Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիմա էլ մորեխներն են «գրոհել»

Հուլիս 25,2006 00:00

Միջատները Սասունիկ գյուղի ցանքատարածությունները ոչնչացրել են, հերթը՝ խաղողի այգիներինն է:

Այս տարի հորդառատ տեղումների ու երաշտի պատճառով Հայաստանի գրեթե բոլոր մարզերը հսկայական վնասներ կրեցին: Գյուղացիները դեռ չեն հասցրել ուշքի գալ ու կորուստները հաշվել, հիմա էլ վերջիններիս քիչ թե շատ փրկված բերքին մի նոր վտանգ է պատուհասել: Արագածոտնի մարզի մի շարք գյուղեր ենթարկվել են վնասատու մորեխների հարձակմանը: Գյուղատնտեսների մեկնաբանմամբ՝ մորեխների ի հայտ գալու հիմնական պատճառը երաշտն է, բարձր ջերմաստիճանը, որոնք նպաստում են վնասատուների արագ բազմացմանը եւ տարածմանը: Արդեն 1 ամիս է՝ Սասունիկ համայնքում գյուղացիները պայքարում են մորեխների դեմ: Միջատները գրոհել են գյուղի ցորենի եւ գարու ցանքատարածությունների վրա՝ հսկայական վնաս հասցնելով բերքին: Սասունիկցիների խոսքերով, եթե գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ չձեռնարկի՝ հերթը խաղողինն է:

«Մորեխներն իմ ցորենի արտի ուղիղ կեսը կերան, հիմա էլ հերթը խաղողին է հասել, պետության կողմից ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում, մեր ուժն էլ չի պատում, որ դեղ առնենք՝ սրսկենք»,- «Առավոտին» դժգոհեց սասունիկցի Ավետիք Թաթոյանը:

Սիլվարդ Սիմոնյանի խոսքերով էլ. «Ցրտահարությունից խաղողի ու մշակաբույսերի կեսը ոչնչացվեց, կարկտահարությունն էլ իր հերթին փչացրեց եղածը, հիմա էլ՝ ցորենի պաշարները վերացան, եթե խաղողի մի քանի ողկույզ կար, մորեխներն են սկսել ուտել, մնացել են միայն դատարկ ճյուղերը: Պետության տված դեղը օգնում է ընդամենը երկու օր, մի տարածքում տալիս ենք, փախչում են չսրսկած վայրերը: Հեկտարուկես խաղողի այգի ունեմ, եթե այսպես շարունակվի՝ ոչ մի բերք էլ չեմ ստանա»: Սասունիկի գյուղապետարանի տվյալներով, համայնքն ունի 1020 հա հողատարածություն: Սակայն այս տարի գյուղացիները հնարավորություն են ունեցել մշակել ընդամենը 200 հեկտար հացահատիկի ցանքատարածություն եւ 200 հեկտար էլ խաղողի այգիներ:

Սասունիկի փոխգյուղապետ Գաբրիել Խաչատրյանի խոսքերով. «Ցորենի ուղիղ 50%-ը մորեխների կողմից ոչնչացվել է: Բախչո Ալեքսանյանի եւ Դավիթ Գրիգորյանի ցանքատարածություններն ամբողջությամբ են տուժել: Մորեխների հարձակման մասին տեղեկացրել ենք մարզպետարան ու կառավարություն, մեր բարձրացրած բողոքի դիմաց՝ որպես օգնություն, ստացել ենք 30 կգ «Արիվու» տեսակի դեղանյութ, որը կբավարարի միայն 75 հեկտար հողատարածքի, իսկ 325 հեկտարի հարցը դեռեւս պարզ չէ: Մարդիկ էլ կան, որոնք թեեւ ստացել են դեղը, բայց սրսկում չեն կազմակերպել, իրավիճակը չեն մեղմել, 100 գրամ դեղը նախատեսված է 200 լիտր ջրի համար, եթե այդքանով գոնե բուժեն իրենց հողերը, դեմը կառնեն»:

Սասունիկցիների համոզմամբ, մաս-մաս պայքարելով հնարավոր չէ մորեխների առաջն առնել, եւ սրսկումը պետք է կազմակերպել օդուղիների միջոցով:

Եթե նախորդ տարի գյուղացիները մեկ հեկտարից ստացել են 4 հազար կգ ցորեն, ապա այս տարի երեք անգամ քիչ: Այս առնչությամբ Սասունիկի գյուղապետ Հայկազ Տեր-Գուլանյանը մտավախություն հայտնեց. «Այժմ գյուղը ծայրահեղ ծանր վիճակում է: Ցրտահարությունը, կարկտահարությունը, երաշտը, վնասատուների հարձակումը մեծ վնասներ հասցրին: Եթե փոխհատուցում չլինի՝ այս տարի գյուղում կատաստրոֆիկ վիճակ կստեղծվի: Պետք է հասնենք նրան, որ փոխհատուցումը գոնե լինի հողի, ջրի հարկերի զիջման տարբերակով»: Ի դեպ, մորեխների գրոհին են ենթարկվել ոչ միայն Սասունիկը, այլեւ Օշական, Կարին, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքները: Եթե պատկան մարմինները համապատասխան միջոցառումներ չձեռնարկեն, մորեխներն իրենց արշավը կշարունակեն դեպի հյուսիսային շրջաններ:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել