Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորույթ՝ մշակութային դաշտում

Հուլիս 25,2006 00:00

Այսուհետեւ
մշակութային բացը կլրացնեն «նախկին կալանավորները» Օրերս Մայր թատրոնում կայացած
երգի եւ հումորի երեկոն առաջին հայացքից կարող էր սովորական թվալ մեր մշակութային
կյանքում տեղի ունեցող միջոցառումների շարքում: Բայց դա՝ միայն առաջին հայացքից:
Միջոցառումը 2004-ին ստեղծված Մետաղյա ճաղերից այս կողմ «Նախկին կալանավորների» բարեգործական
հ/կ-ի նախաձեռնությամբ առաջին մշակութային ակցիան էր: «Առավոտին» հ/կ-ի տնօրեն,
նախկին դատապարտյալ Գեւորգ Կոշկարյանը հայտնեց, որ շուրջ երկու տարի գործող իրենց
կազմակերպությունը, որն ունի 200 անդամ, զբաղվում է «մետաղյա ճաղերից» դուրս եկած
հասարակության լիիրավ անդամ համարվող քաղաքացիների տարբեր խնդիրներ լուծելու, նրանց
ձայնը «վերեւներին» հասցնելու առաքելությամբ: «Հանձին ՀՀ վարչապետի, Վարդաշենի նախկին
թիվ 24 ուսումնարանի հանրակացարանում մեր հ/կ-ի անդամներից առայժմ 50-ին տրամադրվել
է բնակարան: Բնակարանային հարցը նախկին կալանավորների համար եղել ու մնում է գերխնդիր»,-
տեղեկացրեց հ/կ-ի տնօրենը: Մեր զրույցից պարզվեց, որ հ/կ-ն իր գործունեության ընթացքում
չի սահմանափակվում պաշտոնյաներին միայն այս ու այն խնդրելով: Կազմակերպությունը հիմնել
է կահույքի արտադրամաս, որի աշխատակիցները նախկին բռնադատվածներ են: «Ճիշտ է՝ դեռ
ոչ մի պատվեր չենք ստացել, բայց հայտարարում ենք, որ, օրինակ, օրորոցները պատրաստելու
ենք անվճար կամ այն նորապսակները, ովքեր կցանկանան մեր արտադրամասում պատվերներ կատարել,
զագսի վկայականի առկայության դեպքում նախատեսված են 50% զեղչեր»,- տեղեկացրեց Գ.
Կոշկարյանը: Վերջինս խնդրեց, որ իրենց՝ նախկին ազատազրկվածներին հավատալ է պետք.
«Կալանավայրում ապրել ենք ժողովրդի աշխատանքի հաշվին, հիմա ուզում ենք փոխհատուցել:
Հավատացնում ենք, որ մեզ վստահելու դեպքում մարդիկ չեն փոշմանի, թույլ տվեք չմանրամասնել»:
Վերադառնալով երգի ու հումորի երեկոյին՝ նշենք, որ միջոցառման գլխավոր պրոդյուսերը
նախկին դատապարտյալ Արման Ավետիսյանն է: Նա տեղեկացրեց, որ միջոցառման տոմսերը թեեւ
դրված էին վաճառքի. «բայց դահլիճում սակավաթիվ հանդիսատեսի ներկայությունը, հավանաբար,
խոսում է մեր հասարակության մեջ նախկին կալանավորների հանդեպ առայժմ պահպանվող թյուր
կարծիքի ու վերաբերմունքի մասին: Դրանից մենք չենք ընկճվում, ինչպես ասում են՝ ժամանակն
է ամեն ինչ ցույց տալիս»: Պրոդյուսերը հայտնեց, որ միջոցառմանը աջակցել են մշակույթի
ու բնապահպանության նախարարները, Սունդուկյան թատրոնի տնօրինությունը, շամպայն-գինիների
գործարանի տնօրենը, Առինջ գյուղի գյուղապետը, բարերար տիկին Ռոզա Ծառուկյանը: Երեկոյի
ավարտին Ա. Ավետիսյանը խնդրեց մեզ, չմոռանալ շեշտելու, որ պարային խմբերը, երգիչ-երգչուհիները,
ասմունքողները, այդ թվում նաեւ կոչումնավորները միջոցառմանն իրենց մասնակցությունն
են բերել առանց ֆինանսի ակնկալման: Հրաժեշտից առաջ Գ. Կոշկարյանն ու Ա. Ավետիսյանը
հույս հայտնեցին, որ իրենց հ/կ-ի կողմից կազմակերպվելիք երկրորդ մշակութային երեկոյին
կներգրավվեն նաեւ ստեղծագործող նախկին կալանավորները: Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել