Համագումարը,
որի մասին այդքան երկար խոսում էին, տեղի ունեցավ շաբաթ օրը՝ կառավարության նիստերի
դահլիճում Բարոյահոգեբանական մթնոլորտը Համագումարին ներկա էր գործադիր
եւ օրենսդիր իշխանության հանրապետական թեւն ամբողջությամբ, նույնիսկ մանր չինովնիկները՝
նախկին ԱԺՄ-ական, այժմ նժդեհական սոցապ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի գլխավորությամբ:
Ներկա էին հայտնի, եւ ոչ այնքան բոլոր նորաթուխ նժդեհականները, եւ յուրաքանչյուրն
ուզում էր, որ Սերժ Սարգսյանն իրեն նկատի: Համագումարի նախագահությունում բազմել
էին նաեւ նորաթուխները՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից սկսած մինչեւ Առաքել
Մովսիսյան (նույն ինքը՝ հայտնի Շմայսը), մինչեւ ԱԺ պատգամավոր Լյովա Սարգսյան (նույն
ինքը՝ Ալրաղացի Լյովիկը): Նախագահությունում էին նաեւ մինչեւ վերջերս Արթուր Բաղդասարյանի
«թանկագին կենացը» հոտնկայս խմող քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը, Երեւանի
քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ
Սահակյանը եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը դահլիճ մտան իրար
հետեւից: Նկատելի էր, որ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի տրամադրությունը ամենեւին
տոնական չէր: Մյուսները եւս երջանկությունից չէին փայլում: Ինչ-որ տարօրինակ բան
կար օդի մեջ, եւ այդ տարօրինակությունը շշուկներով փորձում էին բացատրել համագումարին
ներկա որոշ հանրապետականներ: Ոմանց կարծիքով, ամեն ինչ հիշեցնում էր 1998 թվականը,
երբ նախապատրաստվում էր ՀՀՇ-ի վերջը, մյուսները կարծիք էին հայտնում, որ այս ամենը
հիշեցնում է ՀՀՇ-ի պիկի ժամանակները, ուրիշները նույնը բացատրում էին այսպես. «Գետի
վարարելը կտրվելու նշան է», երրորդները չէին թաքցնում իրենց դժգոհությունը համատարած
հանրապետականացումից. «Սրանք մեր միջի թուրքերն են. էս որ եկել եւ Հանրապետական են
դառնում, հարմար պահի առաջինը իրենք են լքելու կուսակցությունը, որովհետեւ եկել են
իրենց շահի համար, ոնց կկոտորեի բոլորին». զայրույթը չէր թաքցնում մեր զրուցակից
մի հայտնի հանրապետական եւ նույնիսկ համաձայն էր, որ գրեմ, թե ինքն է այս խոսքերի
հեղինակը: Բայց խնայում եմ մարդուն: Ինչ իմանաս՝ ինչ կարող է լինել: Համագումարին
հրավիրված եւ ներկա էին ՄՀՀ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր
Լյովա Խաչատրյանը, «Գործարար» պատգամավորական խմբի գերակշիռ մասը, կոալիցիոն գործընկեր
ՀՅԴ-ն՝ Արմեն Ռուստամյանը եւ Սպարտակ Սեյրանյանը: Ներկա չէին ՄԱԿ-ը, Գագիկ Ծառուկյանը,
հասկանալի պատճառներով՝ ոչ մի ընդդիմադիր կուսակցություն: Ներկա էին գրեթե բոլոր
համայնքապետերը, մարզպետների եւ գյուղապետերի հանրապետական մասը, Արարատյան Հայրապետական
թեմի առաջնորդ տեր Նավասարդ Կճոյանը, որն էլ սկսեց համագումարը իր տերունական աղոթքով՝
առաջարկելով, որ ամենքը հոտնկայս աղոթեն, նաեւ մաղթեց. «Եվ Աստված պարգեւի խաղաղության
շնորհը, որ այն նոր հիմնադրույթները, որոնք պիտի հռչակվեն 10-րդ համագումարում, բոլորի
համար լինեն զգալի, կյանքի ակունք, եւ Աստված տա վճռականություն, որ այն մեր կյանքի
օրերում կարողանանք կյանքի կոչել»: Մեղա քեզ Տեր, բայց այս խոսքերից հետո ակամա մտածեցի՝
արդյոք տեր հայրը եւս Հանրապետական չի՞ գրվել հանուն Սերժ Սարգսյանի: Ի՞նչ
որոշեց արտահերթը Համագումարի միակ նպատակը կուսակցության կանոնադրական մեկ-երկու
փոփոխությունները օրինականացնելն էր եւ Սերժ Սարգսյանին կուսակցության ղեկավարներից
մեկը հռչակելը: Հատուկ վերջինիս համար վերականգնվեց կուսակցության «խորհրդի նախագահի»
պաշտոնը, եւ կուսակցության նորընտիր 70 հոգիանոց խորհուրդը հեռանալով դահլիճից՝ հասցրեց
բառացիորեն հինգ րոպեում երեք հարց քննարկել, եւ հարցերից մեկն էլ դա էր՝ Սերժ Սարգսյանին
կուսակցության խորհրդի նախագահ «ընտրելը»: Հինգ րոպե անց նորընտիր խորհրդի անդամներն
այնպիսի դեմքով վերադարձան դահլիճ, որ կարելի էր կարծել՝ Ստամբուլն արյան ծով էին
դարձրել առանց դաշնակցականների: Համագումարը որոշեց, որ այլեւս անկարեւոր
է իր իսկ կանոնադրության 11-րդ կետը, ըստ որի՝ հրավիրվում էին կուսակցության ներկայացուցչական
ժողովներ: Այս գործառույթը եւս կիրականացնի ընդլայնված խորհուրդը Սերժ Սարգսյանի
գլխավորությամբ: Ինչո՞ւ էր տխուր վարչապետը Վարչապետ, ՀՀԿ նախագահ
Անդրանիկ Մարգարյանի ելույթը երբեք այդքան ձանձրալի եւ ոչինչ չասող չէր եղել: Ասաց,
որ իր ամենամեծ ցանկությունը այն է, որ «Հայաստանում ոչ մի կառավարություն այլեւս
չմտածի նախորդից ստացած ծանր ժառանգության մասին, այլ՝ պետականության պատին եւս մի
քար ավելացնի»: Ավելի երկար խոսեց Ղարաբաղի հարցի շուրջ եւ ասաց, որ Հանրապետականի
դիրքորոշումը չի փոխվել եւ լուծումները պետք է լինեն հասարակության համար ընդունելի:
Նորընծա հանրապետականների մասին վարչապետը ոչ մի խոսք չասաց՝ ավելի շատ փորձելով
խոսել կուսակցական խնդիրներից: Նորերի մասին խոսեց ԱԺ նախագահ, կուսակցության փոխնախագահ
Տիգրան Թորոսյանը, ով էլ հենց սկզբից հայտարարեց, որ իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ
առկա տարաձայնությունների մասին լուրերը չափազանցված են, հավելեց, որ իրենք դեռ երկար
ճանապարհ ունեն անցնելու: Այդ խոսքերի պահին Սերժ Սարգսյանը քթի տակ ծիծաղում էր:
Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ այսպիսի գործընթաց մեկ անգամ արդեն հանրապետականն
անցել է 1998-ին. «Ուզում եմ հիշեցնել (խոսքը Վազգեն Սարգսյանի եւ երկրապահների՝
Հանրապետականի կողքին կանգնելու մասին է- Մ. Ե.), որ այն ժամանակ էլ տարատեսակ գուշակություններ
էին հնչում, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ գործընթացը միայն ամրապնդեց կուսակցությունը»:
Ասաց, որ չի բացառում մարտահրավերները, սակայն հայտարարեց, որ դրանք կհաղթահարվեն:
Խորհրդի նորընտիր անդամները Սարգսյան Սերժ, Զախարյան Երվանդ, Կիրակոսյան
Կարինե, Կարապետյան Կարեն, Հայրապետյան Ռուբեն, Ալեքսանյան Լեռնիկ, Փամբուկյան Հարություն,
Մխիթարյան Արմեն, Սարգսյան Լեւոն, Հարությունյան Համլետ, Հակոբյան Հակոբ (Ռաֆիկի),
Միքայելյան Սասուն, Բեգլարյան Գագիկ, Սեդրակյան Մհեր, մյուսները համայնքապետերն են
եւ տարածքային կառույցների ղեկավարները: Այսպիսով, մինչ այժմ 42 անդամ ունեցող խորհուրդը
դարձավ 70 հոգիանոց: Եվ այդ խորհրդի նախագահը պաշտպանության նախարարն է: Նոր ստեղծված
տնտեսագիտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար
Կարեն Կարապետյանը, իսկ գործարար-աջակցության հանձնաժողովի նախագահ՝ ԱԺ պատգամավոր
Հարություն Փամբուկյանը: Ի՞նչ կլինի վեց ամիս հետո Երկրապահական թեւի
ներկայացուցիչներից մեկը, որը եւս խիստ դժգոհ էր դեպի Հանրապետական այս հոսքից, մեզ
հետ զրույցում կանխատեսեց. «Վեց ամիս հետո էս բոլորի դիմակները կպատռվեն, այ, էն
ժամանակ կհասկանաք, թե ինչի համար են էսքան իրար անցել»: Ինչո՞ւ, ասա ինչո՞ւ
Մեր հարցին, թե ինչո՞վ է բացատրում հանրապետականացումը, մեծամասնականով ընտրված
անկուսակցական պատգամավոր Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի համար դժվար
չէր նոր կուսակցություն ստեղծելը, ի՞նչ մի խնդիր կա: Հետեւաբար, եթե քիչ թե շատ կարող
մարդիկ, ուժեր, որոնք կարող են նոր կառույցներ ձեւավորել, համախմբվում են, դա միայն
պետք է ողջունել, այստեղ բացասական բան չպետք է տեսնել»: Մեր դիտարկմանը, թե Հանրապետական
դարձողների 99 տոկոսը պատեհապաշտներ եւ սեփական շահ հետապնդող մարդիկ են, Հրանուշ
Հակոբյանը պատասխանեց. «Ես կարող եմ հետեւյալն ասել՝ որ նրանք, ովքեր 4-5 տարի պաշտպանել
են Հանրապետականի ծրագրերը, նրանց Հանրապետական դառնալը չպետք է համարել անպատեհություն,
իսկ նրանք, ովքեր նոր են գալիս, խնդիր է, որ կարելի է քննարկել»: Վարչապետի
խորհրդական, տեխնիկական գիտությունների դոկտոր Գագիկ Մարտիրոսյանին եւս հարցրինք,
թե ինչպե՞ս է վերաբերվում համատարած հանրապետականացմանը եւ արդյոք վտանգներ չի՞ տեսնում
այս գործընթացի ակտիվացումից։ «Մի շարք պատճառներ կան, որոնց դիմակայելու համար արվում
է սա, եւ որը ի վերջո բերելու է պետության հզորացմանը եւ բնակչության բարեկեցության
բարելավմանը: Կան երեւույթներ, որոնք ի վերջո ավարտվում են հասարակության համար անվտանգ,
նպաստավոր պայմաններ ստեղծելով, ցանկացած խմբավորումներ, կուսակցության շուրջ ընդլայնումներ
նորմալ եմ համարում եւ համոզված եմ՝ այս կոնկրետ դեպքով պետությունը, քաղաքական կուսակցությունները
եւ, ի վերջո, ժողովուրդը էականորեն շահելու են: Եվս մի կարճ ժամանակ, կառավարության
աշխատանքի նման տեմպի շարունակության դեպքում՝ մի չորս-հինգ տարի, պետության առջեւ
կանգնած սկզբունքային խնդիրները կլուծվեն. դա չի նշանակում, որ խնդիրները կվերանան,
բայց դրանք կդառնան տանելի»,- պատասխանեց վարչապետի խորհրդականը: 1998-ի հետ պարոն
Մարտիրոսյանը միայն մեխանիկական նմանություն էր տեսնում. «Բայց սա բովանդակային եւ
որակական առումով մեկ քայլ առաջ է: Այս նոր հզորացումը բերում է նաեւ նոր պարտավորությունների
կատարման, ինչը նաեւ վարչապետն ասաց իր ելույթի մեջ: Ի տարբերություն այն ժամանակվա,
որ բավականին մեծ մասը ընդգրկվում էր՝ չպատկերացնելով իր անելիքները, այս դեպքում
պատրաստ են, ի վիճակի են անելու եւ գիտեն, որ պիտի անեն»: Իսկ համագումարի
ողջ ընթացքում օդի մեջ թեւածող մտքին, թե գետի վարարումը կտրվելու նշան է, Գագիկ
Մարտիրոսյանը համաձայն չէր. «Կան գետեր, որոնք կտրվում են առանց վարարելու, կարծում
եմ, որ Հանրապետականը հաճախ կվարարի, բայց չի կտրվի»: Նժդեհի ոգին միշտ էլ
նրա մեջ էր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Էջմիածին) հարցրինք, թե հատկապես
ո՞ր տարիքից է իր մեջ զգացել նժդեհյան ոգին եւ ինչո՞ւ հատկապես հիմա որոշեց անդամակցել
ՀՀԿ-ին: Ասաց, որ իր հոգում այդ գաղափարախոսությունը կար դեռեւս յոթ-ութ տարի առաջ,
երբ ինքը եկավ ԱԺ: Ի՞նչ շահ, ի՞նչ բան, պատգամավորը չի էլ մտածել այդ մասին եւ կարծում
է, որ «Հանրապետականը լուրջ կուսակցություն է, եւ շահ կամ շահույթ հետապնդողները
դուրս կմղվեն քաղաքական դաշտից։ Անցումային շրջանում բոլոր պետություններում էլ եղել
են այդպիսի մարդիկ, որոնք քաղաքականությունից ոչինչ չհասկանալով զբաղվել են քաղաքականությամբ,
կարծում եմ՝ այս կուսակցությունը իր մեջ ուժ կգտնի, եւ ժողովրդին ու պետությանը ոչ
պիտանի մարդիկ կամաց-կամաց կամ իրենց հոժար կամքով դուրս կմղվեն դաշտից»: Սերժ
Սարգսյանին «գերի» էին վերցրել Համագումարից հետո լրագրողները բառացիորեն
շրջապատել էին պաշտպանության նախարարին, եւ բավականին երկար ժամանակ պարզապես նորմալ
աշխատանքային պայմաններ չէին ստեղծվում հենց մեր գործընկերների մեղքով, քանի որ ուղղակի
ոչ ոք հնարավորություն չուներ հարցեր ուղղել՝ օղակը շատ էր նեղ: Նույն այդ պահին
Անդրանիկ Մարգարյանը եւ Տիգրան Թորոսյանը հեռացան, եւ լրագրողները նրանց հետեւից
չվազեցին: Ճիշտ է, դա կարելի է բացատրել նրանով, որ վարչապետը արդեն ընդմիջմանը պատասխանել
էր հարցերին, սակայն տպավորությունը, այնուամենայնիվ, տխուր էր: Ամբողջ ընթացքում
Մերուժան Տեր-Գուլանյանը փորձում էր իր վրա հրավիրել Սերժ Սարգսյանի ուշադրությունը,
եւ մինչ լրագրողները ապարդյուն փորձում էին ինքնակազմակերպվել, Տեր-Գուլանյանը ձգվեց
նստարանների վրայով, սեղմեց պաշտպանության նախարարի ձեռքը՝ իր մուրազին հասածի դեմքով
ինքնագոհ կանգնելով նրա աչքի առաջ: «Հարգելի հանրապետականներ» «Մեր
համագործակցությունը երկար ճանապարհ է անցել եւ չնայած բազմաթիվ սադրիչների համառ
ջանքերին, մենք կարողացանք տարբերակել գլխավորը երկրորդականից, կարողացանք վեր կանգնել
մանր-մունր անձնական հարցերից եւ հաջողությամբ լուծել այն խնդիրները, որոնք դրել
էինք ինքներս մեր առջեւ: Սակայն մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները
ավելին են պահանջում: Համագործակցությունը լավ բան է, բայց մենք պարտավոր ենք միավորվել:
Հանրապետության առողջ եւ կարող ուժերը պարտավոր են համախմբվել»,- դահլիճին սա ասաց
կուսակցության նոր ղեկավարներից մեկը՝ պաշտպանության նախարարը, ԵՊՀ խորհրդի նախագահը,
Անվտանգության խորհրդի քարտուղարը: Սա սկիզբն է վերջի Համագումարը
ավարտվեց, եւ բոլորի համար միանշանակ պարզ դարձավ, որ նախագահական ընտրությունները
հնարավոր է նաեւ ժամանակից շուտ սկսվեն, իսկ որ արտաքին քաղաքական ինչ-ինչ խնդիրների
պատճառով հնարավոր է իրավիճակի կտրուկ փոփոխություն՝ ոչ մեկի համար այլեւս գաղտնիք
չէր: Մեկ ուրիշ, մեր կարծիքով, հետաքրքիր մանրամասն եւս. նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ողջույնի ուղերձ չէր հղել համագումարին եւ նախագահի ներկայացուցիչ հյուր Հանրապետականը
չուներ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ