Ոռոգման
եւ խմելու ջրերի անկանոն մատակարարումները Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներին
մեծ վնասներ են հասցնում: Ոռոգման ջրի բացակայությունը կամ ոչ ժամանակին ջուր
հատկացնելը գյուղացիներին զրկում է բերքից ու դրանից ակնկալվող եկամտից: Իսկ խմելու
ջուր չլինելու պատճառով մարդիկ ստիպված դույլը 100-200 դրամով գնում են: Մարզի Ազատավանը,
Բաղրամյանը, Մրգավանը, Բերքանուշը տարիներով ջրի կարոտ գյուղեր են: Ջուր եղած ժամանակ
էլ գյուղացիների խոսքերով՝ ոչ բոլորին է հասնում. «Զոռբայի դար ա, ով հասցրեց՝ հողամասը
կջրի, ով էլ չէ՝ բերքը կկորցնի: Հետո էլ պարտաճանաչ՝ դաֆթարները թեւների տակ գալիս,
ջրի փող են ուզում, բա դրանք ամոթ չունե՞ն»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին
ազատավանցիները: Մրգավանի բնակիչներից մեկի պատմելով էլ, վերջերս խմելու ջրի
խողովակի միջից մի մեծ առնետ են հանել, ինչը դարձել էր խցանման պատճառ, եւ 2-3 ամիս
բնակիչները գրեթե ջուր չեն ունեցել. «Տրուբեն քանդեցինք, որ տեսնենք, թե ինչի է ջուրը
այդքան բարակ գալիս, պարզվեց՝ մեջը մի 2 կիլոյանոց առնետ ա ընկել: Փաստորեն՝ ջուր
էկած ժամանակ առնետաջուր ենք խմել»: Բերքանուշի գյուղապետի տեղակալը եւս հաստատեց,
որ ջրի հետ կապված բնակչության շրջանում մեծ դժգոհություններ կան. «Ջրային տնտեսությունները
մեզանից առանձին են գործում, բազմիցս իրենց զգուշացրել ենք, որ գյուղացուն նորմալ
ջուր ապահովեն, բայց իրանց ձեռքն ա՝ ինչ ուզում անում են»: Ազատավան համայնքի գյուղապետ
Սարգիս Խաչատրյանն էլ վատամարդ դուրս չգալու համար ջուր տրամադրող ընկերությանն արդարացրեց.
«Դժգոհությունները հիմնականում եղել են մայիս ամսին, քանի որ խոստացել են ջուրը շուտ
բաց թողնել, սակայն ուշացրել են: Այժմ պրոբլեմ չկա: «Մխչյանի» ջրային ընկերությունը
սպասարկում է 17 գյուղ, պատկերացնո՞ւմ եք ընկերությունն ինչ վնասներ կկրի, եթե նասոսները
միայն մեր համար միացնեն, գումար են, չէ՞, ծախսում, եթե գյուղացին ջրի կարիք ունենում
ա, ջուրը լավ էլ տալիս են»: Այդուհանդերձ գյուղապետը չթաքցրեց, որ խմելու ջրի առումով
ազատավանցիները խնդիրներ ունեն: Ս. Խաչատրյանի խոսքերով, «այս տարի ջուրը քիչ է,
ներհամայնքային ցանցն էլ 1930-40-ականներին է կառուցվել, որի հետեւանքով կորուստները
մեծ են, ջուրն էլ գյուղացուն չի հասնում»: Ազատավանի համայնքային ճանապարհների
դիք ու փոսերը խճի օգնությամբ հարթեցրել են, սակայն ասֆալտապատում չեն կարողանում
անել. «Շատ թանկ ա, մի փողոց եթե ասֆալտապատենք՝ բյուջեի կեսը կգնա, 9 մլն բյուջեով
ու 12 մլն դոտացիայով ո՞րն անենք»,- տարակուսում է Ս. Խաչատրյանը: Ըստ Ս. Խաչատրյանի,
նախորդ գյուղապետը մշակույթի տան շենքը սեփականաշնորհել է: Գյուղապետարանի գանձապահ
Արեւիկ Հայրապետյանը եւս փաստեց, որ գյուղացիների վիճակը ծայրաստիճան վատ է: Նրա
խոսքերով, գյուղի գյուղատնտեսական նշանակության 412 հա հողերից 30 հա չի մշակվում
հենց այդ պատճառով. «Սալյարկան թանկ է, գյուղացին չի կարողանում հողը վարել, դրան
գումարած՝ հարկերի բարձր լինելը»: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ