Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱԶԱՏՈՒՄ Է, ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Հուլիս 25,2006 00:00

Քաղծառայության խորհրդի պահանջով աշխատանքից ազատված պաշտոնյան ավելի բարձր պաշտոն է ստացել:

Վերջերս Քաղաքացիական ծառայության խորհուրդը դիմել էր Շիրակի մարզպետարան՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատելու Գրիգոր Պապոյանին, քանի որ վերջինս բաժնի պետի թափուր պաշտոնի սահմանված մրցույթին մասնակցելու համար խաբել էր հենց քաղծառայության խորհրդին՝ իր աշխատանքային գործունեության վերաբերյալ ներկայացնելով կեղծված փաստաթղթեր: Մեր տեղեկություններով, օրերս Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը աշխատանքից ազատված Գ. Պապոյանին «նվիրել» է իր օգնականի պաշտոնը: Մեր այս տեղեկությունը հաստատեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը: Ըստ մեր աղբյուրի, ընդհանրապես Շիրակի մարզպետարանում պաշտոնները բաշխվում են հաշվի առնվելով բարիդրացիական հարաբերություններն ու բարեկամական կապերը, եւ Գ. Պապոյանի անաշխատանք չմնալն էլ հենց դրա վառ ապացույցն է:

Մեր տեղեկություններով, քաղծառայության պահանջով աշխատանքից ազատված Գ. Պապոյանը քավոր-սանիկ հարաբերության մեջ է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խ. Պողոսյանի հետ, որն էլ ցանկացած պարագայում «տանիքություն է» անում իր հոգեորդուն, եւ արդյունքում՝ աշխատանքից ազատված մարդը էլ ավելի բարձր պաշտոնի է նշանակվում:

«Առավոտի» հարցին ի պատասխան, աշխատակազմի ղեկավարը կտրականապես հերքեց, որ Գ. Պապոյանի հետ «հոգեւոր» բարեկամներ են. «Գրիգոր Պապոյանը, որը չնայած քաղծառայության պաշտոնի հետ կապված օրենքի պահանջներին չի համապատասխանել եւ ազատվել է աշխատանքից, սակայն վեց տարի շարունակ աշխատել է մարզպետարանում եւ իրեն դրսեւորել է որպես համապատասխան մասնագիտական կարողություններով օժտված մարդ: Հենց այս հանգամանքից էլ ելնելով՝ մարզպետը նրան նշանակել է օգնական: Օգնականի պաշտոնը քաղծառայողով չի նշանակվում, այլ՝ ներքին աշխատանքային հարաբերություններով է կարգավորվում: Իսկ ինչ վերաբերում է քավոր-սանիկ հարաբերություններին, ապա նման բան չկա, պարզապես՝ ինքը բարձրորակ մասնագետ է, իսկ ես մարզպետարանի բոլոր լավ մասնագետների հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Այս փաստը այլ տեսանկյունից ներկայացնելու ամեն փորձ համարում եմ անբարո»:

Իսկ մի՞թե անբարո չէր աշխատանքային ստաժի վերաբերյալ փաստաթղթեր կեղծելը:

Քաղծառայության մասին օրենքի 17-րդ հոդվածի համաձայն, եթե անձը պաշտոնի է նշանակվել օրենքի խախտմամբ, ապա նրա քաղծառայողի ստաժը պետք է ճանաչվի անվավեր: Նմանապես քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության պահանջներին հակասող ակտերը վերացնելու համար նույն օրենքի 37 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական խորհուրդը պարտավորվում է դիմել դատարան:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ, սա մարզպետարանում կատարված միակ կադրային փոփոխությունը չէ. օրերս աշխատանքից ազատել են նաեւ մարզպետի մամլո քարտուղարին: Խաչատուր Պողոսյանի պարզաբանմամբ, կառավարության թիվ 618 որոշմամբ, հուլիսի 12-ին մարզպետարանում հաստատվել է նոր հաստիքացուցակ, համաձայն որի՝ բոլոր մարզպետարաններից վերացրել են մամլո քարտուղարի հաստիքը: Նոր հաստիքացուցակով նախկինում մարզպետի երկու խորհրդականի եւ մեկ մալմո քարտուղարի փոխարեն այսուհետեւ լինելու են երկու օգնական եւ երկու խորհրդական:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31