ քաղաքացու իրավաբան Արթուր Մեսրոպյանը, որի բնորոշմամբ, «բողոքն իրենից մի թուղթ էր ներկայացնում, որում գրված էր, թե տունը կառուցել է Հ. Հովսեփյանը»: Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչում Մ. Մկրտչյանի սեփականության իրավունքը, Ժ. Վարդանյանի եւ Մայիս Գարդաբադի առուվաճառքի պայմանագրերն ու սեփականության վկայականները: Մ. Գարդաբադը դիմել է ՀՀ նախագահին, նրան առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՀ-ում Իրանի դեսպանին: Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով Մ. Գարդաբադն իր հերթին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատին:

Երեկ Համլետ Հովսեփյանը «Առավոտին» ասաց, որ «վճռաբեկ դատարանն իրավունք չուներ վարույթ ընդունել այդ գործը, քանի որ նոր երեւան եկած հանգամանք գոյություն չունի»: Նա հայտնեց, որ 1990-ի Երեւանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 28/30 որոշման համաձայն, Դավիթաշենի կոլտնտեսության հողերը հատկացվել են կոլտնտեսականներին: «Այդ որոշման համաձայն, նկատի ունենալով, որ կոլտնտեսության անդամներ էին «Սասունցի Դավիթ» կազմակերպության տղաները, կազմակերպության որոշմամբ ինձ է տրվել այդ հողակտորը»,- պնդում է Հ. Հովսեփյանը, որը նաեւ մեզ տեղեկացրեց, թե 2,5 հարկը կառուցել է իր միջոցներով: Իսկ աներձագը, որը գնացել է Թուրքմենստան, առանց իր գիտության վաճառել է տունը:

Հ. Հովսեփյանին դատախազ եղած ժամանակ կանչել են ԻԻՀ դեսպանատուն, ուր ինքն ասել է, որ պատրաստ է գնել հողակտորը: Սակայն, ըստ նախկին դատախազի՝ «իրանահայը ոչ հողակտորն է տալիս, ոչ էլ կլինիկան բացում»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել