Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԻՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ Է»

Հուլիս 26,2006 00:00

Ասում է ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը

– Պարոն Արսենյան, դուք եւս հրավիրված էիք Հանրապետական կուսակցության արտահերթ 10-րդ համագումարին, սակայն ներկա չէիք. արդյոք լուրջ պատճա՞ռ կար այդ բացակայության համար:

– Պատճառը զուտ տեխնիկական էր:

– Ինչո՞վ եք բացատրում Հանրապետականի ակտիվացումը եւ պաշտպանության նախարարի՝ Հանրապետականի ղեկավարներից մեկը դառնալը:

– Այդ բացատրությունները Գուրգեն Արսենյանը չպիտի տա, այդ բացատրությունները պետք է տան Հանրապետական կուսակցության ակտիվացման հեղինակները եւ նախաձեռնողները, որովհետեւ իրենք են իրենց կուսակցությունում նման գործընթացներ սկսել, նաեւ բացատրություն պետք է տա Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ դարձած Սերժ Սարգսյանը: Ինչո՞ւ պետք է Գուրգեն Արսենյանը այդ ամենի վերաբերյալ փորձի բացատրություն տալ: Գուրգեն Արսենյանը Միավորված աշխատանքային կուսակցության նախագահն է եւ մեր կուսակցության ակտիվացման կամ պասիվացման վերաբերյալ, խնդրեմ, ցանկացած բացատրություն տալ միշտ պատրաստ եմ:

– Սակայն Հանրապետականի, ինչպես նաեւ ցանկացած այլ կուսակցության ակտիվացումն այսպես կամ այնպես կապվում է այլ կուսակցությունների հետ: Դուք չե՞ք գտնում, որ Հանրապետականի ակտիվացմամբ մրցակցությունը ավելի է մեծանալու եւ դժվարանալու է խորհրդարան մտնելը, որովհետեւ իշխանական դաշտում շատ հզոր ուժեր են առաջանում, եւ ՄԱԿ-ը, քանի որ եւս այդ դաշտում է, խնդիրներ կունենա:

– Մենք որեւէ դժվարություն, որեւէ ծագած խնդիր չենք տեսնում, որովհետեւ մենք սկզբունքորեն կողմնակից ենք հասարակության քաղաքական ակտիվացմանը ընտրություններից առաջ եւ քաղաքացիական ակտիվացմանը՝ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում: Շատ ճիշտ պահն է: Ճիշտը հիմա ակտիվանալն է եւ ոչ թե ընտրությունների ավարտից հետո սկսել խոսել, թե էս ի՞նչ արեցին, ո՞նց արեցին: Էհ, ավարտվեց, մինչ այդ էր պետք գործ անել եւ ոչ թե ընտրություններից հետո չորս տարի շարունակ խոսել նույնի մասին եւ տրտնջալ, թե էս ի՞նչ արեցին: Հարկավոր է մինչ ընտրությունները ակտիվացնել քաղաքական զանգվածը, հասցնել պիկին, արդյունքները ստանալ՝ դրական կամ բացասական, եւ վայելել:

– Հնարավո՞ր է, որ ՄԱԿ-ը հայտնի իշխանական ուժերի հետ դաշինքով մասնակցի խորհրդարանական ընտրություններին:

– 2003-ին, երբ մենք ընտրության գնացինք, որեւէ մեկի հետ դաշինքի մեջ չենք եղել: 2003-ից հետո մեր գործողություններում դարձյալ որեւէ մեկի հետ դաշինքի մեջ չենք եղել, մենք ընդամենը քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել այն պահին, երբ այդ պատասխանատվությունը ստանձնած ուժերից մեկն ասաց, որ այլեւս չի ուզում: Մենք ստանձնել ենք պատասխանատվությունը եւ ստանձնել ենք ոչ միայն անցած երեք տարիների եւ եկող մեկ տարվա համար, այլեւ անցած եւ տասնհինգ տարիների, եւ գալիք բոլորի համար, որովհետեւ մենք քաղաքական ուժ ենք, որը չի խուսափում իր երկրի համար պատասխանատվություն ստանձնելուց:

– Դուք անհանգիստ չե՞ք, որ Հանրապետականը, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» եւ էլի մի քանի հայտնի կամ անհայտ իշխանական ուժեր, որոնք զարմանալիորեն շատացել են վերջին շրջանում, ընտրություններից առաջ ՄԱԿ-ին խաղից դուրս կթողնեն:

– ՄԱԿ-ը իր փաստարկները կբերի ընտրությունների օրվա ավարտին, երբ կհրապարակվեն ընտրությունների արդյունքները: Չէ՞ որ երբ նախատոնական միջոցառումների շարք ես անցկացնում, դա դեռ չի նշանակում, որ, ասենք, օլիմպիադայի եզրափակիչ մրցումների արդյունքում դու արդեն մեդալը կախել ես վզիդ: Արդյունքները հետո կերեւան: Մենք նշույլ անգամ չենք կասկածում, որ մեր արդյունքները կլինեն մեր պլանավորածի չափով, կասկածի նշույլ անգամ չունենք, բացարձակապես, մեկ վայրկյան իսկ չենք կասկածում: Որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական կառույց իր մարտավարությունն է ընտրում. մեր մարտավարությունը հանգիստ լինելու մեջ է, մարդկանց հետ աշխատելն է, ընտրազանգվածի հետ աշխատելը, ասֆալտի վրա աշխատելը, քաղաքացիներին մեր մոտեցումները բացատրելն է:

– Պարոն Արսենյան, ձեր գլխավորած խմբակցությունը եւս, ինչպես մյուս իշխանական խմբակցությունները, ակտիվորեն մասնակցում է «Ընտրական օրենսգրքի» քննարկումներին. դուք լրջորեն հավատո՞ւմ եք, որ «ԸՕ»-ի փոփոխությամբ կփոխվեն նաեւ ընտրությունների որակը եւ ազնվությունը:

– Առաջին հերթին, երբ «Ընտրական օրենսգիրքդ» լավը չի, չես կարող նորմալ ընտրություններ կազմակերպել նույնիսկ ցանկության պայմաններում: Ֆիքսենք սա: Մենք հետեւանքը եւ պատճառը իրար չենք խառնում: Գտնում ենք, որ պետք է ունենանք լավ «Ընտրական օրենսգիրք», որպեսզի քաղաքական կամքի, քաղաքացիական կամքի, հասարակական կամքի դրսեւորման պայմաններում, նաեւ լավ օրենսգիրք ունենալու պայմաններում կարողանանք լավ ընտրություններ կազմակերպել: Եթե օրենսգիրքը վատը եղավ, ասենք՝ ստեղծեց տեխնիկական դժվարություններ ընտրությունների կազմակերպման առումով, մենք չենք կարող նորմալ ընտրություններ կազմակերպել։ Մեր առաջնային մտահոգությունը այդ հնարավոր տեխնիկական բարդություններից ազատվելն է: Շեշտում եմ՝ տեխնիկական եւ ոչ թե քաղաքական: Հարկավոր է տեխնիկապես կարգին օրենսգիրք ունենալ, որ մարդիկ կարողանան գնալ եւ ազատ օգտվել իրենց ընտրական իրավունքից:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել