Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԿԱՍԸ

Հուլիս 25,2006 00:00

Ճիշտն ասած, արդեն մի քանի տարի է՝ ուզում եմ գրել Վարդավառի մասին: Բանն այն է, որ ես խիստ կասկածում եմ, թե դա գեղեցիկ ժողովրդական ավանդույթ է:

Ավելի ճիշտ, այն հովվերգական պատկերները, որոնք նկարագրված են գրքերում, իսկապես գեղեցիկ են: Բայց այն, ինչ ես տարեցտարի տեսնում եմ Երեւանի փողոցներում, շատ հեռու է այդ գրքային իդիլիայից: Դույլերով զինված դեռահասները, հավանաբար, տեղ չգտնելով իրենց սեռական էներգիայի համար, հարձակվում են անծանոթ մարդկանց վրա՝ անկախ վերջիններիս տարիքից եւ սեռից, ինչպես նաեւ մեքենաների վրա՝ երբեմն դառնալով դժբախտ պատահարների պատճառ: Նման բան տեղի ունեցավ, օրինակ, անցած կիրակի Աբովյան փողոցում: Եթե որեւէ բան արվում է հակառակ մարդու կամքի, բռնությամբ, ապա դա, իմ կարծիքով, չի կարող գեղեցիկ ավանդույթ լինել, այլ կարող է լինել լավագույն դեպքում՝ ռաբիսություն, իսկ վատագույն դեպքում՝ վայրենություն եւ խաղաղ բնակչության ահաբեկում:

Դրանից խուսափելու համար ավանդույթը պետք է մշակվի, դառնա մշակույթ: Տվյալ դեպքում պետությունը, եկեղեցին, հասարակական կազմակերպությունները պետք է մշակեն Վարդավառը տոնելու այնպիսի ձեւեր, որ երիտասարդները կարողանան սպառել իրենց էներգիան կանոնակարգված խաղով, իսկ մարդիկ, որոնք ուզում են միայն հանդիսատես լինել, այդ խաղից հաճույք ստանան:

Իհարկե, մշակելը պահանջում է հմտություն, ժամանակ եւ միջոցներ:

Դրանով է անմշակ ԱԼՄ-ն տարբերվում մշակված «Հայ սուպերսթարից», եւ պետք է խոստովանել, որ մենք սխալվում էինք՝ կարծելով, որ դա նույնն է լինելու: Պարզ է, որ մի գյուղում 30 տաղանդավոր, եթերում երեւալու արժանի երգիչ չի կարող լինել: Ճիշտ հակառակը՝ 30 գյուղում կարող է մեկը լինել, որի ներուժը բավարարի հրապարակային ելույթի համար: Բայց այդ մեկի վրա էլ պետք է աշխատել, մշակել, հղկել նրան եւ նոր թողնել եթեր: «Սուպերսթարը» գնացել է այդ ճանապարհով, եւ դրա շնորհիվ իսկապես ծնվեցին մի շարք՝ եթե ոչ աստղեր, ապա լավ հեռանկարներ ունեցող արտիստներ:

Այդ մրցույթում եղավ եւս մի հայտնագործություն: Միհրան Ծառուկյանը դրսեւորեց մարդկային բարձր հատկանիշներ՝ հրաժարվելով շարունակել մրցույթում իր մասնակցությունը: Ի տարբերություն ոմանց, որոնք գիտեն, որ չեն ընտրվել, բայց երեսը պնդացրած վայելում են կեղծիքներով ձեռք բերված իրենց պաշտոնը: Դա էլ է, հավանաբար, մշակույթի պակասից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել