Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՏԱՐԱԾՔԸ ԿԻՐԱՑՆԻ

Հուլիս 26,2006 00:00

Պուշկինի ու Տերյանի փողոցների բնակիչներին հերթական վտարո՞ւմն է սպասվում

Պետական կարիքների համար իրացված տարածքների բնակիչների՝ տներից վտարվելու դառը փորձն աչքի առաջ ունենալով եւ մտավախություն ունենալով, որ կհայտնվեն Բուզանդի, Հյուսիսային պողոտայի, Կոզեռնի եւ Կոնդի բնակիչների կարգավիճակում, Տերյան 11, 13 եւ Պուշկինի 23 շենքերի մի խումբ բնակիչներ ապօրինություններից իրենց ապահովագրելու համար աղմուկ են բարձրացրել: Պարզվում է՝ գլխավոր պողոտային հարող նշյալ հասցեները նույնպես կառավարության որոշմամբ ընդգրկված են իրացման գոտիների ցանկում, եւ այս տարածքում էլ բնակիչների հայրական տների հաշվին պատրաստվում են էլիտար շենքեր կառուցել: Անորոշությունից շվարած՝ օրերս «Առավոտին» էին դիմել իրացման ենթակա տարածքի բնակիչները՝ դժգոհելով, որ առանց իրենց հետ համաձայնության եզրեր գտնելու կառավարությունը վերցրել ու տարածքն օտարել է: Բնակիչներին անհայտ էր, թե իրենց բնակարանների դիմաց կառուցապատողն ինչ համարժեք տարբերակներ է առաջարկելու: Տերյան 13 հասցեի բնակիչ Վլադիմիր Մնացականյանի խոսքերով՝ «Սա իմ հայրական տունն է, այստեղ ապրում եմ արդեն 70 տարի: Եթե տարածքն իրացնում են, գոնե իմանանք՝ ի՞նչ իրավական հիմքերով են առաջնորդվում եւ մարդկանց ի՞նչ պայմաններ են առաջարկելու»: Հաշվի առնելով, որ կենտրոնում 1 քմ տարածքի շուկայական գները խիստ տարբերվում են կադաստրային արժեքից, Տերյան 11 շենքի բնակիչ Ռիչարդ Ասրիյանին էլ անհանգստացնում էր այն, որ իրենց բնակարանների դիմաց փոխհատուցում տալիս կադաստրային արժեքով տունը գնահատելու դեպքում բնակիչները կտուժեն: Տերյան 11, 13, եւ Պուշկինի 23 շենքերի տարածքում մրցույթով կառուցապատման իրավունք է ստացել «Դվին հոլդինգը»: Վլադիմիր Մնացականյանի խոսքերով՝ այս ամենը շատ կասկածելի է, քանի որ «Դվին հոլդինգը» հիմնվում է կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի «Երեւանի Կենտրոն համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» թիվ 11 51-Ն որոշման վրա, որը վերջերս Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական: Վ. Մնացականյանը «Դվին» կոնցեռնի իրավաբանից խնդրել է մինչեւ իր բնակարանը չափագրելը իրեն տրամադրել կառավարության համապատասխան որոշումը, կառուցվող շենքի նախագիծը եւ «Դվինի» գործունեությունը տվյալ տարածքում թույլատրող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնեն: Այս առնչությամբ ԾԻԳ-ի փոխտնօրեն Ֆելիքս Աֆյանն «Առավոտին» պարզաբանեց, որ նշյալ տարածքի իրացման համար հիմք է ծառայել ՀՀ կառավարության 2001թ. թիվ 645 «մայր» որոշումը, որին հետեւել է կառավարության մեկ այլ՝ 2002թ. օգոստոսի 1-ի ոչ թե թիվ 11 51-Ն, այլ՝ թիվ 11 50-Ն որոշումը, որով փոփոխություններ են մտցվել Հյուսիսային պողոտայի մակերեսի վերաբերյալ: Պարոն Աֆյանի տվյալներով, Կենտրոն համայնքի 1 քմ հողատարածքի կադաստրային արժեքը մոտ 60 հազար դրամ է:

Պարզաբանում խնդրեցինք նաեւ «Դվին հոլդինգի» տնօրեն Ռաֆիկ Սարգսյանից: Վերջինս հավաստիացրեց, որ բնակիչների անհանգստությունն անտեղի է, քանի որ իրենք առաջարկում են փոխշահավետ 3 տարբերակ: Առաջին դեպքում կտրվի բնակարան նույն տեղում՝ բնակչի օրինական տիրապետման տակ գտնվող տարածքի չափով կամ մի փոքր ավելի: Սակայն դա կլինի 2 տարի հետո, եւ այդ ժամանակահատվածում կառուցապատողը կվճարի նաեւ բնակչի վարձած բնակարանի գումարը: Երկրորդ տարբերակով կառաջարկվի ավելի մեծ մակերեսով բնակտարածք Մամիկոնյանց փողոցում կառուցվող շենքում՝ 1 տարի հետո, նույնպես վարձով տան վարձավճարը տալու պայմանով: Մյուս տարբերակը կլինի փոխհատուցումը անկախ գնահատողների ներկայացրած գումարի չափով եւ օրենքի սահմաններում: «Այսօր մենք բնակիչների հետ դեռ պայմանագրեր չենք կնքում: Պայմանագիր պետք է կնքենք ԾԻԳ-ի հետ եւ նրանց հետ նախնական ուսումնասիրություն կատարենք»,- ասաց Ռ. Սարգսյանը: Նրա փոխանցմամբ, հոլդինգի իրավաբան Արմինե Բեջանյանը որոշ ուսումնասիրություններ է կատարել, զրուցել բնակիչների հետ, եւ մոտ 70%-ը նախնական բանավոր համաձայնություն է տվել «Դվինի» առաջարկած պայմաններին:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել