Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ հոսպիտալի բժշկուհուն վտարեն

Հուլիս 25,2006 00:00

Բնակարան ունենալը դառնում է դժվարին

2001թ. մայիսի 30-ի «Գալակտիկա» ՓԲԸ նախագահ-տնօրեն, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի թիվ 41 հրամանով Գառնի-Բանավանի բուժքույր Գ. Առաքելյանին հատկացվել է 2 սենյականոց բնակարան, 42 քմ մակերեսով: Տրվել է օրդեր՝ «բնակարան-հանրակացարանը» զբաղեցնելու համար: Սակայն երեւանաբնակ Կարլոս Գրիգորյանը դիմել է դատարան, հայտնելով, թե իրեն 1980թ. հատկացվել է վիճարկվող ծառայողական բնակարանը, որը «զբաղեցրել է առայսօր»: Կ. Գրիգորյանը նաեւ հայտնել էր, որ կառավարության 1993թ. պաշտոնական կամ ծառայական բնակարանների սեփականաշնորհման մասին թիվ 635 որոշման համաձայն, նշված բնակարանը սեփականության իրավունքով պետք է հատկացվեր իրեն եւ որ 1994-95թթ. ինքը դիմել է բնակարանը սեփականաշնորհելու խնդրանքով, սակայն օրդերի տրման գործընթացի դանդաղման հետեւանքով այն ձգձգվել է մինչեւ 2002թ.: Դժվար թե Գառնի գյուղի գյուղապետ Ա. Վարդանյանը Գեղեցիկ Առաքելյանին տեղեկանք տալով «չիմանար», որ բնակարանը պատկանում է Կ. Գրիգորյանին եւ տար այսպիսի բովանդակությամբ տեղեկանք. «Գ. Առաքելյանը մշտական հաշվառմամբ բնակվում է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Բանավանի 2 շենք 2 բնակարանում»: Կ. Գրիգորյանը նաեւ առաջին ատյանի դատարանից թաքցրել էր իր վտարման մասին դատարանի որոշումը: Պարզվում է, որ 2001-ի հուլիսի 17-ի ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանման հարկադիր կատարողների արձանագրությամբ Կ. Գրիգորյանը վտարվել է վերոնշյալ տարածքից: Կազմվել է վտարման վերաբերյալ ակտ, եւ «վտարման ընթացքում հարկադիր կատարողի գործողությունները չեն բողոքարկվել»:

Ի դեպ, «Առավոտի» տրամադրության տակ է նաեւ վտարման պահին գույքագրման ցուցակը, սակայն տարօրինակ բան. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 2005-ի հուլիսի 29-ին դատական նիստում քննում է Կարլոս Գրիգորյանի հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի եւ վճռում նրա հայցը բավարարել եւ ըստ էության Գեղեցիկ Առաքելյանի զբաղեցրած բնակարանի սեփականաշնորհման գործընթացը սահմանված կարգով կատարել, բայց Կարլոս Գրիգորյանի օգտին: Դժվար թե դատարանը չիմանար, որ մեկ անգամ արդեն վտարում է տեղի ունեցել, եւ Կ. Գրիգորյանը, ըստ էության, վտարված էր այդ բնակարանից: Հետեւաբար դադարեցվել է այդ բնակարանի նկատմամբ նրա օգտագործման իրավունքը: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, Նվարդ Հովսեփյանի նախագահությամբ, երբ 2000-ի նոյեմբերի 20-ին քննության էր դրել Կ. Գրիգորյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը կորցրած ճանաչելու եւ նրան վտարելու պահանջը, իր գործի հիմքում դրվել էր այն փաստաթուղթը, ըստ որի, Կարլոս Գրիգորյանը Երեւանի 15 թաղամասի 22 շենքի թիվ 17 հասցեում ստացել է 3 սենյականոց բնակարան, որ նա աշխատում է Երեւան քաղաքում եւ որ 1995-ից, երբ ազատվել է «Գալակտիկայից», հետեւաբար կորցրել է բնակարանի նկատմամբ բնակության իրավունքը:

«Առավոտին» Գեղեցիկ Առաքելյանը հայտնեց, որ այս տարվա փետրվարից նախապատրաստում են քրեական գործ այդ կապակցությամբ, եւ գործը գտնվում է քննիչ Գեղամ Աթանեսյանի վարույթում: Հարց է առաջացել, թե արդյոք Գուրզադյանի հրամանը՝ Գ. Առաքելյանին բնակարան հատկացնելու վերաբերյալ, օրինակա՞ն էր, թե՞ ոչ: Պարզվում է, որ օրինական է, քանի որ մինչեւ 2003թ. բնակարանները եղել են «Գալակտիկա» ՓԲԸ-ի տնօրինության տակ եւ տնօրենն էլ, համաձայն աշխատանքային պայմանագրի, «իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ եւ վերահսկում դրանց կատարումը»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31