Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ «ԳԱԶՊՐՈՄՈՒՄ» ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԿԱՇԽԱՏԻ

Հուլիս 26,2006 00:00

Այսպիսի
կանխատեսում է անում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը,
որի հետ մեր այս զրույցը բացառապես վերաբերում է ներիշխանական զարգացումներին: –
Անցյալ շաբաթ ՀՀԿ-ն համալրած ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ
խորհրդի նախագահ: Ինչո՞վ էր պայմանավորված նրա ընտրությունը, եւ արդյոք դա նշանակո՞ւմ
է, որ նրա ու Ռ. Քոչարյանի միջեւ, իրոք, որոշակի հակասություններ կան, քանի որ հայտնի
է, որ Ռ. Քոչարյանին սատարող կուսակցությունը ոչ այնքան ՀՀԿ-ն, որքան «Բարգավաճ Հայաստանն»
է լինելու: – Երկրի նախագահ դառնալու նրա ամբիցիաներն ու ցանկությունն ակնհայտ
էին, եւ բնական էր, որ նա որեւէ կուսակցությունում պետք է հենարան փնտրեր: Կարծում
եմ՝ Ս. Սարգսյանն այլ կուսակցություն չէր կարող գնալ: Միակ տարբերակը նրա համար ՀՀԿ-ն
էր, ինչն էլ նա արեց: Ավելին, կարծում եմ՝ ի սկզբանե էլ դա ակնհայտ էր: Ի՞նչ տեղի
ունեցավ նրա՝ հանրապետական դառնալուց հետո. նա փորձեց ամբողջ վարչական, կրիմինալ
ու ֆինանսական ռեսուրսները հավաքել մեկ տեղ՝ հանրապետականներին ասելով, թե ինքը եկել
է ինչ-որ բան այդ կուսակցությանն ավելացնելու համար, բայց ոչինչ, ըստ էության, չավելացրեց:
Ավելացրածը միայն կրիմինալ, վարչական ու ֆինանսական ռեսուրսներն են, մինչդեռ, ըստ
իս, ամենակարեւոր ռեսուրսի մասին, որը ժողովուրդն է, տվյալ դեպքում խոսք լինել չի
կարող: Իսկ «Հանրապետականն» ինչ ուներ մինչ այդ՝ այն էլ մնաց, միգուցե, կուսակցության
«կրիմինալացման» պատճառով ՀՀԿ-ն ինչ-որ բան նույնիսկ կորցնի: Այդուհանդերձ, ՀՀԿ-ն
փորձելու է ցույց տալ, որ ինքն այն ուժն է, որն ինչ ուզենա՝ կարող է անել, իսկ ինչ
ուզենալը ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներ լցոնելը կամ նկարչությամբ զբաղվելն
է: Այսինքն՝ տվյալ դեպքում «Հանրապետականը» դառնալու է երկրի «գլխավոր նկարիչը» եւ
ընտրությունները կեղծողը: Որեւէ այլ բան տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում
է «Բարգավաճ Հայաստանին», ապա միայն այդ կուսակցության հրապարակային գործունեությունից
հետո հայտնի կդառնա, թե ինչպիսին կլինեն ժողովուրդ-«Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ-«Բարգավաճ
Հայաստան», «Բարգավաճ Հայաստան»-այլ քաղաքական ուժեր հարաբերությունները: Այսօր գնահատականներ
տալը բավականին բարդ է: Ներկա պահի դրությամբ «Բարգավաճ Հայաստանը», կարծես թե, ավելի
մեծ ժողովրդական ռեսուրս ունի, քան ՀՀԿ-ն: – Ռ. Քոչարյանը միայն Ս. Սարգսյանի՝
իրեն ուղղված շատ թափանցիկ ակնարկից հետո որոշեց հայտարարել, թե ինքը ողջունում է
ՀՀ պաշտպանության նախարարի՝ ՀՀԿ անդամ դառնալն ու այդ կուսակցության խորհրդի նախագահ
ընտրվելու փաստը: Ըստ Ձեզ, ի՞նչ էր դա նշանակում: – Որքան ես եմ ճանաչում
Ռոբերտ Քոչարյանին, ապա՝ ՀՀ նախագահի պաշտոնում վերջին ժամկետի ավարտից մոտ 18-20
ամիս առաջ իր լիազորությունները իրավահաջորդին փոխանցելը նման չէ իրեն: Առաջին՝ սա
հուշում է այն, ինչի մասին հասարակությունն անընդհատ խոսում է՝ առաջիկա մեկ-երկու
ամիսների ընթացքում սպասվում է Ռ. Քոչարյանի հրաժարական: Իսկ հրաժարականից առաջ նա
նախապատրաստում է իրեն աջակցող ուժերի համախմբում, որպեսզի որեւէ այլ ուժ չկարողանա
իրենց դեմ պայքարել: Ես կարծում եմ, որ դա շատ հավանական է: Կա նաեւ երկրորդ տարբերակը:
Մենք հիշում ենք, որ պաշտպանության նախարար-ՀՀ վարչապետ ավելի սերտ համագործակցությունը,
իսկ դա ցույց են տվել վերջին 8-9 տարվա զարգացումները, հանգեցրել են մեկ՝ ՀՀ նախագահի
հրաժարականին, ինչպես դա եղավ 1998թ.-ին, ՀՀ նախագահ-անվտանգության նախարար համագործակցությունը՝
99թ.-ի «Հոկտեմբերի 27»-ի դեպքերին, կամ վարչապետի ու պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը,
ինչպես դա եղավ 2000-ին Արամ Սարգսյանի ու Վաղարշակ Հարությունյանի դեպքում: Հիմա
ձեւավորվել է ՀՀ վարչապետ-պաշտպանության նախարար սերտ համագործակցություն: Մինչ այս,
Ռ. Քոչարյանը միշտ կարողացել է իր համար աննպաստ պայմանների դեպքում ետ քաշվել եւ
ունենալ, այսպես ասած, «չմորիկի» կարգավիճակ, մինչեւ որ ներքաղաքական զարգացումները
հանգեցնեն իր մրցակիցներից որեւէ մեկին թիկունքից հարվածելուն: Հիմա Ռ. Քոչարյանը
կամ ա՛յս մարտավարությունն է ընտրել, կամ պատրաստվում է հրաժարականի: Ի դեպ, հենց
այս նույն պատճառաբանություններից ելնելով էլ նա ողջունել է Ս. Սարգսյանի՝ ՀՀԿ անդամ
դառնալու քայլը: – Սրանից ենթադրվո՞ւմ է արդյոք, որ այն, ինչ կատարվում է
ներիշխանական ճամբարում՝ խաղ է՝ Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի միջեւ համաձայնեցված
ու ծրագրված սցենար, որով փորձում են հասարակության աչքին տարբերակված երեւալ՝ իշխանության
վերարտադրությունը սահուն անցկացնելու համար: – Այո: Մյուս տարբերակը, որի
մասին խոսեցի՝ քիչ հավանական եմ համարում: Չեմ ուզում առանձին-առանձին մատնանշել,
թե Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը հատկապես ի՞նչ թելերով են իրար հետ կապված: Դա բոլորին
է հայտնի՝ ընդհուպ մինչեւ երկրի կրիմինալացումը, որի դեմ պայքարելու համար մեր ու
հասարակության ողջ ուժերը համատեղելու անհրաժեշտություն կա: Բայց հարկ եմ համարում
շեշտել, որ եթե առաջ մենք գործ ունեինք ամբողջովին կոռումպացված իշխանությունների
հետ, ապա հիմա գործ ունենք պետական համակարգում ընդգրկված կրիմինալի հետ, որոնց արագորեն
«հանրապետականացնում» են: – Դուք ասացիք, թե Ս. Սարգսյանը ՀՀԿ-ին անդամակցելուց
բացի այլ ընտրություն չուներ: Նա չէ՞ր կարող դառնալ այլ կուսակցության անդամ՝ մանավանդ,
որ հստակ էր՝ որտեղ էլ Ս. Սարգսյանը լիներ, այդ կուսակցությունը համալրվելու էր այն
նույն մարդկանցով, ովքեր համալրեցին ՀՀԿ-ն: – Իսկ ուրիշ ո՞ւր կարող էր գնալ:
– Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան»: – Բացառվում է, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն
ու Սերժ Սարգսյանը շատ տարբեր մարդիկ են՝ ե՛ւ տնտեսական շահերի, ե՛ւ իրենց այլ հետաքրքրությունների
իմաստով: Միեւնույն ժամանակ, նրանք միեւնույն փոքրիկ կաթսայի մեջ երկուսով չեն կարող
տեղավորվել: – Ասում են, որ Ս. Սարգսյանի աներեւույթ աջակցությամբ ապագայում
ձեւավորվելու է «աջ ուժերի» նոր միավորում: Ինչո՞ւ նա չէր կարող դառնալ այդ միավորման
հրապարակային կնքահայրը: – Դա բավականին անլուրջ կլիներ: Դա, ըստ էության,
չեղած միավորում է: Մյուս կողմից, Ս. Սարգսյանն ինքը նոր բան ստեղծել չի կարող, նա
միշտ «նստում» է արդեն ստեղծվածի վրա: – Դատելով Ձեր վերլուծությունից՝ պետք
է ենթադրել, որ Ռ. Քոչարյանի՝ «Անգլիական թագուհի» լինելն արդեն կատարված փաստ է:
Կարելի՞ է ենթադրել, որ չի բացառվում նրա մոտալուտ հրաժարականը: – Միանշանակ:
– Այդ դեպքում ի՞նչ է լինելու արտահերթ ընտրություններից հետո: Ս. Սարգսյանը
դառնալու է ՀՀ նախագահ, բա Ռ. Քոչարյա՞նը: Վարչապե՞տ: – Ռ. Քոչարյանը այդ
դեպքում երեւի գնա, օրինակ՝ «Գազպրոմում» խորհրդական աշխատելու: Հարցազրույցը
վարեց ՆԱՐԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել